Գայլի գլխին ավետարան կարդացողը

Գայլի գլխին ավետարան կարդացողը

«Գելի գլխին ավետարան կարդացին, ասավ՝ շուտ արեք, ոչխարը սարն անցավ»: Կարծում եմ, որ ժողովրդական այս ասացվածքը ծանոթ է յուրաքանչյուր հայի: Ես այն հիշում եմ ամեն անգամ, երբ ՀՀ վարչապետի աթոռից կառչած՝ խայտառակ պարտության խորհրդանիշ անձը փորձում է ադրբեջանցիների հետ ինչ-որ հարց լուծել հավասարության դիրքերից: Վերցնենք, օրինակ, հրադադարի ռեժիմը խախտելու հարցը: Հասկանալի է, որ «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանի» բարձր հրամանատարությամբ հայկական զինված ուժերը երբեք առաջինը չեն խախտում հրադադարը: Եվ ոչ միայն չեն խախտում, այլև շատ հազվադեպ են նույնիսկ արձագանքում (նախկինների օրոք խի՞ թենց էր): Իսկ ադրբեջանցինները ոչ միայն անընդհատ են խախտումներ անում, այլև մշտապես Հայաստանին են անհիմն մեղադրում դրա առումով: Իսկ ի՞նչ է մնում «մեծարգո վարչապետին»՝ եթե ոչ «գայլի գլխին ավետարան կարդալը»:

Տվյալ դեպքում դա ընդունում է «հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ» ստեղծելու առաջարկի տեսք: Ինչը նշանակում է, որ Ալիև Իլհամի հրամանով թշնամի երկրի զինվորները հա՛մ հրադադարի ռեժիմ են խախտելու, հա՛մ էլ «պարոն Փաշինյանի» ներկայացուցիչների հետ դրա առնչությամբ հետաքննություն են անցկացնելու: Եվ այդ հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները հերթական անգամ իրենց որպես մեխի գլուխ են զգալու: Հասկանալի է, որ «պարոն Փաշինյանն» այլընտրանք չունի ու կախվում է փրփուրներից: Ու նույնիսկ կարևոր էլ չէ, թե գիտակցում է արդյոք ինքը, թե ինչ վիճակում է հայտնվելու հայկական կողմը: Կարևորն իր համար դրա փիառ բաղադրիչն է լինելու: Եթե վեց տարի շարունակ երկիրը «կառավարվել» է փիառով, ապա ինչո՞ւ չի կարող այն շարունակվել: 

Բայց «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանի» առաջարկում առկա է մեկ այլ գործոն, որը ենթադրաբար հաշվի չի առնվել. դա եվրոպական դիտորդների առկայության հանգամանքն է: Եթե նրանք տեղակայված են Հայաստան-Ադրբեջան ողջ սահմանի երկայնքով, ապա ո՞րն է նրանց գործառույթը՝ եթե ոչ հրադադարի ռեժիմի խախտումները դիտարկելը: Ու այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի դիտարկման մեկ այլ մեխանիզմի ստեղծումը: Չմոռանանք, որ եվրոպական դիտորդների գալը սվիներով դիմավորեցին Ռուսաստանն ու Իրանը: Եվ եթե ՀՀ վարչապետի աթոռից կառչած՝ խայտառակ պարտության խորհրդանիշ անձի անիմաստ առաջարկը կյանքի կոչվի, ապա դա հերթական անգամ ինչպիսի ազդեցություն կունենա այդ երկու երկրների ղեկավարության վրա: Մի խոսքով, երկիր չէ, այլ իսկական կրկես: Ու մենք՝ Հայաստանի գրագետ ու հայրենասեր քաղաքացիներս, պետք է անընդհատ մեզ զգանք որպես Փաշինյան Նիկոլի վարչապետությամբ գործող կրկեսի դերասաններ: Ինչից ազատվելու մեկ մեկ տարբերակ կա. վարչապետի պաշտոնից այդ անձին հեռացնելը:

Վերջաբանի փոխարեն. Պարզվում է, որ անհեթեթությունը կարող է այն աստիճանի հասնել, որ արտաքինից կարծես թե ադեկվատ անձինք տարվեն դրանով: Եթե ոչ դա, ապա ուրիշ ինչ բնորոշում կարելի է տալ Նիկոլի առաջարկը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից ողջունելուն, ինչն արվել է վերջինիս X սոցիալական ցանցում: