Սևաստոպոլի «արյունալի» կիրակին. ՌԴ-ն սգում է և դատապարտում Կիևին ու ԱՄՆ-ին

Գրել էինք, որ այսօր Ուկրաինան հարվածներ է հասցրել Սևաստոպոլին, ինչի հետևանքով զոհեր և բազմաթիվ վիրավորներ կան:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:15-ին կանխամտածված ահաբեկչություն է իրականացվել Սևաստոպոլ քաղաքի վրա ամերիկյան հինգ օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռներով՝ հագեցած կասետային մարտագլխիկներով։ Հրթիռային հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել է չորս հրթիռ։
Հինգերորդ ամերիկյան հրթիռի բեկորային մարտագլխիկի պայթյունն օդում հանգեցրել է բազմաթիվ զոհերի Սևաստոպոլի խաղաղ բնակիչների շրջանում։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել և տարբեր ծանրության վիրավորում է ստացել 124 մարդ: Նրանցից 27-ը երեխաներ են, որոնցից 5-ի վիճակը ծանր է. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Բացի այդ, ուկրաինական բանակի վերջին հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5. նրանց թվում երկու երեխա կա։
Վաշինգտոնը պատասխանատու է Սևաստոպոլում խաղաղ բնակիչների վրա հրթիռային հարձակման համար, քանի որ ամերիկյան ATACMS հրթիռների բոլոր թռիչքները մուտք են արվում ամերիկյան մասնագետների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների թռիչքային առաքելությունները մուտքագրվում են ամերիկացի մասնագետների կողմից՝ հիմնվելով ԱՄՆ արբանյակային հետախուզության տվյալների վրա, ուստի Սևաստոպոլում խաղաղ բնակչության վրա կանխամտածված հրթիռային հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Վաշինգտոնը»:
ՌԴ ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։
Վաղը` հունիսի 24–ին, Սևաստոպոլում սգո օր է հայտարարվել` ի հիշատակ ուկրաինական զինված ուժերի հարձակումից զոհվածների, այս մասին էլ հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում:
«Այսօր տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Սևաստոպոլում վաղը՝ հունիսի 24-ին, սգո օր է հայտարարվել: Սևաստոպոլում չեղարկվելու են բոլոր մշակութային, սպորտային և այլ հանրային միջոցառումները»,–ասված է Ռազվոժաևի հայտարարության մեջ։ Նա նշել է, որ պետական և քաղաքային հիմնարկների շենքերի դրոշները կխոնարհեն։
Կարծիքներ