Էրդողանը «կանաչ լույս վառեց» ընդդիմության համար. ի՞նչ են որոշել

Էրդողանը «կանաչ լույս վառեց» ընդդիմության համար. ի՞նչ են որոշել

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը շուտով կհանդիպի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) փոխնախագահ Յալչին Կարաթեփեի հետ, որը պատասխանատու է գանձապետարանի և ֆինանսների համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

CHP-ի պատվիրակության կազմում կլինեն կուսակցությունը ներկայացնող ևս երկու տնտեսագետներ՝ գլխավոր քարտուղար Սելին Սայեկ Բեկեն և փոխնախագահ Վոլքան Դեմիրը։ Պատվիրակությունը պատրաստել է հաշվետվություն. դրանում ներառված են հարկային բարեփոխումների փաթեթի վերաբերյալ առաջարկություններ, որի վրա ներկայումս աշխատում է կառավարությունը։
CHP-ի պատվիրակության ղեկավար Յալչին Կարաթեփեն պահանջելու է նվազագույն աշխատավարձի բարձրացում գոնե հուլիս ամսվա գնաճի ցուցանիշը հաշվի առնելով։ Կքննարկվի նաեւ կենսաթոշակների բարձրացման առաջարկը։

Հանդիպմանը CHP-ի ներկայացուցիչները կբարձրացնեն նաև գյուղատնտեսության աջակցությանը, բարեկեցության հիմնադրամին և այլ օրախնդիր ոլորտներին վերաբերող հարցեր։
CHP-ի պատվիրակության հետ հանդիպելու Շիմշեքի որոշումը կայացվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և CHP-ի նախագահ Օզգյուր Օզելի հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի պատվիրակությունն արդեն հանդիպել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օզհասեքիի հետ։