Հասկացությունների իմաստախեղումներ. Դավաճան, դավաճանը դու ես, տատդ ա, մերդ ա, մորքուրդ ա

Հասկացությունների իմաստախեղումներ. Դավաճան, դավաճանը դու ես, տատդ ա, մերդ ա, մորքուրդ ա

ՔՊ-ն հեռանում է։ Մի շտապեք ուրախանալ։ Դա զուտ իմ անձնական ենթադրությունն է` կատարված որոշ մարդաբանական դիտարկումների հիման վրա։ Բագրատ սրբազանի շարժման հետ համագործակցության միջոցով քաղաքական դաշտը լքելը` իրենց համար լավագույն տարբերակը կարող է լինել։

Եթե ինչ-ինչ պատճառներով շարժումը չհաջողի, ապա հեռանալու են վերահաս աղետից մի քանի ժամ առաջ` չմոռանալով «ազնվորեն» հայտարարել սեփական հրաժարականի մասին, թողնելով Հայաստանի քաղաքացիներին կոյուղաջրային քաոսի մեջ։ Չգիտեմ, թե քանիսը կկարողանան կառավարական ինքնաթիռի թեւերից մի կերպ կառչած հեռանալ, բայց չէի նախանձի նրանց, ովքեր չեն հասցնի լքել հանրապետության տարածքը։ Սա գուշակություն չէ։ Ուղղակի կպչուն մտքերն ու անընդհատ կրկնվող բառերը իրականանալու միտում ունեն (այդ մասին` երկրորդ իմաստախեղմանը վերաբերող բաժնում):

Գլխավորը` երկրորդականից չտարբերակելը, կարեւորը` անկարեւորի հետ հախուռն պոռթկումի ժամանակ նույնականացնելը, պատճառահետևանքային կապերի իսպառ արհամարհումը, որը նպատակային կատարվում է որոշ ազգընտիրների կողմից (սա թացը չորի հետ խառնելու հատուկ տեխնոլոգիա է), այս քաղաքական ուժի այցեքարտն է։ Նրանք հաճախ տառապում են հիշողության կորստով (ամնեզիա)։

1. Առաջին իմաստախեղում.

Վերնագրենք որպես` Մի երգի պատմություն։

Երգը հեղինակվել էր էժանագին տեղական աշուղների կողմից, 44-օրյա ողբերգական դեպքերից հետո։ Ինձ թույլ չեմ տա արտաբերել բնագրային անվանումը, բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսք գնում, կտամ դրա ազատ, բայց իմաստային թարգմանությունը, ժամանակակից երեւանյան լեզվով. «Բայց էդ ո՞նց էղավ, Փ...» կամ «Բա ասում էիր, Փ...»:
Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու մոտ ընթացող հավաքի ժամանակ արտահայտել էր իր հոգու խռովքը (համոզված եմ` նույն զգացմունքները կիսում է ամբողջ հայությունը), որն առաջացել էր մի տեսահոլովակի դիտումից հետո, որտեղ թշնամի երկրի ղեկավարը, մեքենայի մեջ` ղեկի վրա դհոլ է խփում, այդ արդեն, տվյալ երկրում ժողովրդական դարձած երգի հնչյունների ներքո։

Հաջորդ օրը, նույն վայրում, բոլորի ներկայությամբ Բագրատ սրբազանը ներողություն խնդրեց այդ ոչ ճշգրիտ տեղեկատվության համար։ Պարզվեց, որ «կատաստրոֆիկ սխալը» վերաբերում էր կոնկրետ այդ տեսահոլովակին, որը տեղեկատվական փորձագետների կարծիքով` նույնական չէր։
Ու սկսվեց... Հասե'ք, ճանկե'ք: Խաբու'մ են, տանու'մ են։ «Սուտը» բռնե'լ ենք: Սուտը, սուտը, սուտը... Միայն ազգընտիրներից մեկը կարողացավ գտնել իր մեջ «հոգեկան կորով» ու մի թուլ բերան նշել, որ «հանուն արդարության» պետք է ասել, որ իրեն սրբազան ներկայացնող անձը, այս «ծայրագույն մեղքի»` ստի, ստի ու ևս մի անգամ` ստի համար, կարողացել է իր մեջ ուժ գտնել ու ներողություն խնդրել։

Էլեկտորատը ցնծում է` գլուխն է տարուբերում ու լեզվով ծտծտացնում է։ Եւս մի կեղծիք չեզոքացվեց։ Եւս մի սուտ քողազերծվեց։
Եւ ոչ ոք չմտածեց, որ արդեն մոտավորապես չորս տարի է, որ սահմանակից երկրում բոլոր «ուրախ» միջոցառումների «մեխը» հենց այդ «երգն» է: Գյուղական հարսանիքներում ու այլ միջոցառումների ժամանակ թքոտած` երաժիշտների ճակատներին զարդաշարանի նման կպցրած մանաթներով (տեղական տարադրամ) չափորոշվում է այս «երգի» ժողովրդականությունը։
Պարզ բառերը հարմար են հիշելու և երաժիշտներին երգակցելու առումով, իսկ ռիթմը` երգելու հետ միասին պարային շարժումներ ու աշխուժ ցատկումներ կատարելու համար։ Սա` ինչ վերաբերում է գյուղերին։

Հա, չմոռանամ, քանի որ խոսք գնաց գյուղերից։ Հարսին` հայրական տան շեմից դուրս բերելու պահին պարտադիր (իսկ գուցե դա փեսայի տան շեմն է։ Ներողություն եմ խնդրում հավանական ընթերցողից` այս կարեւոր նրբությունը ճշգրտված չէ), զույգերը պետք է անցնեն Հայաստանի ազգային դրոշի վրայով (ավելի ժիր առանձնյակները նույնիսկ ոտքերը մաքրելու ուրախ իմիտացիա են անում):
Մեծ քաղաքներում մի քիչ այլ է։ Հարուստ միջոցառումներում հատուկ շիկ է երգը պատվիրել դոլարով կամ եվրոյով։ Սկզբնական շրջանում` գումարը երաժիշտներին փոխանցվում էր մատուցողների միջոցով։ Ավելի թարմ տեսահոլովակներում` փոխանցումը կատարվում է հիմնականում ուրախությանը մասնակից երեխաների միջոցով։ Ասում են, որ նման արմատական փոփոխությունների պատճառը` որոշ վայ մատուցողների պահվածքն է եղել։ Երգի պատվիրատուից մինչև երաժիշտներին հասնելու ճանապարհին, նրանցից շատերը ճարպկորեն փոխարինում էին մեծ նոմինալով թղթադրամները` (տրյուկը կոչվում է «կուկլա») ավելի փոքր նոմինալի թղթադրամներով, որն էլ առաջացնում էր երաժիշտների արդարացի ցասումը։

«Երգով» լցված է նաեւ փողոցը։ Այն հորդում է մեքենաների բաց պատուհաններից` հնչեղության ու բասերի տարբեր չափաբաժիններով։
Իհարկե` ներողություն եմ խնդրում ընթերցողից նման մանրամասների համար։
Իսկ ովքեր կասեն, որ այս ամենը լկտի սուտ է, իմ պատասխանը նրանց կլինի շատ կարճ. Յութուբը ձեզ օգնական:

Մի խոսքով, իմ համեստ կարծիքով, ներողություն խնդրելու ոչ մի պատճառ չկար։ Այս դեպքում, կարելի է ասել` ցավոք սրտի։

2. Երկրորդ իմաստախեղում.

Վերնագրենք որպես` Սոֆիա-Եվլախ, կամ հայրենիքից-պետություն տրանզիտ, կամ էլ` բա դու, բա ես։

Տրամաբանության վերաբերյալ բազմաթիվ հրաշալի հումորներ կան, որոնք հիմնված են պարադոքսալ սիլլոգիզմների վրա։ Բայց այս թեմայով կատակելու ցանկություն չկա։
ՔՊ-ականները գործում են շատ պարզ մեխանիզմով, որը կոչվում է «բա դու', բա ես...»: Ինչ իրենց ասում են` նրանք նույնատիպ պատասխանով վերադարձնում են (իմա` աբառոտկա են ֆռռում)։
Օրինակ.- սա ի՞նչ տգիտություն է: Պատասխան.- տգետը դու ես։ Կամ` տգետը պապդ ա։
Օրինակ.- դավաճան։
Պատասխան.- դավաճանը դու ես։ Որոշ դեպքերում ` դավաճանը տատդ ա, մերդ ա, մորքուրդ ա և այլն։ Տարբերակները շատ են։
Օրինակ.- դուք հանձնեցինք Արցախը։

Այս հարցադրմանը, ՔՊ-ականները սկզբնական շրջանում պատասխանում էին վախվորած և հեղհեղուկ։ Բայց որոշ ժամանակ անց` մի քանի անգամ վարչության նիստեր անելուց հետո` երգչախումբը հնչեցրեց նոր կանտատա` ձայնային հստակ դերաբաշխումներով։ 

Օրինակ` բասեր. - ինչու՞ չգնացիք Սոֆիա։

Բարիտոններ. -լավ, գլուխներդ քարը, բա Եվլա՞խը։
Սոպրանոներ.- այ, եթե չհեռացնեիք ընտրյալին։
Բասեր.- ինչուուու, ինչուուու հանձնեցիք։
Ձայներն արձագանքում են։
Տենորներ (երազկոտ մինորային).- այ, եթե։ Բա ինչո՞ւ: Ախր ո՞նց։
Սոպրանոներ (լալահառաչ).- բերեցիք կեղծին, անօրենին։
Եւ այստեղ միանում է ինքը` դիրիժորը (կոնտրտենոր).- դուք ասացիք կեղծի՞ն, կեղծի՞ն։
Երգչախումբը (հանդիսավոր).- եղծի'ն, եղծի'ն։
Վերջում լսվում է ուղղաթիռի շարժիչի հեռավոր ձայնը։
Յուրաքանչյուր հերթական կատարումն ավելի ու ավելի հնչեղ, գունագեղ ու համոզիչ է դարձնում նորաստեղծ կանտատան։
Պատճառահետևանքային կապերը մերժված են։
Անընդունելի է հետադարձ հայացքը։ Օրինակ` 2023 թվական, 2022 թվական, 2021 թվական, 2020 թվական, 2019 թվական, 2018 թվական և վերջապես 2017 թվական.....
Առաջընթացն անկասելի է։ Առաջ, միայն առաջ։
Այս անգամ ոչ թե ուղղաթիռով, այլ ինքնաթիռով։

Անշեղորեն, թռիչքաձև դեպի նոր ապագա, որը եթե մի երկու տարի էլ այսպես կարողանանք ձգել` անկասելիորեն գալու է և ի՞նչ տարբերություն, թե որ մայրցամաքում և որ երկրում։ Կարեւորը, որ դա լինի կայացած, հարուստ պետություն։ Իսկ Հայրենի՞քը։ Դա ցնորք է, եթեր...

3. Երրորդ իմաստախեղում.

Վերնագիրը որպես` Ա'յ քեզ բան կամ երեւանյան լեզվով ` արա, էս դուք ո՞վ եք էղել, վաբշե։

ՔՊ-ականները տենչում են հարաբերվել բացի իրենց «մարգարեից», նաև Աստծո հետ։ Դե ի՞նչ։ Ամեն ինչ «տրամաբանական» է։ Ժամանակի ընթացքում «լեվըլը» պետք է բարձրացնել։
Մի խոսքով ` Բագրատ սրբազանի կողմնակիցների Սուրբ Աննա եկեղեցու երեկոյան հանդիպումները, խանգարում են աշխատանքային օրվա ավարտին հոգեւոր շփումներ ունենալ բարձրյալի հետ։ Պատմել նրան իրենց իղձերի, հաջողությունների մասին և ինչու ոչ` մեկ-մեկ էլ ապաշխարել (սա պարտադիր պայման չէ. ըստ ցանկության):

Ինձ թվում է, որ նման սուրբ նպատակի իրագործման համար կարելի է ամեն առավոտ (աշխատանքային օրվա սկզբին) և երեկոյան (բազմաչարչար ծառայության ավարտին) բացել հումանիտար միջանցք` Հայ առաքելական եկեղեցու ՔՊ-ական հետեւորդների և կառավարության անդամների համար։

Բայց։ Բայց... Որպեսզի վերցված պարտավորությունը նրանք ազնվորեն կատարեն և միջանցքը դատարկ ու որբ տեսք չստանա, առաջարկում եմ նրանց կանխավ անցնել երդմնակալության արարողության ընթացակարգով։ Որն է` երդվել «մարգարեի» ինտելեկտուալ վերնագրով «Նոր գրքի» վրա (Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի մասին է խոսքը` խմբ.), որն ամենայն հավանականությամբ անգլիական Pink Floyd խմբի, որը ինտելեկտուալ ռոքի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, հանրահայտ սկավառակի ազատ թարգմանությունն է։ Այն կոչվում է այսպես. The Dark side of the Moon, ինչը կարելի է թարգմանել որպես` Լուսնի մութ կողմը։ Իմաստային` մութ բառը կարելի է թարգմանել որպես` հակառակ։

Այս գործողությունն իրականացնելուց և սրբազանի... Ներողություն ` «մարգարեի» թաթիկը համբուրելուց հետո «կորիդորի» հարցը կարելի է լուծված համարել։
Այսքանը...

Աշոտ Նազարյան