Երբեմն օտարներն ավելի հայ ենք, քան ՔՊ-ականները

Երբեմն օտարներն ավելի հայ ենք, քան ՔՊ-ականները

2018-ի գարնանը տեղյակ չէինք, որ Սերժի հետ միասին «իզմերը» մերժող քպկականները մերժելու են նաև հայրենասիրությունը, պատմական հիշողությունը, եկեղեցին և այլն: Մի խոսքով, այն ամենը, ինչն ընկած է հայապահպանության հիմքումը: Ենթադրում եմ, որ եթե 2018-ին Նիկոլը կրկներ 2008-ին ընտանեկան թերթում մաս առ մաս հրապարակված «քերթվածքի» դրույթները, ապա մեզանից շատերը երկար կմտածեին նրա շարժմանն աջակցելուց առաջ՝ որքան էլ անընդունելի լիներ նախորդների իշխանությունը: Եվ «դուխով» Նիկոլը չէր ունենա այն հսկայական աջակցությունը, որը հանգեցրեց իշխանափոխության:

Ինչևէ, նախքան օտարներին անցնելը մեկ-երկու խոսք գրագիտության մասին: Նախորդ դարի 70-ականներին ծնված սերնդի բախտը չբերեց: Արցախյան առաջին պատերազմին ուղեկցած ցուրտն ու մութն այն պայմանները չէին, որ ուսման ծարավ գեներացնեին ու գիրք կարդալը հրապուրիչ դարձնեին: Չգիտեմ, տասից թե հարյուրից մեկն էր, որ ստիպում էր իրեն պարապել մոմի լույսի ներքո ցուրտ սենյակում: Վստահաբար, վեց տարի՝ դրան գումարած պատերազմի խայտառակ պարտությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն այդ մեկը չէր: Սրան էլ գումարած բուհական կրթությունը կիսատ թողնելու հանգամանքը: Պաշտոնական կենսագրության մեջ ասվում է, որ դա տեղի է ունեցել գործող իշխանությանն ընդդիմանալու պատճառով: Բայց, նախ, ես չգիտեմ, մի ուրիշ անձի, որ այդ պատճառով է թողել ուսումը: Երկրորդ, եթե այդ երիտասարդն սկզբունքային ընդդիմադիր էր, ապա ինչպես ստացվեց, որ կարճ ժամանակ անց, որպես լրագրող, դարձավ ժամանակի իշխանության «գործիքը»:

Ինչևէ, զգալով կրթության պակասը՝ վերջինս փորձեց դա լրացնել ինքնակրթությամբ: Բայց այն դրականի հետ միաժամանակ ունի նաև բացասական կողմ: Դա այն է, որ դրան դիմող մարդու մոտ չի ձևավորվում այս կամ այն ոլորտի առումով համակարգային մտածողություն կամ մոտեցում: Դա՝ մեկ, և երկրորդ՝ այդ ճանապարհով ձեռք բերված գիտելիքները սովորաբար լինում են մակերեսային: Դրա վկայությունն էր, օրինակ, եկեղեցու դեմ պայքարում ինքն իրեն Պապ թագավորին նմանեցնելը: Ինչը սրվեց հատկապես Բագրատ սրբազանի կողմից առաջնորդած շարժման ուժգնացմամբ: Բավարար էր վերլուծաբան Ստեփան Դանիելյանի մեկ էջանոց ֆեյսբուքյան գրառումը  կարդալ, որպեսզի պարզ լիներ, թե գիտելիքների առումով որքան բոբիկ է վարչապետի աթոռից կառչած անձը:

Իսկ եթե «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանը»՝ ինչպես իրեն են դիմում սեփական օգտագործման ուսապարկերն ու իշխանության միջանցքներում, չի փայլում հայ ժողովրդի պատմության իմացությամբ, ապա ինչպես կարող է «փայլել» քաղաքագիտության և պետական կառավարման բնագավառներում: Այդպես լինել ուղղակի չի կարող: Ու հենց այդտեղից՝ դրան գումարած պարտության խորհրդանիշ անձի քարոզչական «կրուտիտները», են գալիս դիվանագիտական ոլորտի մեր բոլոր պարտություններն ու ձախողումները: Եվ հենց այստեղ է բացահայտվում, որ առանձին օտար գործիչներն ավելի են մտահոգված մեր խնդիրներով, քան «մեծարգո» վարչապետ կոչեցյալը: Եվ կրկին՝ նրան անընդհատ աջակցող ու նաև քծնող՝ նրա շրջապատը:

Այդ օտար գործիչներից մեկը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերն էր, ով մայիսի 22-ին ելույթ ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից։ Ի դեպ, «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանի» կողմից ԱԺ նախագահ կարգված Սիմոնյան Ալենը պարոն Վիզլերի՝ ՀՀ ԱԺ-ում ելույթ ունենալու հանգամանքը որակել էր որպես աննախադեպ իրադարձություն: Ասեմ, որ եթե Ալենը նախապես իմանար շեշտադրումների մասին (կարծում եմ, որ ելույթի թեման համաձայնեցված է եղել), ապա վստահաբար ամեն ինչ կաներ, որպեսզի այդ աննախադեպ իրադարձությունը տեղի չունենար: 

Պարոն Վիզլերը ծանր սրտով խոսել է նախորդ տարվա Լեռնային Ղարաբաղի ողբերգական իրադարձություններից՝ հայաթափումից և Հայաստանի հին մշակութային արժեքների ջնջման հեռանկարից: Նա արձանագրել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության հանգամանքը՝ նշեով, որ պատմական ճշմարտության հիշողությունը և ճանաչումը կարևորագույն գործոններ են ապագա կառուցելու տըեսակետից: Բանախոսի կողմից շեշտվել է քաղաքական գործընթացների շարունակման անհրաժեշտությունը, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը: Ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր ուժ ունեցող, 2023 թ․ նոյեմբերի 17-ի որոշման իրականացումը: Որով պետք է ազատ արձակվեն Բաքվի բանտերում պահվող բոլոր ռազմագերիները և համապարփակ տեղեկատվություն տրամադրվեր անհետ կորած անձանց վերաբերյալ: Պարոն Վիզլերը նշել է Պատգամավորների պալատի կողմից 1994 թվականի զինադադարը խախտող ռազմական գործողությունների, ինչպես նաև այդ երկրին Թուրքիայի ռազմական աջակցության դատապարտումը: 

Այսինքն,  Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով արձանագրել է այն ամենը, ինչը ոչ միայն չի արվում նիկոլական իշխանության կողմից, այլ արվում է դրա ճիշտ հակառակը: Որովհետև Նիկոլը վերջապես ազատվել է արցախյան «բեռից» և հանգիստ սրտով փորձում է «նյութական պետություն կերտել»: Առանց գիտակցելու, որ չի կարող գոյություն ունենալ զուտ «նյութական պետություն»: Եվ ի՞նչ, կհարցնի ընթերցողը, Կլոդ Վիզլերի բանախոսությունը մեզ համար կմնա ընդամենը որպես սրտի սփոփա՞նք: Պատասխանեմ՝ եթե մենք այս անգամ էլ չկարողանանք երկիրն ազատել Փաշինյանի «մեծարգո» վարչապետությունից, ապա տեղի կունենա հենց դա: Բայց ես սովոր եմ լինել լավատես ու կարծում եմ, որ կհաղթանակի իմ լավատեսությունը: Ի դեպ, պատանի ու երիտասարդ տարիքով ես ունեցել եմ ճիշտ դրա հակառակ դիրքորոշումը: Բայց հասկանալով դրա սխալ լինելը՝ տարիների ընթացքում, համառ աշխատանքի շնորհիվ ինքս ինձ դարձրել եմ լավատես: Որովհետև հենց լավատեսն է զարգացնում թե՛ սեփական երկիրը և թե՛ աշխարհը: