Աշխարհն անկախ Պաղեստինի կողքին է, բայց չընդունեց Արցախի անկախությունը

Աշխարհն անկախ Պաղեստինի կողքին է, բայց չընդունեց Արցախի անկախությունը

Եվրոպական երեք առաջադեմ երկիր երեկ հայտարարեցին Պաղեստինի անկախությունը ճանաչելու մտադրության մասին։ Իսպանիան մայիսի 28-ին կճանաչի Պաղեստին պետության անկախությունը՝ հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը, ելույթ ունենալով Մադրիդում Իսպանիայի պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում)։ «Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իսպանիան Նախարարների խորհրդում կհաստատի Պաղեստին պետության ճանաչումը»,- ասել է Սանչեսը։

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը եւս տեղեկացրել է, որ իր երկիրը որոշել է ճանաչել Պաղեստին պետության անկախությունը։ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու մասին՝ հաղորդում է NRK հեռուստաալիքը։ Եվ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։

Ակնհայտ է, որ այս ամենն արվում է ի նշան Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ռազմական գործողությունների դեմ բողոքի։ Եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան եւ Շվեդիան։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը ճանաչում է Պաղեստինը որպես անկախ պետություն։ 1974 թվականին ՄԱԿ-ը վերահաստատեց Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման, ազգային անկախության, ինքնիշխանության եւ փախստականների վերադարձի անօտարելի իրավունքները։ 1988 թվականին հռչակվեց Պաղեստին պետությունը, որը մասամբ ճանաչված է։

Ինչպես ենթադրվում էր, Իռլանդիայի, Իսպանիայի եւ Նորվեգիայի պաղեստինամետ որոշումները հարուցել են Իսրայելի իշխանությունների լուրջ զայրույթը։ Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հետ է կանչել Իռլանդիայում եւ Նորվեգիայում դեսպաններին՝ խորհրդակցությունների համար, կապված Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու այս երկրների որոշման հետ։ «Ես հստակ ուղերձ եմ հղում Իռլանդիային եւ Նորվեգիային. Իսրայելը թույլ չի տա, որ դա հանգիստ անցնի»,- ասել է Կացը՝ նախազգուշացնելով կոշտ միջոցների մասին, եթե Իսպանիան «հետեւի Իռլանդիայի եւ Նորվեգիայի օրինակին»:

Հաճախ են զուգահեռներ տարվել Պաղեստինի եւ Արցախի ճակատագրի միջեւ․ երկու պետություններում էլ լրջագույն եւ սրբազան պայքար է ընթացել ինքնորոշման, ազատության, անկախության անօտարելի իրավունքների համար։ Ողջամիտ է, որ Գազայում հրեական պետության ռազմական գործողությունները դատապարտվում են եւ ուղեկցվում առարկայական քայլերով։ Հատկանշական է նաեւ, որ ՄՔԴ-ն հայտարարել է Իսրայելի (նաեւ ՀԱՄԱՍ-ի) առաջնորդների ձերբակալման օրդեր պահանջելու մասին։ Այսինքն, միջազգային հանրություն կոչվածն այսօր կանգնած է Պաղեստինի ու պաղեստինցիների կողքին, որոնք, ինչպես ժամանակին Արցախն էր, պատերազմի ու շրջափակման մեջ են եւ կենաց-մահու պայքար են մղում անկախության համար։ Բայց էլի գործ ունենք աշխարհի երկակի չափանիշների հետ։ Երբ Ալիեւի բարբարոս ռեժիմը 2020-ի սեպտեմբերին հարձակվեց Արցախի վրա՝ ունենալով Թուրքիայի ուղղակի աջակցությունը եւ հենվելով դաշնակից տարբեր երկրներից հավաքագրված վարձկան ահաբեկիչների վրա, թիրախավորում էր քաղաքացիական ենթակառուցվածքներն ու անթույլատրելի զինատեսակներով սպանում խաղաղ արցախցիներին, մեծ հաշվով, ի՞նչ արեց նույն միջազգային աշխարհը։ Ասում եմ՝ մեծ հաշվով, ըստ էության, նկատի ունենալով Բաքվին՝ դատապարտող հայտարարություններից ու հակամարտությունը դադարեցնելու դեկլարատիվ ու ձեւական կոչերից անդին։

Արցախյան 44-օրյա պատերազմի, 2022-ի շրջափակման ու 2023-ի չարաբաստիկ բռնի տեղահանության եւ հայաթափման ժամանակ ի՞նչ խոսեց գլոբալ աշխարհը, աշխարհի գլխավոր խաղացողները՝ կրկին դատապարտող հայտարարություններից զատ։ Մի՞թե հնարավոր չէր հենց 2020-ի ճակատագրական պայքարի պահին ճանաչել Արցախի անկախությունն ու մեծացնել ճնշումը թուրք-ադրբեջանական արյունարբու տանդեմի վրա։ Մի՞թե հնարավոր չէր դա անել նույն 2022-ին եւ 2023-ին, երբ բնաջնջվում ու հայաթափվում էր Արցախը, թե՞ մեր հացի մեջ աղ չկա։ Այդ նույն միջազգային հանրությունը ոչ միայն անտեսեց, աչքաթող արեց Արցախի հայաթափումը, այլեւ այսօր ջերմացնում է հարաբերությունները Ալիեւի ու նրա բռնապետական ռեժիմի հետ։ Դրա մասին են վկայում մի շարք գործիչների ինտենսիվ այցելությունները Բաքու, որոնք ուղեկցվում են փոխշահավետ համագործակցության եւ հավատարմության մասին երդումներով։ Դատապարտողից դարձան գործընկերնե՞ր։

Այսպես է լինում, երբ զոհին ու դահճին հավասարեցնում, համահարթեցնում են՝ օրհասական պահին երկուսին էլ կոչ անելով զսպվածության։ Իսկ Պաղեստինի օրինակն աղոտ հույս է տալիս, որ Արցախ վերադարձ լինելու է, եւ անկախ Արցախ լինելու է․․․