Երեկ տեղեկության տարածվեց այն մասին, որ մայիսի 21-ի երեկոյան հրկիզել են Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի անվամբ գրանցված մեքենան։ Ոստիկանությունն առաջ էր քաշել մտադրված ձևով մեքենան հրկիզելու մասով վարկածը։ «Հրապարակի» հետ զրույցում Կապանի համայնքապետն ասաց, որ հրկիզողին հայտնաբերել են։
«Հրկիզողը 40-ն անց տղամարդ է, ով որոշակի խնդիրներ ունի, ոչ այնքան հավասարակշիռ պահվածք»,-ասաց Փարսյանը։
Պարզվում է, Փարսյանի մեքենան հրկիզող տղամարդը հոգեկան ոչ հավասարակշիռ վիճակում է գտնվում, և համոզված է, որ Կապանի քաղաքաշինական վարչության հետ չլուծված խնդիրներ ունի։ Փարսյանը, սակայն, տեղեկացրեց, որ այդ խնդրի լուծումը վաղուց է տրվել։
Փարսյանը նշեց, որ չգիտի, թե ինչ որոշում կկայացնեն իրավապահները, սակայն ինքը չի պատրաստվում այդ մարդու դեմ բողոք ներկայացնել։
Հարցին, իսկ վնասված մեքենայի մասով փոխհատուցում պատրաստվում է պահանջել, ասաց․ «Իհարկե ոչ»։