Չէ՜, չե՛նք խաչվելու՝ ի հեճուկս Հուդայի․․․

Չէ՜, չե՛նք խաչվելու՝ ի հեճուկս Հուդայի․․․

Ազգովի կանգնած ենք Գողգոթայի ճանապարհին։ Գողգոթան կառափնարանը, տանջարանն է։ Հիսուսը մահացավ  Գողգոթայում․ 

«Հիսուսին տարան Գողգոթա կոչված վայրը, նրան գամեցին ցցին և այն ուղիղ կանգնեցրին։ Հիսուսը աղոթեց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»։ Մարդիկ ծաղրում էին Հիսուսին և ասում. «Եթե Աստծու Որդի ես, ցա՛ծ իջիր ցցից։ Փրկիր ինքդ քեզ»։

Նիկոլ Փաշինյանը հայ ազգին կանգնեցրել է Գողգոթայի առաջ։ Հայ ազգ ասելով ես նկատի ունեմ բոլոր խավերին՝ և՛ հասարակ քաղաքացուն, և՛ հոգևորականությանը, և հերոսներին, և՛ ոստիկանությանը, և՛ ուժայիններին, և՛ գեներալներին, և՛ պատգամավորներին, և՛ իր անհունց պաշտոնյաներին ու ձեռքի տակ աշխատող փողալեզներին։  Հայ ազգը  մի ամբողջության մեջ եմ ուզում պատկերացնել և այդպես էլ կլինի։ Հայ ազգը խաչվում է համայն մարդկության աչքի առաջ՝ մի մարդու՜ ձեռքով․․․ Այդ մի ձե՜ռքը պիտի բռնել, դա է չարի կրողը։ Այդ մի ձեռքն է չարության, ատելության, պառակտման հիմքը, եթե այն չլինի, մյուս ձեռքերը կկախվեն թուլացած։ Հենց այդ  վիճակն է ժամանակին ալեկոծել Հրանտ Մաթևոսյանին․ 

«Չէ՜, չե՛նք խաչվելու, ի հեճուկս Հուդայի, ի հեճուկս աշխարհի հիմքերը սասանող չարության ու դավաճանության՝ ապրելու և վայելելու ենք մեր արդար պայքարի քաղցր պտուղները»: 

Այդ մի ձեռքը այնքան լա՜վ է ճանաչում եկեղեցին։ Դա չարությունը, պառակտությունը կաթիլային ճանապարհով սնուցող ներարկիչ է։ Երբ ոտքի է կանգնել հոգևորականը, ուրեմն իր հոտը վերացնելու, ոչնչացնելու վտանգ է զգացել։ Երբ Տավուշի թեմի առաջնորդը ոստիկանության առաջ նստած էր գետնին ու նրան թույլ չէին տալիս Կիրանց մտնել, առաջին շարքում կանգնած ոստիկանների հայացքներում մի տեսակ վախ զգացի։ Այդ նույն վախը ես զգացել եմ տարիներ առաջ։ Չէի կարող սխալվել։ Մեր տունը վերանորոգման մեջ էր,  և վարպետը դրսի պատշգամբի կողմից պիտի փակեր մի մեծ խոռոչ։ Երբ բետոնով  փակում է խոռոչը, ծլվլոց է լսում։ Դա կաչաղակի բույն էր, որը ձագուկներ էր ունեցել և կեր պիտի բերեր նրանց համար։ Երբ վերջին շաղախով փակում է խոռոչը,  քար կտրող գործիքը կտրում է նրա ուսը։ Նա ուսի ցավը մոռացած՝  վախեցած պատմում է, որ  ծլվլոց է լսել։ Մոռացած իր վիճակը, ցավը, արյունը, համարյա խելագարված՝ գնաց ու սկսեց քանդել խոռոչի կարծր շաղախը։ Ոստիկանների մեծ մասի աչքերում նույն ամոթը ու վախը զգացի։ 

Քանի՜ հազար բույն է քանդել այդ մի ձեռքը ու դեռ շարունակում է քանդել, քանի՜ հազար ծիծեռնակներ փակվեցին Եռաբլուրում ու կտրվեց նրանց ծլվլոցը։ Այդ «մի ձեռքի» հայացքում ոչ մի անգամ սեփական ժողովրդի ճակատագրի հանդեպ գթություն, վախ չզգացի։ Այդ մի քարն է, որ փակել է առվի բերանը և ջուրը կանգնել ու նեխում է։