Ինչու էր ամերիկյան հետախուզության ներկայացուցիչն այցելել Հայաստան

Ինչու էր ամերիկյան հետախուզության ներկայացուցիչն այցելել Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին ընդունել էին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեւիդ Քոենին։ Պաշտոնական լրահոսի համաձայն, վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «հայ-ամերիկյան հարաբերություններն ու միջազգային պրոբլեմատիկային վերաբերող հարցեր»։ Սակայն, մեծ հաշվով, Քոենի այցի նպատակը մնում է անհայտ, եւ այցը հատկապես ինտրիգային երանգ է ձեռք բերում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ու նրան ուղեկցող բարձրաստիճան անձանց՝ ավիավթարի հետեւանքով զոհվելու ֆոնին։

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մի քանի վարկած է առաջ քաշում այս առնչությամբ։ Առաջին վարկածի համաձայն, ամերիկյան կողմը բավականին անհանգստացած է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում Իրանում։ Հայտնվել էին տեղեկություններ, որ Ռաիսին նախքան Ադրբեջան այցելելն ու այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելը, չեղարկել է վերջին պահին իր այցը Հայաստան։ Ինչը երեկ հաստատեց նաեւ ՀՀ ԱԺ նախագահը: Ենթադրվում էր, որ Հայաստան այցի ժամանակ իրականացվելու էր տրանսպորտային միջանցքների բացման արարողություն։ Մասնավորապես, Հայաստանով կարող են անցնել կարեւոր երկաթուղիներ, որոնք կապում են Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաեւ՝ սեւծովյան նավահանգիստները։ Եթե այս նախագիծը կյանքի կոչվի, տարածաշրջանում սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի։ Հայկական կողմն այդ այցի մասին տեղեկությունները սկզբում հերքեց, ապա հաստատեց: Հայկական փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Հայաստան այցը ռազմավարական առումով շատ ավելի կարեւոր էր, քան Ռաիսի-Ալիեւ հանդիպումը Խուդափերինի կամրջին։

Նախ՝ Հայաստան-Ադրբեջան-Իրան եռանկյունին է հիմա շատ ցցուն կերպով երեւում, որը հնարավոր չէ չնկատվի օվկիանոսից այն կողմ, եւ ապա նաեւ՝ Ադրբեջանը ներկայում ներկայացվում է, գոնե մեդիա-քարոզչական մակարդակում, որպես Իրանին եւ Ռուսաստանին կապող օղակ՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացմամբ։ Սա հաշվի առնելիս, Քոենի համար այս այցը, այսպես ասած, տեղեկություններ հավաքելու նպատակ հետապնդող հետախուզական այց էր, որով փորձ է արվում պարզել, թե Իրանի դեպքերը Հայաստանի ներսում ինչ-որ խմորումներ կառաջացնե՞ն, եւ ապա՝ Ռաիսի-Ալիեւ հանդիպումը որեւէ կերպ կապ ունի՞ Ռաիսիի ողբերգական մահվան հետ։ Երկրորդ վարկածն ավելի լոկալ է։

Բանն այն է, որ 22 թվականի հուլիսին Երեւան այցելեց նաեւ ԿՀՎ ղեկավար Ուիլիամ Բյորնսը։ Իսկ դրանից մի քանի օր անց Փաշինյանը Երեւանում իրավիճակը քննարկում էր ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Երկու գերտերությունների հետախուզության ղեկավարների շփումները Հայաստանի ղեկավարության հետ, ըստ Տարասովի, հիմք էր տալիս մտածելու, որ Երեւանում գաղտնի բանակցություններ են նախապատրաստվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Սակայն հիմա արդյո՞ք իրադարձությունները նույն ընթացքով կզարգանան։ Դժվար է ասել։

Ի դեպ, այդ տարվա դեկտեմբերին Երեւան այցելեց նաեւ Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը։ Երրորդ տարբերակը կապված է հետխորհրդային տարածքում ձեւավորվող աննախադեպ նոր իրավիճակի հետ, երբ ԱՄՆ ԿՀՎ-ն սկսել է Հայաստանում գործել սեփական դրոշով՝ անթաքույց կերպով։ Այս առնչությամբ, իհարկե, կարելի է ընդհանուր աշխարհաքաղաքական բնույթի դատողություններ անել, թեեւ Հայաստանի տեղը որոշելը՝ ղարաբաղյան 2-րդ պատերազմում կրած պարտությունից հետո, ընդհանուր աշխարհաքաղաքական համակարգում, չափազանց բարդ է։

Ինչ էլ որ լինի, ակնհայտ է, որ Երեւանի հանդեպ առկա է բացառիկ հետաքրքրվածություն։ Հնարավոր է, որ սա կապված է այն բանի հետ, որ Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի ուղեծրից եւ անցում կատարում արեւմտյան կամ ԱՄՆ ուղեծիր։ Հնարավոր է նաեւ, որ հարցը կապ ունի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ, եւ ամերիկյան կողմը փորձում է օգնել Երեւանին՝ Ադրբեջանի հետ կայուն եւ տեւական խաղաղության հասնելու գործում։