«Հոգեւոր հեղափոխություն». կկրկնի՞ Հայաստանն Իրանի 45 տարվա հրաշքը

«Հոգեւոր հեղափոխություն». կկրկնի՞ Հայաստանն Իրանի 45 տարվա հրաշքը

Վերջին օրերին, երբ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ օրըստօրե ընդարձակելով իր աշխարհագրությունն ու համակիրների բանակը, միեւնույն ժամանակ փոթորկելով պիղծ ու ազգակործան ընդդիմախոսներին, թե հոգեւորականն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, ակամայից զուգահեռներ ես տանում ուղիղ 45 տարի առաջ Իրանում տեղի ունեցած, այսպես կոչված, հոգեւոր հեղափոխության հետ։ Ոմանք դա զարթոնք անվանեցին, ոմանք՝ հրաշք։ Իսկ ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ մեր հարեւան Իրանում։

1979թ. փետրվարին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն, որի միջոցով վերջ տրվեց շահ Մոհամմեդ Րեզա Փեհլեւիի իշխանությանը, ով թվով 35-րդ շահնշահն էր (1941-1979 թթ․): Իրան վերադարձավ իսլամական հեղափոխության առաջնորդ, շիա աստվածաբան, հոգեւոր առաջնորդ Սեյիդ Ռուհոլլա (արաբերենից թարգմանվում է «Աստծո հոգի») Մոստաֆավի Մուսավի Իմամ Խոմեյնին (Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ 1979-1989թթ.), ով վերցրեց իշխանությունը եւ երկրում անցկացրեց հանրաքվե՝ նոր քաղաքական կարգ եւ կառուցվածք ստեղծելու նպատակով: 1979թ. ապրիլի 7-ին Իրանը հայտարարվեց որպես առաջին իսլամական պետություն: Առաջին հերթին կազմալուծվեց «Սավաք» հատուկ ծառայությունը կամ, ինչպես շատերն էին անվանում՝ քաղաքական ոստիկանությունը: Այդ կազմակերպության շատ աշխատակիցներ դատապարտվեցին եւ գնդակահարվեցին: 1979-ին Խոմեյնիի հռչակագրով ստեղծվեց հեղափոխական զորամիավորում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը` «Փասդարանը», որին վստահվեց հետախուզական եւ արտաքին գործողությունների առաքելությունը:
Այնուհետեւ քաղաքական նպատակահարմարությունից եւ օպերատիվ կառավարման շարժառիթներից ելնելով՝ Պահապանների կորպուսը սկսեց զբաղվել պետության ներքին եւ արտաքին սպառնալիքների դեմ պայքարով, ամբողջ երկրով մեկ իսլամի տիրապետության ամրացումով, ամբողջ աշխարհում սատարելով մահմեդական գաղափարախոսության տարածմանը, պայքարելով բոլոր այն ուժերի դեմ, որոնք քայքայիչ գործունեություն են տարածում Իսլամական հեղափոխության դեմ: Իրանի Իսլամական Հանրապետության բանակին հանձնարարվեց պաշտպանել պետության տարածքը եւ նրա անկախությունը, իսկ ԻՀՊԿ-ին՝ պաշտպանել հեղափոխությունը եւ նրա արժեքները:

2018 թ. Հայաստանում տեղի ունեցածը միարժեք հեղափոխություն չէ, որովհետեւ այն արժեքների վրա հիմնված չէր ու տարիներ անց էլ դրսեւորում է իր սնանկությունն ու ապազգայնությունը, հետեւապես, հայաստանյան ոչ մի ուժային կառույց չի կարող պաշտպանել մի երեւույթի արժեք, որը գոյություն չունի ինքնին։ Բացի այդ, Փաշինյանի վարչապետության օրոք թեւավոր ասույթի է վերածվել «ոստիկանապետություն» եզրույթը, իսկ ուժայիններն իրենց գործելաոճով, կիրառած բիրտ ուժով ու անմարդկային գործողություններով քիչ են տարբերվում, եթե չասենք՝ ընդհանրապես չեն տարբերվում իրանական տխրահռչակ «Սավաք»-ից։ Այնպես որ, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժումը եթե հաջողի եւ հաղթանակի հանգրվանի գա, ոստիկաններն էլ խորհելիք պիտի ունենան։ Հենց այս պահից։ Վաղը գուցե բախտորոշ ու անդառնալի լինի։

Իրանում 45 տարի առաջ տեղի ունեցածն իսկական լակմուսի թուղթ է մեզ համար։ Թե՞ կհաջողվի տեսնել այն ավետյաց օրը, երբ Հայաստանում էլ հոգեւոր արթնությունը կապիտալացվի հոգեւոր, անցնցում հեղափոխությամբ, պետք է սպասել սրտի տրոփյունով ու անսահման համբերությամբ։ Համբերություն, որը սկիզբ առած շարժման գլխավոր հաղթաթղթերից է, ինչպես իրավամբ պնդում է Բագրատ սրբազանը։