ԱՄՆ-ն մտադիր է պաշտպանել Իսրայելին ՄՔԴ-ի գործողություններից

ԱՄՆ-ն մտադիր է պաշտպանել Իսրայելին ՄՔԴ-ի գործողություններից

ԱՄՆ–ն դիտարկում է Իսրայելի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գործողություններին պատասխանելու բոլոր հնարավոր տարբերակները, սակայն որոշում դեռ չի կայացրել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է ՄՔԴ–ին, ապա մենք երկու պալատների (Կոնգրեսի. խմբ.) երկու կուսակցությունների հետ քննարկումներ ենք անցկացնում տարբերակների ամբողջական փաթեթի շուրջ»,– ասել է նա լրագրողներին։
Սալիվանը հավելել է, որ այս պահին ԱՄՆ–ն կոնկրետ պատասխանի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել:

Մայիսի 20–ին ՄՔԴ–ի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Պաղեստինում տիրող իրավիճակի հետ կապված ձերբակալման օրդեր ստանալու դիմումներ է ներկայացրել: Ըստ նրա` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի ղեկավար Յահյա Սինվարը, «Ալ–Կասսամ բրիգադ» կազմակերպության ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Ադ–Դեյֆը և ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան պատասխանատվություն են կրում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իրականացված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար: