Մեկնարկում է կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

Մեկնարկում է կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ մայիսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը պետք է ներկայացնեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am)՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը ներառյալ։

Ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար եւ, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր եղանակով:

«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները կատեստավորվեն միայն «Հայոց լեզու» առարկայից, «Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչները՝ «Պատմություն», «Հայրենագիտություն» եւ «Իմ հայրենիքը» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Հայրենագիտություն», «Բնագիտություն» եւ «Բնություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Բնագիտություն», «Աշխարհագրություն» եւ «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Աշխարհագրություն», «Ինֆորմատիկա» եւ «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչները՝ «Ինֆորմատիկա» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։

«Բնագիտություն» («Բնություն») եւ «Հայրենագիտություն» («Իմ հայրենիքը») առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար պետք է ընտրեն բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որեւէ մեկով, իր ընտրությամբ: