«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը չի մոռանում իր հեռուստատեսային անցյալը

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը չի մոռանում իր հեռուստատեսային անցյալը

Բարձրագույն դատական  խորհուրդը հեռուստատեսային ֆիլմաշար է նկարահանում՝ «Մեկ դատավորի պատմություն»։ Տեղը տեղին միջոցներ են ծախսում` օպերատորով, մոնտաժով, լրագրողով նկարահանումներ են կազմակերպում։ ԲԴԽ նախագահը, երեւի, չի կարողանում մոռանալ իր հեռուստատեսային անցյալը։ Ժամանակին Կարեն Անդրեասյանը հեռուստատեսային հաղորդաշարեր պատրաստող «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության իրավաբանն էր` լրագրողներին իրավունք էր բացատրում, խորհուրդներ էր տալիս, թե ինչպես գրեն  ռեպորտաժի տեքստը, որ մարդիկ նրանց դատի չտան՝ պատիվ-արժանապատվություն արատավորելու, վիրավորանքի, զրպարտության համար։ Հետո Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում էր աշխատում, ժամանակին անգամ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների կազմակերպիչներից էր:

Նա այնքան է գայթակղվել հեռուստաաշխարհով, որ ԲԴԽ նախագահի պաշտոնում էլ իրեն երբեմն «հեռուստատեսային» մարդ է զգում եւ իր աշխատակազմին հրահանգում է հեռուստահաղորդումներ պատրաստել։ «Մեկ դատավորի պատմություն» անունը կրող ֆիլմաշարը, որը Դատական դեպարտամենտի նախաձեռնությամբ է նկարահանվում, իրականացվում է դատարանների մամուլի ծառայությունների միջոցով` դատավորների հետ հարցազրույցներ են նկարահանում, կադրեր են հավաքում, սցենար գրում եւ հեռուստատեսային արտադրանք ստանում, բայց ցուցադրելու տեղ դեռ չունեն։ TV-ներն իրենց խնդիրներն ունեն` կա՛մ պետք է իրենք պատրաստեն հաղորդումները, ինչը ենթադրում է ստեղծագործական ազատություն, այսինքն՝ նյութի հետ վարվելու ազատություն, ոչ թե գերատեսչական կաղապարված մոտեցում՝ այս կամ այն դատավորին գովազդելու նպատակով, կա՛մ էլ ԲԴԽ-ն պետք է եթերաժամ գնի, այսինքն՝ վճարի եւ ցույց տա իր պատրաստած ֆիլմերը։ Ոչ մի TV ԲԴԽ պաշտոնյաների պատրաստած ռեպորտաժներն անվճար չի ցուցադրի։ Արդյունքում ԲԴԽ-ի սարքած «ընտիր» նյութերը, որի վրա պետական միջոցներ են ծախսվում, տեղադրվում են միայն այս գերատեսչության ֆեյսբուքյան էջում, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ստիպված է դրանք անձամբ գովազդել` «կպցնելով» իր ՖԲ էջին։ 

«Այսպիսի դատավոր կա: Երեք երեխաների մայր: Անմահացած հերոսի կին: Գրագետ ու բարեխիղճ դատավոր: Հուսով եմ՝ «Մեր օրերի հերոսը» նախագիծը կճանաչի ու կներառի նաեւ մեր հերոսական` արդար աշխատանք կատարող դատավորներին»,- գրել է Անդրեասյանը՝ առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին նվիրված ռեպորտաժը ներկայացնելով։ Պարզ է, որ շեֆի հետեւից, գուցե՝ նրա հրահանգով, «Մեկ դատավորի պատմությունը» սոցցանցի իրենց էջերում տեղադրել են նաեւ Դատական դեպարտամենտի  մյուս աշխատողները։ Անգամ դեպարտամենտի ֆինանսական վարչության պետ Դավիթ Մելիքբեկյանն է տարածել այն իր էջով։ Առարկություն չունենք՝ Սյուզաննա Ուլիխանյանը բարդ ճակատագիր ունեցող կին է, 44-օրյա պատերազմի ժամանակ հերոս ամուսին է կորցրել, բայց, նախ՝ նույն պատմությունը շատ ավելի պրոֆեսիոնալ ձեւով կարելի էր պատմել, ոչ թե ձայնի տակ մեդալների կադրեր դնելով ու դատավորին ռոմանտիկ երաժշտության ներքո երեխեքի հետ քայլեցնելով։ Եվ երկրորդ՝ արժե՞ արդյոք պետական միջոցներ մսխել ՖԲ-ում ցուցադրվող անհասկանալի նպատակներով արտադրանքի վրա։ Չէ՞ որ ժամանակին դատարանների վրա միջոցներ խնայելու մասին էին քարոզում։ Սա՞ է խնայելը։ Հարցին, թե ինչ նպատակ ունի այս շարքը, Դատական դեպարտամենտի խոսնակը «Կիսաբաց լուսամուտների» ոճով է պատասխանում․ «Հետաքրքիր չէ՞ դատավորների կյանքը»։ Իսկ մեր հարցին՝ միայն նո՞ր դատավորների կյանքն են ցույց տալու, թե՞ նաեւ հներինը (այսինքն` Կարեն Անդրեասյանի հրահանգները կատարող դատավորնե՞րն են միայն ֆիլմի հերոս դառնալու, թե՞ իշխանական հրահանգները չկատարողներն էլ կարող են հայտնվել էկրանին), ասում է․ «Դեռ քննարկումների փուլում են թեկնածուները»։