Հրահանգն իջեցված է

Հրահանգն իջեցված է

Տեսակի խնդիր է: Նույնիսկ ֆեյսբուքյան ամենաթեժ փուլերում, երբ նվաստս դառնում էր «սռաչների» սուբյեկտ եւ ՊՈԱԿ-ի թիրախ, երբ սորոսական հայտնի ու անհայտ գործիչները հարձակվում էին եւ աշխարհի լուտանքները թափում գլխիս, որեւէ մեկին` ո՛չ խմբագրակազմից, ո՛չ ընկեր-բարեկամներից, երբեւէ չեմ ասել` «պաշտպանեք ինձ»: Իմ պատվից ցածր եմ համարել նման խնդրանքը, նաեւ այլ անձի իրավունքների ոտնահարում, էլ չեմ խոսում դիրքի չարաշահման, անձնականն ու պաշտոնականը միմյանց խառնելու մասին: Հիմա նայենք, թե ինչ է կատարվում «Քաղպայմանագիր» կոչվող այդ խառնարանում: Ուշադիր հետեւողներն անմիջապես որսում են այն պահը, երբ կառավարության շենքից, անձամբ վարչապետից իջավ կոնկրետ հրահանգը` հարձակման անցնելու: Եվ սկսվում է գրոհը. ահա ՔՊ-ի բարձրաստիճանները նողկալի լեքսիկոնով բնորոշում են ընդդիմության լիդերներին եւ հատկապես Փաշինյանի չսիրած գործիչներին:

Հաջորդ հրահանգը ռուսներին եւ ռուս որոշ պաշտոնյաներին «կատոկելու» մասին է: Հետո «Նիկոլն ընտրված վարչապետ է» ֆլեշմոբի պահն է գալիս: Շշուկնե՞ր են տարածվել, որ այս կամ այն ՔՊ-ականն «այնքան էլ լավ չի իշխանության ու իր առաջնորդի շահերը պաշտպանում», արագ մեջլիս է դուրս գալիս «կասկածյալը» եւ փորձում առաջնորդի կասկածները հիմնովին փարատել: Առաջնորդը կամ նրա կինը ստատո՞ւս են գրել` լայքել, սրտիկել, քոմենթելը պարտադիր պայման է: Ինչ-որ մեկն առաջնորդի հասցեին վատ բա՞ն է գրել-ասել` մտնել «սատկացնելն» է պարտադիր պայման: Իսկ ի՜նչ ջանասիրությամբ է քաղաքագետների, իշխանամերձ ՀԿ-ների բանակը գործի անցնում` այս հարթակից այն հարթակը վազում, մի ստատուսից մինչեւ մյուսը մի քանի րոպե է տեւում: Ահա, հենց այսպես էլ երկիրը վարի տվեցին` մանր ինտրիգների ու փիառի մեջ ներքաշելով բոլորին: