Նոր Կալեդոնիայում քաոս է․ Մակրոնն արդեն այնտեղ է

Նոր Կալեդոնիայում քաոս է․ Մակրոնն արդեն այնտեղ է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Խաղաղօվկիանոսյան Նոր Կալեդոնիա կղզիներ (Ֆրանսիայի հատուկ տարածք) այնտեղ տեղի ունեցած անկարգությունների ֆոնին, հայտնում է ABC News-ը։

France Info-ի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարին ուղեկցում են պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը և անդրծովյան տարածքների նախարար Մարի Գևենուն։
Մակրոնի այցը կղզիներ կտեւի ընդամենը մեկ օր։

Նախագահը պետք է հանդիպի տեղական ընտրված պաշտոնյաների և Նոր Կալեդոնիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, նշում է France Info-ն։ 
Հեռուստաալիքը տեղեկացնում է նաև, որ ուղեւորությունն անհրաժեշտ էր կողմերի միջեւ երկխոսությունը վերականգնելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Դարմանենը, այցից հետո նախագահը պետք է հայտարարի կղզիներում «առաքելության» ստեղծման մասին, որը վստահված է «վարչական, ոչ թե քաղաքական մարդկանց»։

Հիշեցնենք, որ Նոր Կալեդոնիայում շուրջ մեկ շաբաթ է, ինչ անկարգություններ են, որոնք ուղեկցվում են շենքերի հրկիզմամբ ու սպանություններով։ Տեղի բնակիչները բողոքում են Ֆրանսիայի որոշման դեմ, ըստ որի՝ կղզում բնակություն հաստատած Ֆրանսիայի քաղաքացիներն արդեն իրավունք ունեն մասնակցել ընտրությունների։ Նրանք մտավախություն ունեն, որ այդպիսով Փարիզը կմեծացնի իր ազդեցությունը և համայնքի որոշումներ կայացնելու գործընթացներում ավելի քիչ դերակատարում կունենա։