«Հրապարակ». Պարգեւատրումները հույժ գաղտնի են

«Հրապարակ». Պարգեւատրումները հույժ գաղտնի են

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն առատաձեռն մարդ է` նա ամեն ամիս Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին պարգեւավճարներ է տալիս: Ապրիլի 5-ին էլ է մարզպետի որոշմամբ աշխատակազմը պարգեւավճար ստացել: Մայիսի 13-ին մարզպետը կրկին պարգեւատրել է աշխատակիցներին: Որոշման մեջ նշված է՝ հատուկ առաջադրանքներ եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին պարգեւատրել: Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանից փորձեցինք ճշտել, թե ինչու է մարզպետն ամեն ամիս աշխատակազմին պարգեւավճարներ տալիս եւ ինչ չափով։ «Դա ամենամյա պարգեւատրում է: Գումարն անձնական գաղտնիք է, չեմ կարող ասել: Ինչ որ գրած ա որոշման մեջ, կարող եք նայել: Դե, մենք սովորաբար չենք հրապարակում, աշխատողները չեն ուզեցել, գրավոր մեզ դիմել են, որ չհրապարակենք»,- բացատրեց գլխավոր քարտուղարը: Պնդեցինք ասել, թե որքան գումարի չափով է ամեն ամիս մարզպետը, աշխատավարձից զատ, պարգեւատրում աշխատակիցներին։ «Դա անձնական գաղտնիք է, չեմ կարող ասել, մեծ գումար չի, մի մտածեք: Դուք կարող եք գրավոր ուղարկել, մենք կասենք»: Գրավոր հարցման դեպքում գումարի չափը կնշե՞ք։ «Ինչը որ տեղադրել ենք հրապարակման ենթակա` դրանով ղեկավարվեք, էդքան բան»: Մարզպետը, բացի պարգեւավճարներից, նաեւ ամուսնության, ծննդյան առիթներով է դրամական օգնություն տրամադրում: Օրինակ, մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Կարապետյանին` ամուսնության առիթով, դրամական օգնություն էր տրամադրել` մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով: