9 մլրդ դոլարի գումար է «լվացել»․ ԱՄՆ-ում ռուսի են կալանավորել

9 մլրդ դոլարի գումար է «լվացել»․ ԱՄՆ-ում ռուսի են կալանավորել

ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող ռուս Ալեքսանդր Վիննիկը գործարքի է գնացել ամերիկյան դատախազության հետ․ նա Կալիֆորնիայի Հյուսիսային շրջանային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման գործում։
Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է նրա փաստաբան Արկադի Բուխը, ով հավելել է, որ ազատազրկման տարիները 10-ից պակաս կլինեն։

«Բանակցությունների գագաթնակետը դատախազության հետ գործարքն էր, մենք ակնկալում ենք, որ ազատազրկումը կլինի մինչև 10 տարի», - ասել է Բուխը: Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալն «իրեն մեղավոր է ճանաչել սահմանափակ թվով մեղադրանքներով»։

Բուխը նշել է, որ դատական ​​նիստում, որի ժամանակ պատիժը կկայացվի, պաշտպանական կողմը կփորձի էլ ավելի կրճատել ազատազրկման ժամկետը՝ բողոքարկելով այն փաստը, որ Վիննիկը կալանքի տակ է 2017 թվականից։ Սպասվում է, որ ռուսաստանցու դատավճռի նիստի օրը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ։

Վիննիկի փաստաբանը պարզաբանել է, որ դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել այն հոդվածներով, որոնց համար նա կարող էր ցմահ ազատազրկման դատապարտվել, սակայն պետական ​​դատախազության հետ գործարքը հնարավորություն է տվել ազատազրկման ժամկետը նվազեցնել մինչև «միանիշ» տարվա:

Վիննիկը կալանավորվել է Հունաստանում 2017 թվականի հուլիսի 25-ին՝ Միացյալ Նահանգների խնդրանքով, որտեղ նրան մեղադրում են 4-ից 9 միլիարդ ԱՄՆ դոլար գումարի լվացման մեջ՝ այժմ չգործող ինտերնետ կրիպտոարժույթի BTC-e բորսայի միջոցով: Նա ԱՄՆ է արտահանձնվել 2022 թվականի օգոստոսի 4-ին։