Մի մասը՝ խաչագող սրիկաներ, մի մասը՝ գող-ավազակներ, մի մասը՝ ապիկար թշվառականներ

Մի մասը՝ խաչագող սրիկաներ, մի մասը՝ գող-ավազակներ, մի մասը՝ ապիկար թշվառականներ

Ցանկացած խնդրի ու հարցի լուծման արդյունավետությունը կախված է նրանից, թե նախապես ինչ նշաձող ես սահմանում։ Ընդդիմությունից մինչեւ վերլուծաբան ու լրագրող խոսում են միայն հրեշին հեռացնելու, նրան պաշտոնանկ անելու, անգամ պատվով այլ երկիր ուղարկելու մասին` միայն թե հեռանա, մեր երկիրն ազատի իր գոյությունից...

Մի քիչ հեռվից սկսեմ։ Դեռեւս տասնամյակներ առաջ մատների վրա հաշված մարդիկ էին ասում, որ թշնամին` Ադրբեջանը, թուրքերը ոչ միայն ազատագրված յոթ շրջանները, Արցախն են ուզում, այլեւ ողջ Հայաստանը։ Բայց լսողն ո՞վ էր։ Վիլսոնի բորբոսնած քարտեզ ծածանողները, զանազան հեքիաթներով մարդկանց գլուխները հարդուկողներն իրար հերթ չէին տալիս՝ հանրությանը բթացնելու իրականության հետ կապ չունեցող տխմարություններով։ Իսկ երբ խաբեությամբ իշխանության եկան արեւմտյան, բացահայտ թուրքական գործակալները, երբ սուտը, կեղծիքը, խաբեությունը դարձան առօրեական մի բան, եղավ այն, ինչ եղավ` դավաճանաբար ծախված, թշնամուն հանձնված Արցախ, գյուղ առ գյուղ թշնամուն նվիրվող Հայաստան, որի անունը հակառակորդի ճամբարում շրջանառվում է որպես «Արեւմտյան Ադրբեջան»։ Ու թշնամին այսօր մեր ներքին թշնամու աջակցությամբ իրագործում է տասնամյակներ առաջ իր առջեւ դրած ծրագիրը` վերացնել հայկականությունն ու սեփականել այն ամենը, ինչն իրեն չի պատկանում` մեծ Թուրան կառուցելու համար։

Ինչպես ասում են` վերադառնանք մեր ոչխարներին։ Իսկ ի՞նչ ենք անում մենք, ի՞նչ ծրագիր ու նպատակ ունենք, ո՞ւր ենք գնում եւ, ի վերջո, ի՞նչ ենք ստանալու։ Հարցին հարցով պատասխանենք` իսկ ի՞նչ կարող ենք ստանալ, երբ ոչ միայն գետնաքարշ է մեր ընտրած նշաձողը, այլեւ, մեծ հաշվով, ընդհանրապես նշաձող չկա։ Երբ հայությանն ատողին, Հայաստանը վերացնողին օրենքով պատժելու փոխարեն խնդրում, աղաչում ենք, որ հեռանա։ Մեկը սոցիալական ցանցում գրառում էր արել առ այն, որ Հայաստանն այս օրին հասցրած բոլորին` նախկին, թե ներկա, պետք է խստագույնս պատժել։ Ու անմիջապես արձագանքել են․ «Չէ, դա ճիշտ քայլ չէ, պետք է նրանց բոլորին ցմահ կալանավորել ու ամեն օր բարձրախոսով հերթով կարդալ մեր բոլոր զոհերի անունները եւ ամեն անունը կարդալուց հետո ասել` իր մահվան համար դուք եք մեղավոր...»։

Ոչ, հարգելիներս, կատարած ոճիրը պարզելուց անմիջապես հետո ոճրագործին պետք է իսկույն խստագույնս պատժել, որպեսզի դաս լինի հազարավորների համար։ Ոչ թե պետք է մտածել կոնկրետ ոճրագործ ստահակների, այլ այդ հազարների մասին։ Այսինքն` այնպես պատժել, որ դա դաս լինի բոլորի համար, որպեսզի հանցագործ չդառնան` թեկուզ կյանքով հատուցելու վախից։ Մենք ուշացրել ենք, չենք իրականացրել հրեշների պատիժը։ Արդյունքում դասալքությունը, դավաճանությունը դարձել են սովորական մի բան, ոմանց համար` մասնագիտություն։ Ու այլեւս զարմանալի չէ, երբ ոստիկանները, պատ կազմած, ժողովրդից, քաղաքացիներից պաշտպանում են բանակի ստորաբաժանումներից մեկին` սակրավորներին, որպեսզի վերջիններս ականազերծեն հայրենիքի սահմանները եւ թշնամու առաջ բացեն հայրենի ամրոցի դարպասները։ Եվ այսօր այս ամենը կատարվում է շատ հանգիստ, անգամ՝ լկտի պահվածքով, որովհետեւ բոլորը համոզված են, որ չեն պատժվելու։ Որովհետեւ մինչ այդ էլ ոչ ոք պատասխանատվություն չի կրել կատարածի համար։

Մեծն Թումանյանի ավելի քան մեկ դար առաջ գրած այս ցավոտ տողերը հիշեցի. «Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջ է ճշմարտությունը։ Մի մասը՝ խաչագող սրիկաներ, մի մասը՝ գողեր ու ավազակներ, մի մասը՝ ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ո՛չ պատասխանի կանչվեց, ո՛չ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում՝ չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»։

Ու, ցավոք, անգամ մեկ դար հետո ոչինչ չի փոխվել։ Մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել պատմությունից։ Փոխարենը շարունակում ենք մեղադրել բոլորին, բացի մեզնից, ու մեր մեղքերը բարդել ուրիշների վրա։ Թարմ օրինակը՝ Արցախի ղեկավարներին Ստեփանակերտում դավադրաբար հանձնեցին թշնամուն, բայց տարածեցին, թե նրանք ռուս խաղաղապահների մոտ էին, որ իբր նրանք են հանձնել։ Ամեն ինչ արվում է ռուսներին վարկաբեկելու, տարածաշրջանից արտաքսելու համար, որպեսզի թուրքն անարգել մտնի Հայաստան։ Չնայած արդեն Հայաստանում է։

Վարդգես Օվյան