Որ դեպքում Արեւմուտքը սանկցիաներ կսահմանի Ադրբեջանի նկատմամբ

Որ դեպքում Արեւմուտքը սանկցիաներ կսահմանի Ադրբեջանի նկատմամբ

Ինչպես հայտնի է, ամերիկացի կին կոնգրեսական Դինա Տիտուսն օրենքի նախագիծ է ներկայացրել Կոնգրեսին, որը նախատեսում է Ադրբեջանը ներկայացնող 44 պաշտոնատար անձի հանդեպ սանկցիաներ սահմանել՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտման եւ ընդդեմ քաղաքական ընդդիմության դաժան ռեպրեսիաներ իրականացնելու հետ։ Այս մասին կին կոնգրեսականը գրել է իր սոցկայքային էջում՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է վճռականորեն հանդես գա ընդդեմ Հայոց ցեղասպանության։

Ադրբեջանցի վտարանդի քաղաքական մեկնաբան, այժմ Շվեյցարիայում ապրող, նախկինում քաղաքական գործունեության համար Ադրբեջանում բանտարկված Ռաուֆ Միրքադիրովը կարծում է, որ իրականում Արեւմուտքն Ադրբեջանի հանդեպ ռեալ սանկցիոն ճնշման կանցնի միայն այն ժամանակ, երբ զգա, որ Բաքուն ամբողջովին թեքվել է Մոսկվայի կողմը։ «Ադրբեջանցի պաշտոնյաների հանդեպ, այդ թվում՝ բարձրաստիճան, սանկցիաներ պետք էր սահմանել վաղուց, սակայն, իմ կարծիքով, ներկայում դրա հավանականությունը մեծ չէ։ Ըստ իս, սանկցիաները կսահմանվեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ամբողջովին թեքվի Ռուսաստանի կողմը եւ գործի Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի հանգույն։ Ադրբեջանում դեմոկրատիայի եւ խոսքի ազատության վերջին փշրանքները ոչնչացվել են դեռ տասը տարի առաջ։ Նման փաստաթուղթ Կոնգրեսը քննարկել է նաեւ 2015 թվականի վերջին։ Ես այն ժամանակ բանտարկված էի, եւ իմ դատավարությունն էր ընթանում։ Գիտեի, որ սանկցիաները քննարկվում են, եւ դա նույնիսկ որոշ բացասական հետեւանք ունեցավ։ Այդ ժամանակ պայմանավորվածություն կար, որ Նոր տարվա շեմին տասնհինգ հոգու ազատ կարձակեն։ Սակայն Ալիեւը զայրացավ եւ մինչեւ գարուն հետաձգեց դա»,- նշում է ադրբեջանցի վտարանդի քաղաքական մեկնաբանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ Կոնգրեսն այն ընդունի, դա չի նշանակում, թե սանկցիաներն անմիջապես կսկսեն գործել։

Նման օրինագծերն ավելի շատ խորհրդատվական բնույթ են կրում։ Անհատական սանկցիաների սահմանումը, ըստ Միրքադիրովի, գործադիր իշխանության իրավազորության ներքո է գտնվում, ամերիկյան իրականության դեպքում՝ ֆինանսների նախարարության։ «Իհարկե, անհատական սանկցիաներն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների համար չափազանց զգայուն եւ ցավոտ կլինեին։ Նրանք անշարժ գույք եւ սեփականություն են գնում արեւմտյան երկրներում։ Հատկապես նրանց դուր է գալիս Լոնդոնը։ Այնտեղ նրանք մի ողջ թաղամաս են գնել։ Սակայն ցանկում ներկայում միայն կամազուրկներն են, ովքեր անմռունչ կերպով կատարում են ուրիշի կամքը, օրինակ՝ դատավորներ, որոնք պարզապես «վերեւից» հրաման են ստանում եւ կատարում։ Առայժմ Արեւմուտքը կարծում է, որ Ադրբեջանը կարող է օգտակար լինել իրեն՝ Հարավային Կովկասում որոշակի աշխարհաքաղաքական հարցեր լուծելու համար։ Քանի դեռ այդ մտայնությունը կա, ես մեծ չեմ համարում հավանականությունը, որ լուրջ սանկցիաներ կկիրառվեն»,- նշում է Միրքադիրովը՝ ամփոփելով, որ դեռեւս Իլհամ Ալիեւին հաջողվում է մե՛կ Զելենսկու հետ հանդիպել, մե՛կ՝ Մոսկվա գնալ։ Առայժմ, ըստ նրա, նա կարողանում է բավականին լավ մանեւրել։ Սակայն թե դա ինչքան կտեւի, դեռ պարզ չէ։