Կարեն Գաբրիելյան․ հերոսական կենսագրություն

Կարեն Գաբրիելյան․ հերոսական կենսագրություն

Եղել են նաեւ այսպիսի օրեր, երբ մենք հպարտանում էինք ոչ թե հող հանձնելով, այլ մեր քաջությամբ ու տղամարդկությամբ․ 1991 թիվն էր։ Արցախն ատում էր մարզկոմի շենքն օձի բույն դարձրած դրածոներին, որոնք Կազմկոմիտե էին կոչվում, եւ որոնց անվտանգությունը պաշտպանում էր Ստեփանակերտը պաշարած ռուս-խորհրդային բանակը: 1991-ի մայիսյան մի օր Ստեփանակերտում, մարզկոմի շենքից 150-200 մետր ներքեւում գտնվող կենտրոնական մարզադաշտի վազքուղով պտույտներ էր կատարում ատլետիկ կազմվածքով 23-ամյա մի երիտասարդ: Հետո նա թեթեւ վազքով դուրս եկավ մարզադաշտից, ձեռքն առավ մոտերքում թաքցրած նռնականետը եւ ուղիղ նշանառությամբ կրակեց մարզկոմի շենքի այն սենյակի վրա, որտեղ Ղարաբաղում Ադրբեջանի դրածոներից մեկն էր: Կազմկոմիտեի ղեկավար Պոլյանիչկոն այդ պահին մի քանի րոպեով դուրս էր եկել աշխատասենյակից. պայթյունը նրան վնաս չէր պատճառել, բայց նա այնպես էր գույնը գցել, որ «օգնության» հասած ռուս զինվորականները չէին կարողանում հասկանալ՝ կանգնած տեղը մեռե՞լ է, թե՞ ողջ է դեռ...

Նույն օրը մահափորձի մասին լուրը մոսկովյան հեռուստաալիքներն ու թերթերը ներկայացրին որպես մի խումբ հայ գրոհայինների ձեռքի գործ: Ոչ ոք չիմացավ, թե ով էր այդ հանդուգն ձեռնարկման հեղինակը: Կարեն Գաբրիելյանն արցախցի հարյուրավոր խիզախ հայորդիներից մեկն էր, այն քչերից, որ իր զինվորին եթե ասեր՝ պատրաստվեք, վաղը 10 հոգով գնում ենք 500 զինված ասկյարների վերահսկողության տակ գտնվող բարձունքը գրավելու, տղաներից որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ դա անհնարին է։ Արցախում դեռեւս կանոնավոր բանակ չէր ձեւավորվել` կամավորական ջոկատներ էին: Երբեմն առավել համարձակ ու քաջ տղաներից մեկն էր հավաքագրում իրեն ծանոթ տղաներին եւ ստեղծում իր ջոկատը: Պատահում էր, որ ընկերներով, ծանոթ տղաներով հավաքվում էին, ընտրում իրենց նորաստեղծ ջոկատի հրամանատարին: Կարենի հրամանատարության տակ գտնվող հատուկ նշանակության ջոկատն այդ ժամանակ կազմված էր երիտասարդ կամավորականներից՝ հիմնականում իրենից մի քանի տարով փոքր՝ 19-20 տարեկաններից: Մի օր լուր տարածվեց, որ ադրբեջանցի օմօնականները բռնել են Կարենի ջոկատի տղաներից Վարուժին ու Ցեղակրոն Աշոտին, որոնք զենք էին տեղափոխում։ Առաջադրանք կար` մի օմօնական կամ մի ինչ-որ երեւելի թուրք գերել՝ տղերքի հետ փոխանակելու համար։ Հաջորդ օրը կեսօրին մոտ նրանք արդեն «օպերացիայի» վայրում էին:

Մարտական գործողության համար նշանակետն էլ կար: Անտառից դեռ դուրս չեկած՝ անմիջապես նկատեցին բացատում, արեւի տակ փայլփլող կարմիր «Ժիգուլին», որ կարծես ավտոգործարանից նոր դուրս բերված լիներ՝ արեւի տակ ներկը չորացնելու... Ամեն ինչ արագ ու հեշտ կատարվեց, քան ենթադրում էին: Ավտոմեքենայում իրար գրկախառնված երիտասարդ մի աղջիկ ու քիչ ավելի տարիքով մի տղա էին ընդամենը: Նրանք սկզբում կարծեցին, թե զինվորի հագուստով իրենց մոտեցողներն ադրբեջանցիներ են: Բայց երբ հայերեն անծանոթ խոսակցություն լսեցին, նայելով ավտոմատների՝ իրենց ուղղված փողերին ու անծանոթների դեմքերին, գույները գցեցին: Տղաների համար նույնպես անսպասելի էր այդ հանդիպումը: Հատկապես երբ ավտոմեքենայի դուռը բացեցին եւ նկատեցին ճերմակ մաշկով անկրկնելի գեղեցիկ աղջկան: Նույնիսկ սկզբում կարծեցին, թե հայուհի է: Կարենը նստեց ղեկի մոտ, տղաներից երկուսը՝ գերիների զույգ կողմերում, երրորդը՝ առջեւում, Կարենի կողքին: Մյուս տղաները հետ վերադարձան ոտքով:
- Տանում եք մեզ սպանե՞ք,-  լսվեց աղջկա դողդոջ ձայնը:
- Ոչ, մենք մարդասպաններ չենք,- աղջկա ռուսերեն հարցին ռուսերեն պատասխանեց Կարենը:
- Բայց մեզ ո՞ւր եք տանում:
- Հիմա դուք գերի եք... Իսկ ավտոմեքենան վաճառելու ենք, զենք գնենք՝ մեր հողը, մեր երկիրը պաշտպանելու համար:
- Իսկ մեզ ի՞նչ եք անելու:
- Փոխանակելու ենք ձերոնց կողմից գերի վերցված մեր տղաների հետ:

Այլ հանգամանքներում հազիվ թե այդպես անկեղծորեն պատասխանեին նրանց, ում ազգակիցները սպանում էին իրենց հայրենակիցներին՝ չխնայելով անգամ կանանց ու երեխաներին, ինչպես եղավ Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում ու արդեն՝ նաեւ Արցախում: Աղջկա անմեղ ու վախեցած տեսքը խղճահարություն էր առաջացրել: Նրա պատասխանը հույս արթնացրեց ադրբեջանցի երիտասարդի մոտ.
- Խնդրում եմ, իմ մեքենան վերցրեք... Լրիվ նոր է... Ես աղդամցի եմ: Հայրս շատ հարուստ է: Եթե մեզ բաց թողնեք, հորս կասեմ՝ շատ փող տա ձեզ: Ես՝ ինքս կբերեմ... Միայն թե՝ խնդրում եմ մեզ բաց թողնեք...
Ճանապարհին իմացան նաեւ, որ երիտասարդները նոր են նշանվել: Տղայի հայրն աղդամցի մեծահարուստ է, աղջիկը Լաչինից է՝ տեղի դատախազի դուստրն է: Երկուսով եկել էին ամառանոց, հետո որոշել առանձնանալ այդ բացատում: Նույնիսկ ուտելիք էին վերցրել իրենց հետ՝ «պիկնիկի» համար: Հաջորդ օրն ադրբեջանցի երիտասարդին բաց թողեցին: Այդ օրը լուր էին ստացել, որ ազերի օմօնականներն օգոստոսի 16-ին Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դաշտերից գերեվարել են 11 հոգու: Ադրբեջանցի երիտասարդին բաց էին թողել, որ իր ազդեցիկ հոր միջոցով փորձեր հնարավորինս արագացնել հայ գյուղացիների հետ իր նշանածի փոխանակությունը:
Աղջկան երեք օր պահեցին: Նրան վերաբերվում էին ինչպես իրենց հարազատ քրոջը: Վերջինս չէր էլ զգում, որ գերի է եւ գտնվում է թշնամու մոտ: Ավտոմեքենայում արդեն գիտեին, որ անունը Նազիլաթ է։ Երրորդ օրը Կարենը եկավ ու ասաց աղջկան.
- Նազիլաթ, վաղը դու ձեր տանը կամ նշանածիդ մոտ ես լինելու: Արդեն պայմանավորվածություն կա՝ քեզ փոխանակել ձեզ մոտ գերի պահվող գյուղացիների հետ:
Աղջիկը լուռ մոտեցավ սեղանին ու սկսեց հանգիստ հանել ոսկյա եւ ադամանդե զարդերն ու դրանք դնել սեղանին:
- Այդ ի՞նչ ես անում,- Կարենն ապշած նայում էր թանկարժեք զարդերը հանող աղջկան:
- Չէ՞ որ դեռ ավտոմեքենայում ասել էիք, որ ձեզ զենք է պետք, որպեսզի պաշտպանեք ձեր հողը, ձեր տունը, ձեր մայրերին ու քույրերին: Սրանցով դուք զենքեր կգնեք...
- Բայց քեզ ո՞վ է ասել, որ քո այդ զարդերը մենք վերցնելու ենք:
- Ոչ ոք: Ես եմ այդպես որոշել:
- Դրանցից ո՞րն է նշանիդ մատանին:
- Սա է,- աղջիկը ցույց տվեց ադամանդե քարով ոսկյա մատանին:
- Դա վերցրու, իսկ մյուսները, եթե այդպես ես որոշել, կարող ես թողնել: Բայց լավ մտածիր...
Աղջիկը սեղանից վերցրեց միայն նշանի մատանին․
- Կոմանդիր, արդեն որոշված է...

1991-ի մայիսն էր։ Տղաներն ուրախ էին հերթական մարտական առաջադրանքը կատարելու համար։ Նրանցից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ իրենց հրամանատարին՝ Կարեն Գաբրիելյանին, որին հետագայում Կոմանդոսը համարելու էր Արցախի ամենաքաջ հրամանատարներից մեկը, ընդամենը յոթ ամիս հետո, 1992-ի մարտի 15-ին՝ իր ծննդյան օրից 3 օր անց, սպանելու են դավադրաբար, հայրենակցի ձեռքով...

Վարդգես Օվյան