Հակոբ Արշակյանը, ՄԻՊ Անոն եւ մյուսները

Հակոբ Արշակյանը, ՄԻՊ Անոն եւ մյուսները

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կարելի է ասել, կրկին աչքս մտավ երեկ ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթով: Այդքան կազմակերպված ՔՊ-շնիկ ես դեռ չեմ տեսել: Հետո էլ ասում եք՝ ՔՊ-ի մեջ ոչ մի լավ բան չկա:
Հակոբ Արշակյանին ողջ հասակով առաջին անգամ տեսել եմ, երբ ԲՏԱ նախարար էր: Ասում են, որ դրանից առաջ նա մոտ մեկ տարի (2018-2019) ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն էր, բայց Փաշինյանի որոշումով, այնուամենայնիվ, դարձավ ԲՏԱ նախարար եւ մոտ երկու տարի (2019-2021) տանջվեց այդ պաշտոնում՝ այդպես էլ որեւէ բարձր տեխնոլոգիա չբերելով Հայաստան: Փոխարենը ԲՏԱ նախարար Արշակյան Հակոբը միանգամայն նոր մշակույթ ներմուծեց բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրագրողների փոխհարաբերությունների մեջ՝ դառնալով լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու եւ վերջինիս տեխնիկան դիտավորյալ փչացնելու առաջամարտիկը «Նոր Հայաստանում»: Այդ ժամանակ մի նորաձեւություն կար՝ պաշտոնյաները սիրում էին աշխատանքի ժամերին թթվել որեւէ սրճարանում՝ չնայած Փաշինյանի նախազգուշացումներին ու հորդորներին, որ պաշտոնյան պետք է լինի իր աշխատավայրում: Ինչեւէ, Հակոբ Արշակյանը խիստ զայրացել էր «սրճարանում լռվելու» մասին լրագրողի դիտարկումից, հասել հետեւից, հարվածել դեմքին, ապա՝ համակարգչին, վնասել հեռախոսը եւ այլն: ՔՊ վարչության անդամ էր տղեն, բա ի՞նչ պետք է աներ: 

Նույն օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային հանցագործությունների, ներողություն, հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը չուզեցավ գնահատական տալ տեղի ունեցածին. «Ես չեմ տեսել, թե հրապարակված տեսանյութից առաջ ինչ է տեղի ունեցել, ինձ դա է հետաքրքրում։ Դա ակնհայտորեն ամբողջական պատկերը չէ։ Մինչեւ չտեսնեմ ամբողջական պատկերը, բնականաբար, չեմ կարող ոչ մի գնահատական տալ»: Եվ մինչեւ օրս էլ Վահագն Ալեքսանյանն իր գնահատականը չի տվել, չնայած որ Հակոբ Արշակյանը դեպքից օրեր անց ներողություն խնդրեց լրագրողից: Այստեղ հոդվածի կոռեկտության հետ կապված հարց կարող է առաջանալ՝ իսկ Վահագն Ալեքսանյանի՞ն ինչու հիշեցիր: Պատասխանեմ՝ խիստ պատահաբար: Ուզում էի Հակոբ Արշակյանի եւ մեկ այլ ՔՊ-շնիկի միջեւ համեմատություն անցկացնել, եւ այդտեղ Վահագն Ալեքսանյանը պատահեց: Վահագն Ալեքսանյանը հաստատ ներողություն չէր խնդրի լրագրողից, եթե անգամ ոտքով հարվածած լիներ:

Բայց գանք ԱԺ, որտեղ երեկ քննարկվում էր ՄԻՊ-ի տարեկան զեկույցը, եւ ՔՊ-շնիկները, միմյանց հերթ չտալով, շնորհակալություն էին հայտնում Անահիտ Մանասյանին՝ նրա կատարած հսկայածավալ եւ անբասիր աշխատանքի համար: ՄԻՊ-ն էլ մե ժպտում էր, մե խունջիկ-մունջիկ գալիս բազկաթոռի մեջ… Ըմբոշխնում էր այդ ամենը: Դա տեւեց այնքան ժամանակ, մինչեւ որ նիստը վարող Հակոբ Արշակյանը որոշեց անձամբ ելույթ ունենալ: Թվում էր՝ նա էլ էր ուզում մի երկու քաղցր խոսք ասել ՄԻՊ-ին, բայց՝ ոչ: Արշակյանն ամբիոն էր բարձրացել, որ ընդդիմությանը բացատրի՝ ինչ կարելի է անել եւ ինչ չի կարելի անել: Ասաց՝ անթույլատրելի է միջպետական ճանապարհ փակելը: Նկատի ուներ Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունները: Բայց ես նրա ելույթից այդպես էլ չհասկացա, թե ինչու չի կարելի միջպետական ճանապարհ փակել, մանավանդ՝ եթե այդ ճանապարհը Կիրանցով անցնող միակ ճանապարհն է: Բա հո գյուղապետարան տանող ճանապարհը չէի՞ն փակելու: Արշակյանն այնուհետեւ անդրադարձավ ճանապարհի էդ փակ պահին ժողովրդի մեջ մխրճված վիլիսի թեմային, որի ապակիները ցուցարարները հասցրել էին կոտրել: Ասաց՝ չի կարելի մեքենայի ապակին կոտրել, վնասել մեքենան, որի վարորդն ընդամենը ուզեցել է անցնել փակ ճանապարհով: Արշակյանի ելույթի այս հատվածը, որ ճիշտն ասեմ, ինձ բավականին զայրացրեց: Հարցն այն է, որ 2018 թվականին իմ մեքենան եւս կոտրել էին, եւ դա արել էին ցուցարարները, ընդ որում՝ ոչ թե ձեռքով, այլ իրենց խլամ Opel-ով: Ես, բնականաբար, բողոքեցի: Արշակյանի այսօրվա շեֆն ու երեկվա ոստիկանապետ Օսիպյանը խոստացան փոխհատուցել վնասը: Օսիպյանը, ինչպես գիտեք, «թռած» է, իսկ Փաշինյանը, իբրեւ թե աշխատանքային գրաֆիկը չի ներում, հրաժարվում է ինձ ընդունել եւ փոխհատուցել վնասը: Եվ, ուրեմն, ասածդ ի՞նչ ա, պարոն Արշակյան, իմ մեքենան կարելի է կոտրել, իսկ «Երկրապահի» վիլիսը չի՞ կարելի: Իսկ գուցե երկակի ստանդարտն այստեղ բացատրվում է նրանով, թե ովքեր են կոտրողնե՞րը:

Այսուհանդերձ՝ Արշակյանի ելույթը շատ լավն էր եւ բավականաչափ լույս սփռեց «այն, ինչ կարելի է մեզ, չի կարելի ձեզ» սկզբունքի թաքուն ծալքերի վրա: Արշակյանը Նիկոլից մոտ 10 տարով փոքր է եւ, հավանաբար, լավ չի հիշում 2008-ի դեպքերը: Եվ նա երեկ ԱԺ ամբիոնից ուղղակի պախարակում էր Նիկոլ Փաշինյանին, որ 2008 թվականին ոչ միայն պետական մեքենաներ էր կոտրում Երեւանի կենտրոնում, այլեւ հրկիզում էր դրանք, ոստիկաններից մահակներ խլում, հարբած ամբոխին հորդորում՝ ավելի դուխոոոով: Կեցցես, պարոն Արշակյան: Ես միշտ ասել եմ ու էլի կասեմ՝ ՔՊ-ի շարքերում դեռեւս պահպանված հակոբարշակյաններին պետք է գուրգուրել ու լավ պահել:
ՀԳ. Իսկ տիկին ՄԻՊ-ին կխնդրեի առանձնապես չնեղվել այն բանից, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր կերպարին չանդրադարձավ ու գնահատական չտվեց այն մեծամեծ գործերին, որ կատարել է իր ղեկավարած գրասենյակը: Խառը ժամանակներ են Հայաստանում, Անահիտ ջան, համ էլ ամեն օր բռնաբարվող ժողովրդի համար ՄԻՊ-ը նույնն է, ինչ մանանեխը ճաշից հետո: