Դեժավյու

Դեժավյու

Առաջին հայացքից այսօր տեղի ունեցող իրադարձություններն անչափ նման են 2018-ի ապրիլի իրադարձություններին: Հանրային դժգոհությունը գործող իշխանություններից հասել է կուլմինացիայի, մարդիկ հուսահատ քայլերի են դիմում և հայտնվել է մարդ, ով իշխանության մեջ չի եղել, բարձր վարկանիշ ունի և մի նպատակ` փոխել գործող իշխանություններին: Ի դեպ, 2018-ի ապրիլին, գոնե մինչև ապրիլի 23-ը ոչ ոք չէր մտածում, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետի պաշտոնին հավակնում և ինքն էլ այդ մասին չէր ասում, առաջին անգամ Նիկոլ-վարչապետ հնչել է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Այս պարագայում, իհարկե, Բագրատ սրբազանը չի հավակնում և չի հավակնելու երկիրը ղեկավարել և սրանով այսօրվա շարժումը տարբերվում է 2018-ից:

Բայց կենտրոնանանք նմանությունների վրա. 2018-ին էլ Սերժ Սարգսյանը հանգիստ էր և արտաքուստ խաղաղ պաշտոնավարում էր. Ծաղկաձորում նշում էին վարչապետի պաշտոնում նրա ընտրվելը, նա կառավարության նիստեր էր անում, հյուրեր ընդունում, հաղորդագրություններ տարածում: Ազգային ժողովը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, նախարարները, բոլորը ձևացնում էին, թե ոչինչ չի կատարվում երկրում: Եվ ձևացնում էին ոչ միայն ապրիլի առաջին օրերին, այլ ընդհուպ մինչև 20-23-ը: Բոլորին թվում էր, թե Սերժ Սարգսյանը շախմատային բազմաքայլ կոմբինացիա է մտածել և պարտիան շահելու է: Բայց հասարակությունը տեսնում էր, որ իշխանությունը կամաց գնում է Հանրապետականի ձեռքից, միայն Հանրապետականը չէր տեսնում: Այն ժամանակ էլ ֆեյսբուքյան ստատուսչիներին թվում էր, թե երկրի ճակատագիրն իրենց ստատուսներից ու քոմենթներից է կախված և իշխանական ֆեյքերի ու վարձու ստատուս գրողների բանակը ակտիվ աշխատում էր, ինչպես հիմա, երբ իշխանական իբր վերլուծաբանը օրը 25 հատ գրառում է անում` վերևից իջեցված նարատիվներով: Իսկ դրանք շատ չեն. Բագրատ սրբազանը և եկեղեցին կառավարում են նախկինները, որոնք ուզում են հետ գալ իշխանության և Ռուսաստանն է կառավարում այս շարժումը:

Բայց Հայաստանի վիճակը 2018-ին և հիմա նույնը չէ. այն ժամանակ պայքարում էին, որ երկու ժամկետ պաշտոնավարած նախագահը հեռանա` իր հետ տանելով լկտիացած սաշիկ- վաչոներին, այսօր պայքարում են հայրենիքը հանձնող իշխանության դեմ, որը ստրուկի նման ծառայում է թուրք-ադրբեջանական շահերին, հայ ժողովրդին խաբելով փորձում կատարել նրա պահանջները, սպառնալիքներով փորձելով վախ ներշնչել և պատերազմի վտանգի ներքո կոտրել հայ հասարակությանը: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է ձևացնում, որ ոչինչ չի կատարվում երկրում` վարչապետի գավաթի համար սպորտային մրցումների է գնում, կնոջը յասամաններ է նվիրում, կառավարությունում հյուրեր է ընդունում, հարցազրույցներ է տալիս և հասարակությանը համոզում, որ այլ ելք չկա, որ սա ոչ թե ձախողում ու պարտություն է, այլ պատմական իրադարձություններ` երկրի ապագային ուղղված քայլեր: Եվ իշխանական պնակալեզների մի ողջ բանակ, ինչպես 2018-ին, այսօր էլ Փաշինյանին են քծնում, հավատացնում, որ տիրապետում են իրավիճակը, որ ինքը հավերժ է ու անսասան, ոչ մի Սրբազան, ոչ մի հանրային վրդովմունք ու շարժում չի կարող իր իշխանությունը սասանել: Իհարկե, մի հանգամանք 18-ի համեմատ այլ է. միջազգային հանրություն կոչվածն ամեն ինչ անում է Փաշինյանին աջակցելու համար, որովհետև այսպիսի կամակատար իշխանություն, ինչպես ՀՀ այսօրվա իշխանությունն է, այլևս երբեք չի լինի մեր երկրի գլխին, իսկ ամերիկաներին ու եվրոպաներին ինքնիշխան, ուժեղ, Ադրբեջանի կամքը չկատարող Հայաստան բոլորովին պետք չէ:

Արեգ Մարգարյան