Նրանք ոչ «Freedom House»-ի նշանակությունը գիտեն, ոչ էլ նման կառույցների հետ կարող են աշխատել

Նրանք ոչ  «Freedom House»-ի նշանակությունը գիտեն, ոչ էլ նման կառույցների հետ կարող են աշխատել

Վերջերս «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել էր, որ ժողովրդավարության անվան տակ հանդես եկող Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում:

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությանն ի պատասխան նշել էր. ««Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ»:

Երեկ տեղեկացանք, որ «Freedom House»-ի եզրակացություններն անկարևոր համարող ՔՊ-ականները ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անունից հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգող Քեթի Լարոկին, հետազոտական ավագ վերլուծաբան Մայք Սմելցերին:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում իր տարակուսանքն է հայտնում ՔՊ-ականների հայտարարությունների և գործողությունների վերաբերալ: Նշում է, որ իշխանականները շատ հաճախ պարզապես չեն գիտակցում իրենց իսկ հայտարարությունների հետևանքները: Հովհաննիսյանի գնահատմամբ՝ «Freedom House»-ի այն զեկույցը, թե Հայաստանում ժողովրդավարությունն անկում է ապրում, բացարձակ ճշմարտություն է. «Ու որքան գիտեմ «Freedom House»-ին գնահատական տված պատգամավորը լրագրող է եղել: Հայաստանում անգրագետ հայտարարություններ անող իշխանավորները բավականին շատ են: Նրանք ոչ «Freedom House»-ի նշանակությունը գիտեն, ոչ էլ նման կառույցների հետ կարող են աշխատել: Այս մարդիկ իրականում նման աշխատանք կատարելու հմտություն չունեն: Այնքան անտեղյակ են, որ անգամ չգիտեն՝ այդ կառույցներն են պետության հեղինակությունը միջազգային տարբեր հարթակներում ներկայացնում: Չգիտեն` բավական չէ, չեն էլ ուզում հասկանալ, չեն ուզում, որովհետև հասկանալու համար պետք է աշխատել, պետք է ընկալել պետության հեղինակությունը դրսում: Այս իշխանության համար դա այնքան էլ կարևոր չէ, նույնիսկ պետության առաջին դեմքը չի գիտակցում, թե իր հայտարարություններն ինչպես կարող են ընկալվել դրսում: «Freedom House»-ի այն հայտարարության հետ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անկում է ապրում, ոչ միայն համամիտ եմ, այլև ցավով պետք է արձանագրեմ, որ ժողովրդավարության հետընթացը լինելու է շարունակական: Հայաստանում այսօր կա խոսքի ազատության, զանգվածային ակցիաների ազատության խնդիր: Իշխանությունները շատ հաճախ ազատություն ասելով նկատի են ունենում իրենց հայհոյանքները, որը ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ: Կիրանցում տեղի ունեցածն էլ դրա վառ ապացույցն էր, որի մասին հայտարարություն տարածեցինք»,- եզրափակեց իրավապաշտպանը: