Հայը և հայկականը․ Հայ գիտնականների անունները գիտական բանաձևերում, գիտական ձևակերպումներում եւ հավասարումներում

Հայը և հայկականը․ Հայ գիտնականների անունները գիտական բանաձևերում, գիտական ձևակերպումներում եւ հավասարումներում

(մաս 4-րդ)

Պարզեցված տարբերակ

ՖԻԶԻԿԱ (ներառյալ աստղագիտություն)

 

«Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ»

Օսիպ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ,

ռուս բանաստեղծ

Հայ եւ հայազգի գիտնականների անուններով ֆիզիկայի բնագավառում հայտնի են մի շարք գիտական օրինաչափություններ: Ստորեւ ներկայացվել են այդ գիտական օրինաչափություններից մի քանիսը:

ԱՍԿԱՐՅԱՆԻ էֆեկտ, հոծ եւ ռադիոալիքների համար թափանցիկ միջավայրում (օրինակ` աղ, սառույց կամ լուսնային ռեգոլիտ) լույսի արագությունից ավելի բարձր արագությամբ շարժվող մասնիկը ծնում է լիցքավորված երկրորդային մասնիկների փունջ, որը պարունակում է լիցքային անհամասեռություն եւ սպեկտրի կարճալիք կամ ռադիոալիքային տիրույթում ճառագայթում է կոհերենտ ալիքների կոն։ Այս երեւույթը տեսականորեն կանխատեսվել է Գ.Ասկարյանի կողից 1962 թ.-ին: Ասկարյանի էֆեկտ համանման է Վավլիով-Չերենկովի երեւույթին:

ԳՈւՐԶԱԴՅԱՆ-ՊԵՆՌՈՈւԶԻ հիպոթեզ, տիեզերքի առաջացման տեսություն: Առաջարկել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Վահագն Գուրզադյանը եւ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Պենռոուզը:

Կիրիլիան ամուսիները

ԿԻՐԼԻԱՆԻ էֆեկտ, բարձր հաճախականության դաշտում (10-100կՀց) յուրաքանչյուր օբյեկտի լուսարձակման պատկերումը, Կիրլիանյան աուրա, կիրլիանոգրաֆիա: Գազային արտանետման միջավայրում տարբեր բնույթի օբեկտների լուսանկարահանման նոր եղանակ, որը թույլ է տալիս հետեւել ատոմների եւ մոլեկուլների ճառագայթմանը:

Կիրլիանի էֆեկտը 1939-ին հայտնաբերել է Ս. Կիրլիանը՝ կնոջ մասնակցությամբ (արտոնագրվել է 1949-ին): Նման փորձեր, սակայն նախկինում էլ են կատարվել Ն. Տեսլայի, Յա. Օ. Նարկեւիչ-Յոդկոյի կողմից:

ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԻ ինվարիանտության սկզբունք, Ճառագայթման տեղափոխման կամ մասնիկների դիֆուզիայի ընթացքների ուսումնասիրության եղանակ: Այն առաջարկել է Վ. Համբարձումյանը 1942-ին։

Վ. ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԻ ՏԻԵԶԵՐՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ տեսություն, տիեզերքի եւ նոր աստղերի ծագման տեսություն, որն առաջ է քաշվել աստղագետ Վ. Համբարձումյանի կողմից:

Վ. ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԻ ԳԱԼԱԿՏԻԿԱՆՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՄԻՋՈւԿՆԵՐԻ տեսություն (AGN), գալակտիկաների միջուկներում տեղի ունեցող երեւույթների տեսություն: Այս տեսությունն այնպիսի մասայականություն է վայելել գիտական աշխարհում, ինչպիսին Հոկինգի սեւ խոռոչների տեսությունը: Ըստ այդ տեսության՝ գալակտիկաների դրսեւորած ակտիվությունն ու վարքագիծը պայմանավորված են վերջիններիս միջուկով: Միջուկն է թելադրում գալակտիկայի վարքը:

ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ-ԻՎԱՆԵՆԿՈ վարկած, զանգված ունեցող մասնիկների առաջացման տեսություն: Այս տեսությունն առաջ է քաշվել 1930-ին Վիկտոր Համբարձումյանի եւ Դիմիտրի Իվանենկոյի կողմից, ըստ որի ոչ զրոյական զանգվածով տարրական մասնիկները փոխազդեցության ընթացքում կարող են ծնվել կամ ոչնչանալ։

ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԻ հավասարում, ֆիզիկական կինետիկայի կարեւորագույն հավասարումներից մեկը:

Այս բանաձեւի օգնությամբ լուծվում են ֆիզիկական կենետիկայի մի շարք խնդիրներ: Բանաձեւն 1940-ականներին ձեւակերպել է Վ. Համբարձումյանը:

ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ սողքի տեսություն, առաձգական հիմքի վրա հիմնված անսահմանափակ սալիկի կռման տեսություն: Այս տեսության հիմնական դրույթները շարադրվել են Ն. Խ. Հարությունյանի կողմից [«Սողքի տեսության մի քանի հարցեր», 1952, Մոսկվա]

ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ կորիզ, պլաստիկության եւ առաձգամածուցիկության տեսության մեջ է հանդիպում այս ձեւակերպումը:Առաջարկվել է Ն. Հարությունյանի կողմից:

ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ-ՎԱՍԻԼԵՎ տեսություն,Վասիլեւ-Հարությունյան տեսություն, բետոնի լարվածության խնդիրների լուծման տեսություն: Վասիլեւ-Հարությունյան տեսությունը լուծում է բետոնի լարվածության թուլացման խնդիրները, որը հիմնված է Մասլով-Հարությունյան հավասարման վրա:

ՄԱՍԼՈՎ-ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ սողքի տեսություն, առաձգա-սողքային մարմնի, ծերացող նյութերի մաթեմատիկական, բարակապատ տարրերից առաձգական մարմինների ուժի փոխանցման կոնտակտային խնդիրների տեսություն: Այս տեսության հիմնական դրույթները շարադրվել են 1947-1949-ին՝ Ն. Խ. Հարությունյանի կողմից [«Սողքի տեսության մի քանի հարցեր», 1952, Մոսկվա]:

ՄԱՏԻՆՅԱՆ-ՍԱՎՎԻԴԻԻ էֆեկտ, քվանտային քրոմադինամիկայում գլուոնային կոնդենսացման երեւույթ: Այս երեւույթն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ գլուոնային դաշտում տեղի է ունենում հիմնական վիճակի էներգիայի նվազում: Երեւույթն աշխատակիցների հետ հայտնաբերել է  ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սերգեյ Հայկի Մատինյանը։

ՄԱՏՎԵԵՎ-ՄՈւՐԱԴՅԱՆ-ԹԱԽՎԵԼԻՁԵԻ քվարկային հաշվարկի կանոն, տարրական մասնիկների ֆիզիկայում եւ բարձր էներգիաների ֆիզիկայում մասշտաբային ինվարիանտության վարկածից բխող քվարկային հաշվի բանաձեւ: ՄԱՔՍՎԵԼ-ԻՈՍԻՖՅԱՆ հավասարում, էլեկտրադինամիկայի դիֆերենցիալ հավասարումների նոր համակարգ, Էլեկտրամեխանիկական հավասարում, գրավիտացիայի նոր բանաձեւ էլեկտրադինամիկայի դիֆերենցիալ հավասարումների նոր համակարգ, որը լրացնում է Մաքսվելի հավասարումը եւ բացում է նոր խնդիրների լուծման հնարավորություն: Բանաձեւն 1-ին անգամ 1959-ին առաջարկվել է Ա. Իոսիֆյանի կողմից:

«ՄՈւՐԱԴՅԱՆԻ էֆեկտ», Արեգակի վերին շերտերում շառավղային արագությունների միջոցով ընթացող երեւույթների բացահայտման մեթոդ: Հայտնաբերել է ռումինահայ աստղագետ Զատիկ Համբարձումի Մուրադյանը:

ՇԱՀՈւՄՅԱՆԻ բանաձեւ, հիդրավլիկական թռիչքի հավասարում: Բանձեւն առաջարկվել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Վահրամ Հարությունի Շահումյանի (1908-1964) կողմից:

ՇՉՅՈԼԿԻՆԻ տուրբուլենտ գոտի, ի հայտ է գալիս այրման ժամանակ: Այն ընդունված է գիտական գրականության մեջ եւ հայտնի է «Շչյոլկինի բոցի տուրբուլենտ գոտի» անունով: Երեւույթի բացահայտումը կատարել է ԽՍՀՄ աշխատանքային միակ հայ եռակի հերոս Կիրիլ Շչյոլկինը  (Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանը):

ՉՈԲԱՆՅԱՆԻ էֆեկտ, տարբեր առաձգական հատկություններ ունեցող համասեռ իզոտոպ մարմինների միացման ժամանակ ի հայտ եկող  թերլարվածության երեւույթ:

1999-ին ՀՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում սահմանվել է Չոբանյանի անվան մրցանակ, որը 3 տարին մեկ շնորհվում է միացությունների ամրության եւ թերլարվածության հարցերին վերաբերող լավագույն աշխատանքների համար:

Չոբանյանը հայտնաբերել է եռակցման նոր մեթոդ, որը կարեւոր առաջընթաց է համարվել գիտության մեջ։

Հայտնագործության հեղինակներ (ձախից աջ) Գ. Ա. Ասկարյան, Ա. Մ. Պրոխորով, Գ. Պ. Շիպուլո՝փորձարարական լուսահիդրավլիկական էֆեկտի սարքի մոտ

ՊՐՈԽՈՐՈՎ-ԱՍԿԱՐՅԱՆ-ՇԻՊՈւԼՈՅԻ լուսահիդրավլիկական էֆեկտ, պղնձի սուլֆատով խտացրած ջրի ճառագայթումը ռուբինային լազերի հզոր ճառագայթման միջոցով: Հայտնագործությունը կատարվել է 28.02.1963-ին եւ գրանցվել է ԽՍՀՄ հայտնագործությունների մատյանում (թիվ 65) Ա. Մ. Պրոխորովի, Գ. Ա. Ասկարյանի եւ Գ. Պ. Շիպուլոյի կողմից, որով դրվել է նոր տեխնոլոգիական էպոխայի հիմքը:

ՍԿՈՐՆՅԱԿՈՎ-ՏԵՐ-ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ հավասարում, քվանտա-մեխանիկական հավասարում: Այս օրինաչափությունը 1952-1954-ին լուծել է Կ. Ա. Տեր-Մարտիրոսյանը այն ուժերի համար, որոնք ունեն գործունեության զրոյական շառավիղ:

ՏԵՐ-ՄԻՔԱՅԵԼՅԱՆ—ՅՈւԲԵՐԱԼԻ էֆեկտ, բեւեռացման բարձր աստիճանով գամմա-քվանտների քվազի մեներանգ փունջ, որի համար հիմք է ծառայել արգելակման կոհերենտ ճառագայթումը: Երեւույթը բացահայտել է ֆիզիկոս Միխայիլ Տեր-Միքայելյանը (10.11.1923-30.01.2004):

 

Գագիկ Արծրունի