Պարկի ո՞ր անկյունից մախաթը գլուխը կհանի․․․

Պարկի ո՞ր անկյունից մախաթը գլուխը կհանի․․․

Վեց տարի շարունակ մամուլը հեղեղված է եղել Նիկոլին վերաբերվող նյութերով։ Անգամ  աթոռից զրկվելու ճակատագրական  օրերին, երբ նա թաքնվել էր բունկերում,  էլի երևացել ու խոսել է, էլի օրակարգը իրենով է արել։ Այսօր նայում եմ բոլոր նյութերը․  նա չկա։ Ու քանի որ նրա ձեռագրին արդեն ծանոթ եմ,  սպասում եմ՝ պարկի ո՞ր անկյունից ասեղը կամ մախաթը կհանի գլուխը։ Ժողովրդի խոսք է՝ ասեղը պարկում չես թաքցնի։ Ու քանի որ պարկի մեջ տարբեր չափերի ասեղներ կան, առայժմ մախաթի գլուխը չի երևում, մանրիկ ասեղներն են «նախշազարդում» հայրենատիրական շարժումը։ Մախաթը կերևա, նա պարկում թաքնվել չի կարող։ Նա կհանի գլուխը։ Եթե վեց տարի նա պարկն ընդունել է որպես սեփական քողարկման գործիք, ժողովրդի անունն օգտագործել է որպես քողարկման միջոց, այսօր արդեն տեսնում է, որ այդ պարկը իրենը չի, որ ինքն այլևս չի կարող թաքնվել նրա մեջ։

Ժողովուրդը, ալիք տալով, իր հայրենիքի վանքերի, եկեղեցիների, մատուռների զանգերի աղերսական  ձայնով,  իր իսկ ստորագրությամբ  հանձնած քաղաքների, գյուղերի, ճանապարհների, մարտական դիրքերի հայրենատիրական կամքով գալիս ու իրենից պատասխանատվություն է պահանջելու։ Ժողովուրդը գալու ու նրանից  իր հաղթանակներն է պահանջելու։ Գալու ու իրեն նվաստացնելու, խաբելու գինն է պահանջելու։ Գալու ու իր տունը, հողը, աղոթքի մատուռն է պահանջելու։ Որտե՞ղ է թաքնվել մախաթը, ինչու՞ են  մանր ասեղիկները գլխիկները հանել։ Ի՞նչ է մոգոնում մախաթը։ Ես ավելի նուրբ բառ եմ օգտագործում, ինքը չաքուջ բառն էր օգտագործում։ Ու՞ր է մեր գլխին իջնող չաքուջը։ Ի՞նչ է մոգոնում։ Հանկարծ չմտածեք, որ նա յասամանի ծառի տակ նստած յասաման է քաղում։