Ինչպես հասկանալ ՌԴ ՊՆ-ում սկսված «մեծ մաքրազարդումը»

Ինչպես հասկանալ ՌԴ ՊՆ-ում սկսված «մեծ մաքրազարդումը»

Վլադիմիր Պուտինի 2024-2030 թթ․ կառավարման շրջանի մեկնարկն աչքի կընկնի երկրի ռազմական գերատեսչությունում իրականացված «մաքրմամբ»։ ՌԴ ՊՆ-ում շարունակվում են աղմկոտ ձերբակալությունները եւ ձերբակալվածները բարձրաստիճան ներկայացուցիչներ են՝ փոխնախարարներ, դեպարտամենտների ղեկավարներ, որոնք պատասխանատու են ՊՆ գործունեության ամբողջական ուղղությունների համար։ Այդ ձերբակալությունները բավական հետաքրքիր հանրային տրամադրություններ են ստեղծել։ Նախ, մարդիկ սկսել են խոսել այն խնդիրների մասին, որոնք կան ռազմական գերատեսչությունում եւ պետական կառավարման համակարգում կոռուպցիայի մասին եւ հանրության մեջ տիրապետում է այն ուրախությունը, որ վերջապես սկսվեց «մեծ մաքրազարդումը» եւ «համակարգի թարմացումը»` «վերջապես վերեւներում որոշել են լրջորեն զբաղվել կուտակված ցավոտ խնդիրներով»։

Թե ինչ կա այս «մաքրազարդումների» տակ իրականում, ցույց կտա ժամանակը։ Գուցե պատերազմական այս իրավիճակում սա անհրաժեշտ էր, որպեսզի հանկարծ բարձր աշխատասենյակներում նստածները չափազանց ապահովագրված չզգան իրենց եւ մթնոլորտը չօգտագործեն սեփական բարեկեցության մակարդակը կտրուկ բարձրացնելու համար։ Գուցե այլ հարցեր էլ կան, որոնց մասին մի օր կիմանանք։ Սակայն կարեւոր է այն, որ մինչ այժմ ձերբակալությունները հիմնական կոռուպցիոն խնդիրների հետ են կապված, այլ ոչ թե, օրինակ, պատերազմում ցուցաբերված հանցավոր անգործության կամ հանցավոր անտարբերության։ Բայց ձերբակալված բարձրաստիճան զինվորականների ընդհանուր ծառայողական վաստակը չի փրկում նրանց։ Այսինքն, հարց չի բարձրացվում, թե որքան են արդյունավետ եղել ձերբակալված կոռուպցիոներներն իրենց հիմնական պարտականությունները կատարելիս, թեեւ այս մասին էլ հասարակության լայն շերտերն ամբողջական ինֆորմացիա չունեն։ Ընդհանուր առմամբ, այս «խիստ չափավոր մոտեցումը» կարելի է համարել պուտինյան վարչակարգին հատուկ գիծ։ Դեռ հայտնի չէ նաեւ, թե ովքեր են փոխարինելու ձերբակալվածներին։

Պարզ է, որ մարդիկ ռազմական ոլորտից են, այսպես ասած, փափուկ աշխատասենյակներից եւ ոչ, ասենք, պատերազմական առաջնագծից, ովքեր գուցեեւ նույնպես քիչ «մեղքեր» չունեն գործած, ուղղակի նրանց բախտն ավելի է բերել, եւ չեն բռնվել դեռ։ Մյուս կողմից, ինչպես նկատում է քաղաքագետ Նիկիտա Տրետյակովը, չպետք է մոռանալ, թե ինչ կառուցվածք ունի ռուսական իշխանական համակարգը, ինչպիսի կլանային «կրեմլյան աշտարակների» համակարգ է գործում Ռուսաստանում, ով ում մտերիմն է, ում հետ է նստում-ելնում, ով ում թիմից է եւ այլն։ Այս համակարգում որեւէ փոփոխություն իր հետ բերում է ածանցյալ հարցեր, որոնք պետք է հընթացս կարգավորվեն, նախքան ամեն բան կընկնի բնականոն հունի մեջ։