Ինչպես է բազմանում սատանան
Ինչպես հայտնի է, սատանայի էգուորձը չի լինում: Դա մի պոզավոր կենդանի է, քայլում է երկու ոտքի վրա, բայց բոլոր վերջույթներին սմբակներ ունի: Ի տարբերություն երկոտանի մարդու՝ ունի պոչ, իսկ պոչի ծայրին կա նետանման սուր վերջավորություն: Էլ երկար չնկարագրեմ, բոլորդ էլ տեսել եք այդ ծուռ ոտքերով այլանդակ էակին: Հարցն այն է, թե ինչպես են բազմանում այդ էակները: Ինձ թվում է՝ դա միայն ես գիտեմ, թեեւ այդ մասին կարծիք հայտնողների պակաս չկա: ԱԺ պատգամավոր, բանաստեղծ Աղվան Վարդանյանը, օրինակ, «կարծում է», որ սատանաներն «ինքնին չեն բազմանում» «սաղմի սառած լինելու պատճառով»: Այստեղ ակնհայտ է, որ պոետը ձգտում է իր խոհափիլիսոփայության ուժով «ջրել» խնդիրը, որպեսզի հասարակությանն ավելորդ տագնապներ չպատճառվեն: Բայց արդյո՞ք դա հարցի լուծում է, չէ՞ որ այստեղից նոր հարցեր են առաջանում՝ բա ինչո՞ւ են սատանաներն այսքան շատացել, հո կախարդական փայտիկ չունե՞ն: Եվ ապա՝ պատահականությո՞ւն է, արդյոք, որ ՀՀ գրեթե բոլոր հատուկ ծառայությունները լծվել են սատանա բռնելու գործին: Ուրեմն սատանա կա, չէ՞, ուրեմն այդ սատանան ինչ-որ կերպ բազմանում է, չէ՞:
Սատանայի բազմացման սաղմնային ճանապարհը ես բացառում եմ: Եթե սատանայի էգուորձը չկա, էլ ի՞նչ սաղմնային ճանապարհ: Մնում է կիսվելու տարբերակը, երբ մեկ սատանայից ստացվում է երկու սատանի ճուտ: Այս տարբերակն էլ, հակառակի պես, գիտականորեն հնարավոր չէ ապացուցել: Ո՛չ համապատասխան լաբորատորիաներ ունենք, ո՛չ փորձանմուշ, ո՛չ էլ մասնագետ: Հենց այդ պատճառով էլ ես գնում եմ այլ ճանապարհով, որպեսզի կարողանամ ինչ-որ կերպ բացատրել այդ էակների բազմացման պրոցեսը: «Նադայել» են արել արդեն, դրանք կարող են այնքան շատանալ, որ վաղը, մյուս օրը մեծամասնություն կազմեն Հայաստանում: Հայաստանն էլ հո ժողովրդավարության բաստիոն է: Մեկ էլ կտեսնենք՝ եկան իշխանության: Եվ, ուրեմն, պետք է այս խնդիրը ճիշտ ախտորոշել եւ ոչնչացնել այն օջախները, որոնք նպաստում են սատանաների բազմացմանը:
Այժմ ներկայացնեմ սատանաների թվաճը նվազեցնելու, կանգնեցնելու եւ սատանան որպես տեսակ իսպառ վերացնելու իմ ճանապարհային քարտեզը: Իմ համոզմամբ՝ առաջին քայլով պետք է հասարակությունից մեկուսացնել Նիկոլին: Հլա ասեք՝ ընչի՞… Տրամաբանությունը հուշում է, որ առաջինը պետք է բռնել «պառաժ» գցողին, իսկ տվյալ դեպքում դա Նիկոլ Փաշինյանն է, նա է առաջինը «գոռացել»՝ բռնեք սատանային: Ու քանի որ Նիկոլը նաեւ պաշտոնի բերումով էր առաջինը, բոլորը խառնվեցին իրար՝ ընդհուպ ԱԱԾ-ի մեր գործընկերները, որոնց համար նույնիսկ տիեզերքում գաղտնիքներ չկան: Այդպես սկսվեց սատանաների որսը, իսկ այդ գործի գլուխ անցավ ԱԱԾ-ն՝ իր հետ տանելով գրեթե բոլոր ուժայիններին ու իրավապահներին: Հայաստանում այսօր հազիվ մեկ տասնյակի չափ պարեկ գտնեք, որոնք դեռ թույլտվություն չունեն սատանա բռնելու: Պատճառը, եթե չեմ սխալվում, նրանց տարիքն է:
Նիկոլին բռնելուց հետո պետք է հարցնել՝ ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում տեսար առաջին սատանային, որպես վարչապետ՝ ի՞նչ քայլեր ձեռնարկեցիր նրան վնասազերծելու ուղղությամբ: Հասկանալի է, չէ՞, որ այդ իրավիճակում շարքային քաղաքացին կգոռար՝ միլիցիա, միլիցիա… Դուք, որպես վարչապետ, ի՞նչ արեցիք, պարոն Փաշինյան, որ սատանան հապաղեր, չհասցներ թաքնվել մինչեւ միլիցիայի գալը: Ու կպարզվի, որ Փաշինյանն իրեն միտումնավոր դրել է մեր հարեւան Պողոսի տեղն ու գոռացել՝ ԱԱԾ, ԱԱԾ՝ այդկերպ փախուստի մատնելով սատանային:
Որքան գիտեմ, Նիկոլի կանչերի վրա դեռ ոչ մի սատանա չի բռնվել: Շտապօգնությունում լավ գիտեն, թե ինչ է նշանակում գնալ «լոժնի վիզովի» հետեւից: Տեղ ես հասնում, իսկ այնտեղ բոլորը ողջ ու առողջ են, արաղը դեմները դրած՝ ուտում-խմում են: Նույնը Նիկոլի պարագայում է տեղի ունենում: Կանչում է՝ հասեք, բռնեք սատանային… Համապատասխան մարմինները գալիս են, իսկ Նիկոլն իր կաբինետում հանգիստ նստած է: Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը պարզապես «շուլուխ» է անում պետական մարմինների հետ, սրանք էլ լուրջ են ընդունում այդ ամենը: ՔԿ ղեկավար Քյարամյանն այնքան լուրջ ընդունեց Նիկոլի կանչերից մեկը, որ «ավտոատվետչիկ» բռնեց՝ կարծելով սատանա է բռնել: Ինչեւէ:
Քանի դեռ Նիկոլը բռնված կլինի, կարելի է ուշիուշով հետեւել նրա վարքագծին՝ կամեռի ո՞ր հատվածում է քնում, հանգի՞ստ է քնում, արդյոք, թե՞ ցնցումների մեջ, եւ, ամենակարեւորը՝ խցում նա իրեն պաշտպանվա՞ծ է զգում սատանայից, թե՞ շարունակ նույն ոճով կրկնում է՝ հասեք, բռնեք սատանային:
Քյարամյանն էլ թող մոտերքում լինի, որ կարողանա Նիկոլի ձայնը տարբերել ավտոատվետչիկի ձայնից:
Ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլն է սատանաների բազմացման աղբյուրը, «մայր պուլտը», եթե կուզեք: Չի բացառվում, որ սատանաները դուրս են գալիս նրա միջից՝ հիմնականում գլխից, ինչպես մի ժամանակ ծնվում էին հզոր ու դաժան աստվածների որդիները: Բայց, ի տարբերություն այդ աստվածների, Նիկոլն իր ներսի «էակներին» լույս աշխարհ է բերում տարատեսակ վախերի արդյունքում: Հենց ինչ-որ բանից մի քիչ շատ է վախենում, իսկույն գոռում է՝ բռնեք սատանային, բռնեք սատանաներին… Եվ ինչպես թիվ ու համբարք չկա Նիկոլի վախերին, այդպես էլ սատանաներին թիվ ու համբարք չկա մեր երկրում: Փակ խցից նրանք չեն կարող դուրս գալ: Եվ այսքանից հետո կարելի է կատարել այս ճանապարհային քարտեզի վերջին քայլը՝ Նիկոլին դնել մեծ կաթսայի մեջ ու խաշել՝ հույս ունենալով, որ նրա միջի սատանաներն էլ հետը կխաշվեն: Սրա նախադեպը մենք ունենք՝ «Նեսոյի քարաբաղնիսը», Հովհաննես Թումանյան:
Կարծիքներ