«Հրապարակ». Որն է եղել գործարար Արման Պետրոսյանի ազատության գինը

«Հրապարակ». Որն է եղել գործարար Արման Պետրոսյանի ազատության գինը

Վերջերս լուռումունջ, առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու, դատախազությունն ու Հակակոռուպցիոն դատարանը փակեցին մի գործ, որը բավականին աղմկոտ ու հավակնոտ սկիզբ ուներ։ Գործով կալանավորված ու հետախուզվող անձինք կային։ Դրանք հանրային դեմքեր էին՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ՌԴ-ում եւ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, նրա որդին՝ դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաեւ գործարար Արման Պետրոսյանը։ Վերջինս Պուշկինի 25 թանկ բազմաբնակարան շենքի համասեփականատերն է եւ ապրում է այս նույն շենքում։ Այս գործի շրջանակներում կալանավորվել էին ե՛ւ հայր ու որդի Սմբատյանները, ե՛ւ Արման Պետրոսյանը: Նրանք կալանքի տակ էին 2023 թվականի հուլիսի վերջից։ 

Կարճ հիշեցնենք գործը․ հայր եւ որդի Սմբատյանները եւ Արման Պետրոսյանը մեղադրվում էին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին կից 300 քմ մակերեսով հողատարածքը «խարդախությամբ հափշտակելու համար»՝ տարածք, որը 2012 թվականին կառավարությունը նրանց պատկանող «Սոխոսենթր» ընկերությանը հատկացրել էր անհատույց, պայմանով, որ «Գրքերի աշխարհ» կառուցեն։ Սակայն «Գրքերի աշխարհի» փոխարեն Արման Պետրոսյանի շենքին կից կառուցվեց 17 հարկանի համալիր՝ Կողբացի 36/3 հասցեում՝ ռեստորաններով, հյուրանոցային հատվածով, գրասենյակներով։ «Գրքերի աշխարհ», գրադարան կամ գրքի հետ ասոցացվող ոչինչ այդտեղ չկար։ Դատախազությունն էլ որոշեց, որ տարածքը խարդախությամբ հափշտակվել է պետությունից, եւ չնայած կառավարության որոշմանը, այդ գործարքին առնչվող բոլոր անձանց մեղադրանքներ առաջադրեց ու կալանավորեց։ Անգամ հայտնի դիրիժոր, պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանին չխնայեցին: Ճիշտ է` երաժշտական հանրությունը եւ տարբեր մտավորականներ աղմուկ բարձրացրին, դիմում-խնդրագրերով հանդես եկան` միջնորդելով ազատել հայր եւ որդի Սմբատյաններին, եւ մոտ 3 ամիս կալանք կրելուց հետո նրանք ազատ արձակվեցին: Բայց Արման Պետրոսյանը շարունակեց նստած մնալ: 

Այս տարվա ապրիլին, մոտ 11 ամիս կալանքի տակ մնալուց հետո, դատախազությունը «բարիշեց» գործարար Պետրոսյանի հետ։ Արման Պետրոսյանին ազատեցին, մեղադրանքը կարճեցին։ Բայց ազատումն Արման Պետրոսյանին հեշտ չի տրվել։ Մեր տեղեկություններով, մարդիկ են մեջ ընկել, Նիկոլի մոտ են մտել` խնդրել, բացատրել, որ ամեն ինչ կառավարության որոշմամբ է եղել, կատարվածում հանցանք չկա: Ի վերջո, Փաշինյանին համոզել են, եւ նրա հրահանգով` դատախազությունը սկսել է բանակցել Պետրոսյանի ներկայացուցիչների հետ: Այսպես ասած` ազատության գին է սահմանվել՝ իր թանկ շենքից նվիրատվություն անել Հայաստանի Հանրապետությանը` տարածքի տեսքով, ինչի դիմաց խափանման միջոցը կփոխեն։ Գործարքը վերջնական ձեւակերպում է ստացել Հակակոռուպցիոն դատարանում։ 

Անցյալ տարվա մայիսին դատախազությունը դիմել էր Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հետ 03.12.2012թ․ կնքված «Գույքի օտարման եւ գրավի» պայմանագիրը եւ  «Սոխոսենթր» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը։ Ահա, այս գործի շրջանակում էլ արդեն 2024-ին կնքվել է հաշտությունը։ «Սոխոսենթր» ՍՊԸ-ն ընդունել է, որ մեղավոր է, եւ, ըստ դատախազության հետ հաշտության համաձայնության, պետությանն է փոխանցել Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով եւ 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքն ու հողի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` որպես «Սոխոսենթր» ՍՊԸ-ի կողմից չկատարված պարտավորության հատուցում։
Բայց սա դեռ ամենը չէ։ Կա տարածք, որը նշված չէ դատական նյութերում։ 2023 թվականի սեպտեմբերին, Արման Պետրոսյանին կալանավորելուց մեկ ամիս անց «Սոխոսենթրի» հինգերորդ հարկում բացվել է «Գրքերի աշխարհ» անունով բարեգործական գրադարանը, որտեղ, գրքերից բացի, կան նաեւ համակարգիչներ, էլեկտրոնային գրքեր, որոնք անվճար հասանելի են այցելուներին։ Կա նաեւ գրախանութ, կարելի է մշակութային միջոցառումներ անցկացնել եւ այլն։ Եվ սա նույնպես նվեր է տրվել պետությանը, սակայն գրադարանը բացելուց հետո դեռ մի 8 ամիս էլ Արման Պետրոսյանին պահել են կալանքի տակ` մինչեւ ամբողջ գործարքի կնքումը։

Գրադարանը որպես փրկագին տրամադրելու թեմայով մեր հարցին գրադարանի աշխատողը պատասխանեց. «Դա եղել է մինչեւ հաշտության որոշում կայացնելը։ Մենք մեկ տարի առաջ ենք բացել գրադարանը, բայց պետությունը, հավաբանար, համարեց, որ դա քիչ է»։ Ո՞վ է գրադարանի սեփականատերը։ «Ոչ մի ուրիշ սեփականատեր չկա։ Գրադարանի աշխատողներին մենք ենք վարձատրում։ Սա պետական տարածք է` անվճար։ Ամբողջ ծախսը «Սոխոսենթրն» է իրականացնում»։ 

ՀԳ․ Մենք փորձեցինք կապվել գործարար Արման Պետրոսյանի հետ, սակայն ոչ մի կերպ դա չհաջողվեց, հեռախոսը նրան չփոխանցեցին, ոչ էլ մեր հեռախոսահամարը փոխանցեցին նրան, որ մեկնաբանություն ստանայինք: