«Հրապարակ». Սամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի հրաժարվում արցախցիների հետ կապված ինչ-որ ֆորմատով կառույց ղեկավարելու մտքից։ Արցախցիներից տեղեկացանք, որ վերջին շաբաթներին Կամանդույուշչին իր շրջապատի անձանց միջոցով արցախցիների հավաքագրում է իրականացնում՝ Արցախ վերադառնալու տեսլականով։ Բաբայանի մտերիմներն արցախցիներին նրա անունից փոխանցում են՝ եթե 2 հազար մարդ հավաքվի, ավտոշարասյունով՝ նույնկերպ, ինչպես բռնի տեղահանվել են, կվերադառնան Ստեփանակերտ՝ պատրաստակամություն հայտնելով ադրբեջանական իշխանության ներքո ապրել իրենց հայրենի հողում։ Ասել է, որ երթն ինքն անձամբ է առաջնորդելու, այսինքն՝ Բաբայանն ուզում է Քադիրով-2 դառնալ։ Սամվել Բաբայանն այն քչերից է, որ մինչեւ Արցախի հանձնումն ու բռնի տեղահանությունը կողմ էր Լեռնային Ղարաբաղի ինտեգրացիային Ադրբեջանին եւ անգամ հրապարակային էր քարոզում, որ պետք է լեզու գտնել Ադրբեջանի հետ եւ ապրել մայր հայրենիքում` որպես ազգային փոքրամասնություն։ Մինչդեռ, քաղաքական մյուս ուժերի համոզմամբ, Ադրբեջանը չէր կարող երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը, եւ ցեղասպանությունն ու հայաթափումը լինելու էին ընդամենը ժամանակի հարց։ Արցախի քաղաքական շրջանակներում վստահ են, որ Բաբայանի ծրագիրը ձախողման է դատապարտված, Արցախում կատարվածից հետո անգամ 200 մարդ չի համաձայնի առանց անվտանգության երաշխիքների վերադառնալ Արցախ, որքան էլ Հայաստանի իշխանությունները գրկաբաց չեն ընդունել իրենց, եւ իրենք այստեղ բազում դժվարություններ ունեն։
Վստահ են նաեւ, որ Սամվել Բաբայանի իրական նպատակը ոչ այնքան վերադարձն է, որքան արցախցիներին հայաստանյան ներքաղաքական գործընթացներից հետ պահելը, հակաիշխանական ցույցերից «կտրելն» ու վերադարձի հույսով ապրեցնելը, այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանին հերթական քողարկված աջակցություն ցուցաբերելը։
Ի դեպ, հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի կուսակցությունը միացել էր սրբազան շարժմանը, համենայնդեպս՝ քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ Բաբայանի կուսակցությունից ներկայացուցիչ էր մասնակցում, եւ նա իր ելույթում շեշտել էր, որ կողմ են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն մտադիր է Ստեփանակերտում դեսպանություն բացել: Մեր աղբյուրներից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է Բաբայանի նախաձեռնությունն ամենեւին էլ մտացածին չէ, քանի որ կան տեղեկություններ, որ դեսպանություն բացելով՝ ռուսները եւս փորձելու են հետագայում վերաբնակեցնել Ստեփանակերտը։ Սակայն Արցախի քաղաքական շրջանակների մեր աղբյուրը վստահեցրեց, որ իրականում ռուսները դեսպանատուն բացում են որպես այլընտրանք խաղաղապահներին, որոնց մեծ մասն արդեն հեռացել է Արցախից, սակայն ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից եւ ընդամենն ուզում է աչք ու ականջ ունենալ Ստեփանակերտում։ Եվ որքան էլ գերտերությունների համար արցախցիների վերադարձն օրակարգային հարց է առաջին իսկ օրվանից, սակայն այն իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները վերադարձի խնդիրը դարձնեն պետական քաղաքականության մաս, այլ ոչ թե տարբեր հարթակներից սաստեն այլազգի պաշտոնյաներին, թե արցախցիների խնդիրները պետք չէ բարձրաձայնել, դա վնասում է խաղաղության գործընթացին եւ պայմանագրի կնքմանը։
Մեզ պատմեցին, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը զգուշացրել է ֆրանսիացի պաշտոնյաներից մեկին, որը պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսել է Արցախի բնակիչների` իրենց տներ վերադառնալու անհրաժեշտության մասին։ Դեսպանատնից ասել են, որ նման հայտարարությունները խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերություններին, խանգարում խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։
Կարծիքներ