Պատուհանը փակվում է, ճանապարհը չի բացվում 

Պատուհանը փակվում է, ճանապարհը չի բացվում 

Վրաստանի եւ Արեւմուտքի հակամարտությունը գնալով թեժանում է: Վրաստանի իշխանությունը, մասնավորապես վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրեթե ամեն օր հանդես է գալիս նոր հայտարարություններով՝ հավաքական Արեւմուտքին մեղադրելով Վրաստանում հեղաշրջում նախապատրաստելու, իրենց երկիրը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու միջոցով երկրորդ ճակատ բացելու եւ, ի վերջո, Վրաստանը կործանելու ցանկության մեջ: ԱՄՆ եւ ԵՄ պաշտոնյաները սպառնում են, որ եթե Վրաստանի իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունը եւ փորձեն հաղթահարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն, որը նա դրել էր խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին» օրենքի վրա, ապա կլինեն պատժամիջոցներ: Պատժամիջոցները կվերաբերեն ոչ միայն կոնկրետ անձանց, այլեւ ամբողջ Վրաստանին: Վրաստանը կարող է զրկվել ԵՄ անդամության թեկնածությունից, իսկ Վրաստանի քաղաքացիները` առանց վիզայի ԵՄ այցելելու հնարավորությունից: ԵՄ-ն եւ Միացյալ Նահանգները ցանկանում են սեփական իշխանության դեմ հանել քաղաքացիներին`Վրաստանի քաղաքացիները, հանուն առանց վիզա ԵՄ այցելելու իրավունքը չկորցնելու, պետք է ապստամբեն սեփական իշխանության դեմ:

Վրաստանի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորում են իրենց պետության շահերով: Նրանք իրավացիորեն ասում են, որ եթե Վրաստանը ներքաշվի Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ, ապա դա կունենա ոչ միայն ծանր տնտեսական հետեւանքներ` Վրաստանի արտաքին առեւտրի մեջ, ինչպեսեւ Հայաստանի, Ռուսաստանն ունի մեծ բաժին: Բայց ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Վրաստանին մղում են ոչ միայն Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերի սառեցման, այլեւ բացահայտ պատերազմի, ինչի հետեւանքով Վրաստանը կարող է կործանվել: Առանց այն էլ Ռուսաստանի հետ հակամարտության հետեւանքով Վրաստանը կորցրել է վերահսկողությունն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամաբ: Ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլու իշխանության, որն Արեւմուտքի դրդմամբ գնաց Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման, Վրաստանի գործող իշխանություններն ուզում են Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով հետ բերել կորցրածը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա պայմանավորվածություն, որ Ռուսաստանը կարող է համոզել իր վերահսկողության տակ գտնվող Աբխազիային եւ Հարավային Օսիային՝ վերամիավորվել Վրաստանի հետ, ստեղծելով կոնֆեդերացիա: Վրացիները կկարողանան այդ ճանապարհով իրենց պետությանը վերաինտեգրել այդ ապստամբ շրջանները, իսկ Ռուսաստանը կազատվի այդ շրջանները դոտացիայով պահելու ֆինանսական բեռից: Եթե դա իսկապես տեղի ունենա, Վրաստանի իշխանությունների վարկանիշը կարող է էականորեն բարձրանալ, եւ Արեւմուտքի կողմից նրանց հեռացնելու փորձերը դատապարտված կլինեն ձախողման: 

Արեւմուտքի հետ հակամարտությունը Վրաստանի իշխանությունների համար կարեւոր է ոչ միայն ազգային շահերի պաշտպանության, այլեւ ինքնապահպանման իմաստով: Արեւմուտքն ուզում է հեռացնել գործող իշխանությանը՝ նրանց փոխարինելով ավելի հնազանդ ուժերով, որոնք կառաջնորդվեն բացառապես Արեւմուտքից իջեցվող հրահանգներով, առանց իսկ մտածելու, թե դա որքանով է համապատասխանում իրենց շահերին: Այնպես որ, Արեւմուտք- Վրաստան հակամարտությունը շարունակվելու եւ խորանալու մեծ հավանականություն կա, որը գուցեեւ հանգեցնի հարաբերությունների վերջնական խզման եւ թշնամացման: Վրաստանը չի մասնակցում Մոլդովայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին, չնայած Հայաստանը եւ Ադրբեջանը մասնակցում են, ինչը եւս Վրաստան-Արեւմուտք վատթարացող հարաբերությունների ապացույցն է:

Հայաստանի համար Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները կարեւոր են այնքանով, որ այդ երկիրը Հայաստանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես պատուհան դեպի Եվրոպա: Հայաստանի իշխանությունները ոգեւորությամբ ընդունեցին անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանի՝ ԵՄ անդամի կարգավիճակ ստանալը: «Սա պատմական իրադարձություն է թե՛ Վրաստանի, թե՛ ողջ տարածաշրջանի համար». Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով նրան եւ Վրաստանի ժողովրդին այդ կարեւոր ձեռքբերման համար: 

Դեպի ԵՄ ձգտող Հայաստանի իշխանությունները հույս ունեին, որ Վրաստանի միջոցով Հայաստանը կարող է կապ ունենալ ԵՄ-ի հետ: Ճիշտ է` Վրաստանը ԵՄ երկրների հետ ցամաքային սահման չունի, բայց Սեւ ծովի միջոցով գոնե ծովային սահման ունի: Հիմա եթե Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ վատթարանում են, դեպի Եվրոպա այդ պատուհանը փակվում է: ԵՄ-ի հետ կապը մնում է միայն Թուրքիան, որը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ունի 1999 թվականից, բայց այդպես էլ թեկնածուից անդամ չի դառնում: Դրա համար էր նախորդ օրը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր վերադասի`  Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ՝ հասկացնելով, որ դա Հայաստանը Եվրոպայի հետ կապող միակ հնարավոր ճանապարհն է: Բայց այդ ճանապարհը եւս փակ է եւ դժվար թե բացվի, որովհետեւ Թուրքիան ինքնուրույն երկիր է եւ առաջնորդվում է սեփական շահերով, ոչ թե ԵՄ չինովնիկների կարգադրություններով: Նաեւ այդ պատճառով է, որ Թուրքիան ԵՄ անդամ չի դառնում՝ չհամաձայնելով զիջել իր ինքնիշխանությունը եւ անկախ քաղաքականություն վարելու իրավունքը:

Ավետիս Բաբաջանյան