«Հրապարակ»․ Սրբազանին միանալու համար 2 պայման եմ ասել

«Հրապարակ»․ Սրբազանին միանալու համար 2 պայման եմ ասել

«Երբ ինձ համար հասկանալի եւ պարզ լինի, թե ովքեր են իրականացնելու սրբազանի առաջ քաշած նպատակները, այդ ժամանակ կգնահատեմ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ միանո՞ւմ է Բագրատ սրբազանին, թե՞ ոչ։ 

- Ի՞նչը պարզ չէ Սուրեն Սահակյանի համար։

- Իսկ Ձեզ համար ի՞նչն է պարզ, ոչ մի բանն էլ պարզ չէ։

- Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։

- Այո, միայն դա է պարզ։ 6 տարի է՝ պահանջում են։

- Դա քիչ չէ, իրավիճակն այնքան անելանելի է, որ Հայ առաքելական եկեղեցին է պետությունը պահելու, միավորվելու նախաձեռնությամբ հանդես եկել։

- Փաստը կա, այո: Հետո՞։

- Այսինքն՝ չեք միանում շարժմանը։

- Ես այդքան պրիմիտիվ բաներով չեմ դատում, ես միացած եմ։

- Ինչպե՞ս տեսնենք, որ միացել եք, մայիսի 26-ի հանրահավաքին գնալո՞ւ եք։

- Չգիտեմ, էական չէ, կարող է միանամ՝ չգամ, կարող է չմիանամ՝ գամ։

- Ով միանում է՝ գալիս է։

- Ո՞վ է ասում, ես հարյուրավոր մարդիկ եմ ճանաչում, որ մայիսի 9-ին չեն հայտարարել, որ միանում են, բայց եկել են։

- Ի՞նչ պետք է ասվի սրբազանի կողմից, որ դա գոհացնի Ձեզ։

- Ես Բագրատ սրբազանի հետ հանդիպել եմ, ինքն իմ համարն ունի, ասել եմ՝ երբ պետք լինեմ, զանգի, պատրաստ եմ։ Որպեսզի հրապարակավ ասեմ՝ միանում եմ շարժմանը, ու ջանք թափեմ, որ այն հաջողության հասնի, ինձ պետք է իմանալ՝ ի՞նչ է արվելու հրաժարականից հետո, եւ դա ո՞վ է անելու։ Գուցե լավ նպատակներ հռչակված լինեն, բայց անողը Նիկոլի նման կոմպետենտ չլինի։ Իհարկե, ցանկացած ընդդիմադիր շարժման շատ մեծ համակրանքով եմ վերաբերվում։