«Հրապարակ»․ 2005 թվականից Արամ Սարգսյանի հետ որեւէ քաղաքական շփում չկա, ինձ համար իր բռնած կուրսն արդարացում չունի

«Հրապարակ»․ 2005 թվականից Արամ Սարգսյանի հետ որեւէ քաղաքական շփում չկա, ինձ համար իր բռնած կուրսն արդարացում չունի

Հարցազրույց Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հետ։

- Ձեր ղեկավարած «Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը» հայտարարեց «սրբազան պայքարին» աջակցելու մասին, բայց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն աննպատակահարմար եք գտել, քանի որ ԱԺ-ում ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն է։ Շարունակո՞ւմ եք պնդել, եւ, ըստ Ձեզ, ինչպե՞ս հասնել իշխանափոխության։

- Այո, կարծում եմ, որ խորհրդարանում այդ գործընթացը հաջողություն չի ունենա, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նույն ոճում հակապայքար կսկսեն, որ սրանք ռեւանշիստներ են` Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ փորձում են իշխանությունը խլել, որ շարժումը Ռուսաստանից է կառավարվում եւ այլն: Նման կեղծ թեզերով կմերժեն անվստահության գործընթացը։

- Սրբազանի առաջնորդած շարժման մասին նաեւ Ձեր երբեմնի զինակիցներն են հայտարարել, թե Ռուսաստանի կողմից է կառավարվում, խոսքը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մասին է։

- Այդ հայտարարություններով ժողովրդին փորձում են ապակողմնորոշել, սրբազանը որեւէ կապ չունի ռուսական իշխանությունների հետ, եւ այս շարժումն էլ զուտ հայկական-հայրենասիրական շարժում է` որեւէ արտաքին ուժ չի միջամտել եւ չի կարող միջամտել մեր ներքին գործերին: Որեւէ ռուսական ուղղվածություն այստեղ չկա, որեւէ Սերժ-Ռոբ այս շարժման մեջ չկա: Այո, կան ընդդիմադիր պատգամավորներ` երկու խմբակցություններից էլ, բայց դա չի նշանակում, որ շարժումը ղեկավարվում կամ նախաձեռնվել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Իշխանական լրատվամիջոցները եւ հենց իրենք՝ իշխանություններն ու իրենց աջակիցներն են նման ստահոդ լուրեր տարածում, կապում դրսի ուժերի հետ, որ տապալեն, մինչդեռ հենց իրենք են կապված դրսի ուժերի հետ, իրենք են այստեղ ներդրվել, որ Արցախը հանձնեն։ Պետք է ամեն ինչ անել, որ այս շարժումը հաջողի։ Այո, սրբազանը մի քանի սխալ է թույլ տվել, բայց պետք է ընդունենք, որ նա քաղաքական գործիչ չէ, օրինակ՝ երբ հայտարարեց, որ մեկ ժամ ժամանակ է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի դիմում գրի։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չէր գրելու, ստացվեց` այդ խոստումը չիրագործեց։ Հաջորդը՝ հայտարարեց, թե գնում ենք բանակցենք պատգամավորների հետ, որ Նիկոլ Փաշինյանի անվստահության հարցը մտնի խորհրդարան։ Ես գտնում եմ, որ անիմաստ է նման գործընթաց սկսել, Փաշինյանն ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն, եւ նրանք կոտրելու են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների դիմադրությունը: Չմոռանանք, որ հանրությունը չի ընդունում ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, եթե նրանք լավ ղեկավարեին երկիրը, Նիկոլ Փաշինյանի նման մեկը չէր կարող փողոցից իշխանություն վերցնել, իսկ հիմա էլ հանձնել հայրենիքը, բայց շարունակել վախեցնել նախկինների վերադարձով, Ռուսաստանի ազդեցությամբ եւ այլն։ Ոչ մի նախկին էլ չի վերադառնալու, հայ ժողովրդի մեջ կգտնվեն հարյուրից ավելի գործիչներ, որոնք ավելի կրթված են, ավելի պրոֆեսիոնալ, գրագետ ու երիտասարդ եւ ավելի լավ կղեկավարեն երկիրը, քան Փաշինյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն ինձ համար հարգանքի է արժանի այնքանով, որ ամենադիպուկ գնահատականն է տվել Նիկոլ Փաշինյանին` ազգակործան պատուհաս։

- Ո՞ր ճանապարհով պիտի գնա շարժումը, ըստ Ձեզ, որ հաջողի։

- Առաջին օրը, որ այդքան ժողովուրդ էր հավաքվել, պետք չէր ժողովրդին տուն ուղարկել, պետք է շրջափակեին Նիկոլ Փաշինյանի կեցավայրը՝ ամառանոցները, եւ պահանջեին կալանավորել Փաշինյանին՝ որպես հողատու, ազգի դավաճան։ Պահը բաց թողնվեց, բայց կա շանս, ուղղակի պետք չէ գործընթացները տանել խորհրդարան, դա երկարաձգելու է պրոցեսը, եւ քննարկման ընթացքում ՔՊ-ականները ջարդելու են Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին փաստարկները, ու Փաշինյանը նորից մնալու է վարչապետ, ու լեգիտիմացնելու են իշխանությունը եւս 2 տարով։
Բայց պետք չէ հուսահատվել, պետք է ողջ հանրապետությունով անհնազանդության ակցիաներ իրականացնեն, ոտքի հանեն ժողովրդին: Այո, ես համաձայն եմ, որ լայն զանգվածներ չեն ներգրավվում, իշխանական պրոպագանդան տալիս է իր արդյունքը, նրանց աջակիցները՝ Արամ Սարգսյանով, մյուսներով, ներկայացնում են, թե նախկինների շարժումն է, Ռուսաստանից կառավարվող, որ իբր սրանք ռեւանշիստներ են ու պատերազմ են բերելու, բայց խաղաղություն ստանում են հաղթանակով, ոչ թե մուրալով կամ հանձնելով, ինչպես անում է Փաշինյանը․ սա տանք՝ պատերազմ չլինի, նա տանք՝ պատերազմ չանեն։ Արցախը Հայաստանի պատվարն էր, ժամանակին ասում էին` ով տիրում է Արցախին, տիրում է Կովկասին, ես չգիտեմ՝ սրանք ո՞ւմ կողմից ֆինանսավորվեցին, որ գան իշխանություն վերցնեն ու Արցախ տան: Չգիտեմ՝ տարբեր խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը, պայմանավորված, իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ՝ դա որքանով է ճիշտ, բայց ինձ համար տարակուսելի է, որ 50 հոգով մտել էին Ռադիոտուն՝ պետական պահպանության ստրատեգիական օբյեկտ, իշխանությունը պարտավոր էր բոլորին կալանավորել, դրանով կմարեր նաեւ շարժումը, բայց չարեցին։ Փաշինյանն ի վերջո հասավ իշխանության ու արեց այն, ինչ արեց՝ սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, չկարողացավ դաշնակիցներ ունենալ, մենք մնացինք մենակ` հզոր դաշնակիցներ ունեցող Ադրբեջանի դեմ։

- Իսկ Դուք երբվանի՞ց եւ ի՞նչ հանգամանքներում Արամ Զավենիչի հետ հայտնվեցիք բարիկադների հակառակ կողմերում։

- Երբ ես Երեւանի քաղաքապետ էի աշխատում, Արամ Սարգսյանը` Վաղարշակ Հարությունյանի հետ, Հոկտեմբերի 27-ից հետո շաբաթը մեկ գալիս էին ինձ մոտ, Արամն ասում էր. Բազեյան ջան, այսպես չեմ կարողանում մնալ, քաղաքականությամբ եմ ուզում զբաղվել, արի կուսակցություն հիմնենք։ Պատասխանեցի՝ Արամ, ես աշխատում եմ, ազատամարտիկներ եմ ընդունել աշխատանքի, ԵԿՄ-ից տեղափոխվել եմ քաղաքապետարան, զոհվածների հարազատները գալիս են այստեղ, Երեւան հիմնադրամից օգնություն եմ բաժանում, կիսատ-պռատ գործեր կան, Նոր տարին անցնի, դիմում գրեմ` դուրս գամ։ Դիմում եմ գրել, դուրս եկել, հատկապես որ Քոչարյանի հետ լարված հարաբերություններ ունեի, ամեն հարցում փորձում էր միջամտել, իր ասածները պարտադրել, միշտ վիճաբանության մեջ էինք, այդ թվում` Մոնումենտի իր հյուրանոցի հարցով, Հյուսիսային պողոտայի հետ կապված, մարդկանց տները քանդել էին, գալիս քաղաքապետարանում էին բողոքում։ Մի խոսքով՝ հիմնադրեցինք «Հանրապետություն» կուսակցությունը, գլխավորապես ես էի այնտեղ գործ անում՝ կուսակցության ծրագիր գրել, կանոնադրություն եւ այլն, եւ ընտրվեցի կուսակցության խորհրդի անդամ։ Հետագայում Արամ Սարգսյանը դարձավ ընդգծված հակառուս, արեւմտամետ, Վաղարշակ Հարությունյանն էլ՝ հակառակը․ այն կարգի ռուսամետ, որ «ռուսի ագենտ» էին ասում։ Ես գտնում էի, որ մեր պետության, ազգային շահերից բխող բալանսավորված արտաքին քաղաքականություն պետք է իրականացնենք։ Իսկ Արամ Սարգսյանի մոտեցումը հետեւյալն էր՝ պետք է քշենք Ռուսաստանին այստեղից եւ այլն։ Պատմությունը ցույց է տվել՝ որ պետությունները թշնամացել են Ռուսաստանի հետ, տարածքային կորուստներ են ունեցել, այդ թվում՝ Հայաստանը։ 2005 թվականից Արամ Սարգսյանի հետ որեւէ քաղաքական շփում չկա, զուտ մարդկային հարաբերություններ` այնքանով, որ ինքը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, տարին երկու անգամ կարող ենք հանդիպել Եռաբլուրում՝ Վազգենի ծննդյան եւ մահվան օրերին։ Ինձ համար իր բռնած կուրսն արդարացում չունի, որովհետեւ հանրությունը չի հասկանում իր գործունեությունը, համեմատելի չեն իր եւ Վազգեն Սարգսյանի մոտեցումները։ Վազգեն Սարգսյանը տարին մի քանի անգամ ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովին բերում էր Հայաստան, տանում էր Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Դիլիջան, ման էր տալիս, կերցնում-խմցնում էր, թուղթը ստորագրել էր տալիս: Գրաչովը հասնում էր Ռուսաստան ու ռազմական տեխնիկա, զենք էր ուղարկում, այսինքն՝ անձնական հարաբերություններով բանակ էր զինում։ Նույնկերպ՝ Դեմիրճյանը, իրենց էլ էին ժամանակին համարում ռուսամետ գործիչներ, բայց իրենք ռուսամետ չէին, նրանք հայաստանամետ, պետականամետ գործիչներ էին, որոնց հարգում էին նաեւ ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, ամենուր։ Արամ Սարգսյանն ընդամենը շեղված արեւմտամետ է, իր համար Ռուսաստանը չարիք է։

- Ժամանակին Սամվել Բաբայանի հետ էլ էիք մտերիմ։

- Ժամանակին խաբվել եմ, սխալ պատկերացումներ եմ ունեցել Բաբայանի մասին, այո, իր հետ, իր խնդրանքով համագործակցել եմ, բայց ինքն ավանտյուրիստ շան որդի է, ինքը գնաց Արցախ, քարոզում էր ադրբեջանցիների հետ հաշտության օրակարգ, որ գան, փող դնեն գործարաններում, աշխատացնեն, մենք էլ ապրենք։ Այդ մարդու ապրելու չափանիշը փողն է, ես համոզված եմ, որ ինքը կաշառել է ռուս խաղաղապահներին, որ առաջիններից մեկը փախչեր Ստեփանակերտից։ Այդ ո՞նց ստացվեց, որ բոլոր նախագահները ձերբակալվեցին, բայց Սամվել Բաբայանը հայտնվեց Հայաստանում։ Իսկ համաշխարհային ճանաչում ունեցող Ռուբեն Վարդանյանը, ով ՀՀ պատիվն ամենուր բարձր է պահել, հիմա Բաքվի բանտում է։