Ատելության մունետիկները

Ատելության մունետիկները

Մի օր երեւի Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Խաչատուրյանը հերոսի կոչումներ կտան համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյքերին, նրանց կառավարիչներին, ֆեյք-ֆաբրիկաներ ու քոմենթչիների բանակներ պահողներին: Չէ՞ որ նրանց վրա է դեռ կանգուն այս իշխանությունը: Սրանք գրոշներով, գուցե երբեմն` անշահախնդիր էնտուզիազմով եւ մոլորյալի ջերմեռանդությամբ, ահռելի աշխատանք են կատարում իրենց օգտին. ներշնչում են, որ ՔՊ-ական իշխանությունը դեռ հանրային վստահություն է վայելում երկրում, իսկ ցանկացած ընդդիմադիր շարժում եւ առաջնորդ հավերժորեն մերժված է, անգամ եթե մեկ ամիս առաջ է ասպարեզ եկել: Ընդ որում, հստակ նկատելի են կառավարության շենքից իջեցվող մեսիջները:

Ցանկացած պայքար, շարժում կապել «ռոբասերժական կլանի» եւ ղարաբաղցիների հետ: Ցանկացած հանրահավաքի մասին գրել, որ փողով են բերում: Ընդ որում` անգամ ինֆլյացիայի պայմաններում փողի չափը չի փոխվում` անխախտ 5 հազար դրամն է: Իսկ Բագրատ սրբազանի շարժման դեպքում նոր «կրեատիվ» մեղադրանք է հայտնվել` ցուցարարներին բրինձ բաժանելու թեման: Ցանկացած պայքար կապել Ռուսաստանի հետ` օգտվելով հակառուսական տրամադրություններից: Անպայման գրել, թե թույլ չենք տալու, որ Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դարձնեք: Պատերազմի մասին խոսք լինելուց հակադարձել, թե ամեն պատերազմում էլ զոհեր են լինում, 90-ականներին էլ ենք շատ զոհ տվել: Շարունակ հիշեցնել «նախկինների թալանի» մասին` անգամ եթե մարդիկ արդեն նորերի թալանն են մատնացույց անում: Հանրահավաքների ու բողոքի ակցիաների նյութերի տակ անպայման հրահանգել. «Գնացեք սահման»: Մարդ ծեծող ոստիկաններին գովել` «ոստիկանի հետ եմ, կեցցեն ոստիկանները»: Եվ ամենակարեւորը` Բագրատ սրբազանի հասցեին որքան հնարավոր է՝ հերյուրանքներ տարածել: