«Հրապարակ»․ Դատախազությունը թող հարուցի գործը, ուղարկի Ադրբեջան` քննեն

«Հրապարակ»․ Դատախազությունը թող հարուցի գործը, ուղարկի Ադրբեջան` քննեն

Արցախի Ասկերան համայնքի քաղաքապետ Հայկ Շամիրյանը եւս համալրեց քաղհալածյալների շարքերը․ երեկ դատարանը նրա նկատմամբ տնային կալանք է կիրառել։ Շամիրյանը միացել էր Բագրատ սրբազանին, եւ Հայաստանի իրավապահները նրա դեմ քրեական գործ էին հարուցել՝ այն մեղադրանքով, թե իբր նա փաստաթուղթ է կեղծել, խարդախություն է կատարել ու յուրացրել է Ասկերանի համայնքապետարանին պատկանող գույքը։ Խոսքը մի հնամաշ «Նիվա» մեքենայի մասին է, որն անգամ ուռճացնելուց հետո իրավապահները գնահատել են ընդամենը 5 միլիոն դրամ: Սա այն իշխանությունների իրավապահ համակարգն է, որն Ասկերանն ու ողջ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, եւ հիմա, փաստորեն, քրեական գործ են հարուցել ադրբեջանական համայնքին պատճառված վնասի դեպքով։

Նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, լսելով հարուցված քրեական գործի փաստական տվյալների մասին, հետեւյալ կերպ արձագանքեց․ «Անկեղծ ասած, ես, ծանրաբեռնվածությունից ելնելով, գործի հանգամանքներին ծանոթ չեմ, բայց եթե Ձեր նշած հանգամանքներն են, ապա այստեղ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է մինչդատական վարույթում վարույթային ենթակայության կարգ։ Բնականաբար, այդ կարգը պահպանված չէ, եւ սա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ենթակայության վարույթ չի կարող լինել։ Այստեղ առավել եւս երկու հանգամանք կա․ Արցախը, ըստ էության, անկախ հանրապետություն էր, որտեղ կային իր ներքին քրեական հետապնդման մարմինները, եւ այդպիսի գործերը վերապահված էին իրենց, սակայն ՀՀ իշխանությունների կոտրած ձեռքով այդ տարածքը ճանաչվել է Ադրբեջանի տարածք: Թող ըստ ենթակայության ուղարկեն` Բաքվի մարմինները քննեն»։ 

Նշենք, որ խոսքը համայնքապետարանին պատկանող մեքենայի մասին է, որը համայնքապետը բերել է Հայաստան, այլ ոչ թե թողել է Արցախում, որ ադրբեջանցիները տնօրինեին: ՀՀ քննչականն ու դատախազությունը որոշել են հիմա Ադրբեջանին հանձնված Ասկերանի համայնքի շահերը պաշտպանել։ Այլ կերպ ասած՝ աբսուրդի թատրոն։

«Նույն հաջողությամբ կարող են Մինգեչաուրում տեղի ունեցած ինչ-որ դեպքով էլ քրեական գործ հարուցել ու այստեղ քննել։ Սա մի անհասկանալի իրավիճակ է, իրենք Արցախի Հանրապետության տարածքում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ քննություն կատարելու իրավասությամբ օժտված չեն, Քրեական դատավարության օրենսգիրքն այդպիսի հնարավորություն չի նախատեսում»,- ասաց Ասլանյանը։

Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները պաշտոնեական լիազորությունների չարաշահո՞ւմ են թույլ տալիս։ «Սա, միանշանակ, պաշտոնեական լիազորությունների չարաշահում է։ Իհարկե, ենթատեքստը բոլորս գիտենք։ Ժամանակին Արցախի տարածքում՝ Պաշտպանության բանակում տեղի ունեցած սպանության դեպքերը քննվել են Հայաստանում՝ Սյունիքի մարզում, այսինքն՝ նախկինում նման բան եղել է, եւ իրավապաշտպան կոչվող արեւմտյան գրանտների այդ ստրուկների կողմից այդ հարցն ընդհուպ մինչեւ Եվրադատարան բարձրացվում էր․ գնում, ասում էին՝ հայ զինվորն ի՞նչ գործ ունի Արցախում սահման պահի, եւ ՀՀ իրավապահ մարմիններն ի՞նչ գործ ունեն Արցախում կատարված դեպքի վերաբերյալ քննություն իրականացնելու, այ հիմա, որ լուռ նստած են, այսինքն՝ քանդելուց հետո արդեն հանգիստ նստել են։ Այսինքն՝ այդ խնդիրն այն ժամանակ կար, բայց հիմա հայտնի մարդիկ իրենց խմբակով Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, այդ դեպքում իրենք ընդհանրապես Արցախի հետ գործ չունեն: Այսինքն՝ այդ տարածքն իրենք Ադրբեջան են համարում, հետեւաբար, Ադրբեջանում կատարված հանցագործության դեպքի հետ իրենք առնչություն չունեն։ Իմ ասած զինծառայության դեպքերն այն ժամանակահատվածում էին, երբ Արցախն ուներ չճանաչված անկախություն, հիմա առհասարակ իրենք իրավունք չունեն»,- ասաց փաստաբանը։