«Հրապարակ»․ Եթե իրենք իրական արեւմտամետ լինեին, կնայեին, թե ինչ է ասում գլխավոր արեւմտամետը

«Հրապարակ»․ Եթե իրենք իրական արեւմտամետ լինեին, կնայեին, թե ինչ է ասում գլխավոր արեւմտամետը

«Հրապարակի» զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

- Արեւմտամետների կամ այդպիսին ներկայացողների մի մեծ զանգված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որակում է որպես պրոռուսական շարժում, իսկ շարժման առաջնորդներին՝ Կրեմլի գործակալ: Դուք առաջին արեւմտամետն եք եղել մեր երկրում, ի՞նչ կարծիքի եք այս մեղադրանքների մասին։

- Արեւի տակ տեղ փնտրողները, մանավանդ ուրիշներին ուրանալով, միշտ սկսում են սրան կամ նրան բամբասելուց, ոչ թե ներկայացնում են իրենք իրենց։ Եթե իրենք իսկապես արեւմտամետ լինեին՝ չգիտեմ ում մասին եք ասում, ընդհանուր առմամբ, պիտի նայեին, որտեղ որ կա գլխավոր արեւմտամետը (նկատի ունի իրեն` Հ. Ա․), նա ով իրենց բոլորին սովորեցրել է, որ քաղաքակրթական արժեքներով պետք է առաջնորդվել, իսկ Արեւմուտքն աշխարհագրական վայր չէ, այլ քաղաքակրթական միջավայր, այդ մարդը հանգիստ է վերաբերվում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Սա պիտի լինի չափորոշիչ իրենց համար։ Երկրորդը․ միավորվելուց առաջ, այսպես կոչված, ժողովրդավարները, պիտի գային, ես չասեմ նահապետ` իրենք են ինձ միշտ «ժողովրդավարության նահապետ» ասում, պիտի գային, նահապետին ասեին՝ միասին ինչ-որ բան անենք։ Ես էլ կասեի՝ եթե այդ ուղղությամբ ենք, անկախ նրանից, թե ինչ անցյալ եք ունեցել՝ դաշնակցական, կոմունիստական, ՀՀՇ-ական, այդ բոլորը կարեւոր չէ, եթե դուք հասունացել եք, այդ մակարդակին եք հասել, եկեք միասին աշխատենք։ Բայց, ինչպես նկատել եք, դրանք իրենց պարտքն են համարել՝ հեռու մնալ ինձնից, դա արդեն ինձ համար ցուցանիշ է, եւ երեկ ես մի խումբ մարդկանց կոչեցի անազնիվ մարդիկ։

- Զարմանալի է, որ ԽՍՀՄ ժամանակ անկախականները միավորված էին` մի կուռ բռունցք էին, ձեր միասնականությունը խախտվեց 2018 թ. հեղափոխությունից հետո, եւ շատ նախկին քաղբանտարկյալներ կարծես բարիկադների հակառակ կողմերում են հայտնվել։

- Ես եղել եմ իրենց բոլորի ղեկավարը։ Մենք ունեցել ենք «Անկախություն` հանրաքվեի ճանապարհով» նպատակ եւ դա իրականացրել ենք՝ բացառիկ մի բան հայ ժողովրդի պատմության մեջ։ Հետո ով ուր է գնացել՝ ինձ այդքան չի հետաքրքրում, որովհետեւ մարդիկ կան, որ ինձ հետ էին իմ սկզբունքների համար, մարդիկ կային, որ ինձ հետ էին` նպատակի համար։ Նպատակի համար եղողները կարող էին ասել նաեւ՝ լավ, այս նպատակն իրականացրինք, գնում ենք մեր գործերով, ես էլ կասեի՝ իհարկե, նույնիսկ ամուսիններն են բաժանվում՝ դուք իմ, ինչպես ասում են, հավերժական գործընկերները չեք։ Ինչքան ժամանակ ինձ հետ եք եղել, ապրեք։ Դավաճանել են 1960-ական թվականներին, 70-ական թվականներին` ինձ, իրենց գաղափարները: Իրենք իրենց դավաճանել են, բայց ես ո՞վ եմ, որ ինձ չդավաճանեին, եթե Հիսուս Քրիստոսին էին ուրանում։ Ես դրան հանգիստ եմ նայել, հետո թույլ եմ տվել ոմանց հետ գալ, վերագտնել իրենց, ինչպես Պետրոս առաքյալը։ Դա փորձառու մարդու գործողություն է։ Ես գիտեմ, որ մարդիկ կան, որ ինձ ուրանալով իրենց կյանքն են դասավորել, բայց հանգիստ եմ նայում դրանց։ Մեր մեծագույն ուսուցչին են ուրացել, ուր մնաց ինձ չուրանային, ես էլ մի բացառիկ բան չեմ, իմ բախտը բերել է, որ ես կարողացել եմ այս փորձություններին դիմանալ։

- Եկեղեցու դեմ իշխանությունն ավելի է ագրեսիվացել, հարկեր հավաքելուց են խոսում եւ այլն։

- Որպես կանոն, հարկեր վճարում են շահույթ հետապնդող կազմակերպությունները՝ աշխարհում ընդունված կարգ է։ Իսկ հասարակական, բարեգործական կազմակերպությունները, խղճի հետեւորդ կազմակերպությունները, որպես կանոն, հարկերից ազատված են լինում։ Բայց եթե նրանք զբաղվում են նաեւ որոշակի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ որպես քույր ձեռնարկություններ, այդ քույր ձեռնարկությունները պիտի վճարեն՝ այդտեղ հարց չկա։ Իսկ այն հանգամանքը, որ Բագրատ սրբազանից վառված՝ փորձում են նաեւ այդ դաշտը մտնել, դա իրենց գործելակերպն է, իրենք ուզում են պարգեւավճար տալ բոլորի հաշվին, ուզում են իրենց կողմնակիցներին եւ ոստիկան կոչված` մարդկանց իրավունքները ոտնահարողներին լավ վճարել, որպեսզի դրանք էլ իրենց հավատարիմ ծառայեն։ Այնպես որ, դա համարենք օրինաչափություն, իսկ քանի որ Բագրատ սրբազանն ասում է անառարկելի ճշմարտություններ, բնականաբար, այդ ամբողջ գործակալական ցանցը պիտի լարվեր եւ հատկապես այս օրերին, երբ նա շատ կարեւոր բաներ ասաց, օրինակ՝ Արցախի մասին... այն թվականներին «Արցախն ամենակարեւոր բանն է» ասողները նույնիսկ անկախության դեմ էին վնգստում։ Այնպես որ, պիտի լարվեն եւ փորձեն ամեն ինչ բերել ասպարեզ՝ մոռանալով, որ իրենց նկատմամբ այնքան հարյուր տոկոսանոց քրեական գործեր կան, որ իրենք միայն մի բան ունեն մտածելու` ինչպես մեղմ պատիժներով ազատվել։ Ես այդ հարցում կօգնեմ, իհարկե, երբ ժամանակը գա։

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հեռանկարն ինչպե՞ս եք տեսնում։

- Շարժման գլխավոր նպատակներից մեկը` արդարությամբ, ճշմարտությամբ, բայց նաեւ սիրով։ Այս սերը, իհարկե, շատ կարեւոր է, հավատքն էլ որ ավելացնեին, կդառնային շատ ուժեղ, բայց ես շատ չեմ խորանում, որովհետեւ առանց այն էլ ե՛ւ իմ երգն է հնչում, ե՛ւ իմ շատ գաղափարներ են հնչում։ Շարժման վերաբերյալ ես իմ պատկերացումներն ունեմ, բայց աշխատում եմ իմ հեղինակությունը շատ չօգտագործել։