«Հրապարակ». Ո՞վ է պատժվելու ԱՆԻՖ-ի վրա ծախսված միլիոնավոր դոլարների վատնման համար

«Հրապարակ». Ո՞վ է պատժվելու ԱՆԻՖ-ի վրա ծախսված միլիոնավոր դոլարների վատնման համար

Կառավարությունն իր վերջին նիստում որոշեց լուծարել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ANIF-ը, ընկերության կառավարումը հանձնելով ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին։ Այս մասին մենք մոտ 10 օր առաջ էինք գրել: Որոշման հիմնավորման մասում մատնանշվում է 2024 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած նիստում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության արձանագրությունը, որն ինքնին չի բացատրում, թե ինչու որոշվեց լուծարել 2019-ին ստեղծված այս կառույցը, որով ժամանակին պարծենում էր՝ համարելով, որ այն զարգացնում է ձեռնարկատիրությունը Հայաստանում, եւ որին ահռելի գումարներ էին հատկացնում բյուջեից։
Միայն 2023-ի դեկտեմբերի 28-ին կնքվել է ԱՆԻՖ-ին 1 միլիարդ 800 միլիոն դրամ պետական դրամաշնորհ տրամադրելու մասին պայմանագիր՝ ներդրումային եւ պետություն-մասնավոր գործընկերություն ձեւաչափով ծրագրերի աջակցման համար, մի այդքան էլ վարչապետի աշխատակազմի կողմից տրվել էր 2022 թվականի մայիսի 3-ին, որով ԱՆԻՖ-ը պետք է իրականացներ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության գործունեության մեկնարկը, որն արդեն սնանկ է ճանաչվել։
ԱՆԻՖ-ը լուծարելու որոշումը երկար ժամանակ գաղտնի էին պահում։ Մեր գրավոր հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ԱՆԻՖ-ը փակվում է՝ ՏԿԵ նախարարության կազմում ստորաբաժանում դառնալով, մի քանի օր առաջ ֆոնդից անորոշ պատասխան էին տվել․ «ԱՆԻՖ-ի գործունեության դադարեցման կամ վերակազմակերպման մասով տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել համապատասխան որոշում կայացնելու իրավասություն ունեցող (ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող) պետական մարմնին»։ Հավանաբար, նկատի ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որին վերապահված էր բաժնետոմսերի կառավարումը։
ԱՆԻՖ-ն անցել է ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին։ Լուծարման որոշմանը նախորդել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական վերահսկողական ծառայության, դատախազության ուսումնասիրությունները, բոլորը՝ «դրական»: Դրական՝ այն իմաստով, որ չարաշահումների փաստեր են հայտնաբերվել, բայց արդյո՞ք ԱՆԻՖ-ի լուծարումը փրկում է նրա այդ ձախողման հետեւանքներից, եւ ի՞նչ է նշանակում լուծարել։ Ո՞վ է պատասխան տալու այս մեծ կորուստների համար:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, տեղեկանալով ԱՆԻՖ-ի լուծարման մասին, հիշեցրեց «Ֆլայ Արնայի» պատմությունը։ 2021թ. հոկտեմբերին հայ-արաբական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը ստեղծելու համար կառավարությունը շուրջ 4,8 միլիարդ դրամ հատկացրեց ԱՆԻՖ-ին։ Իսկ այս տարվա մարտին ընկերության լիցենզիան կասեցվեց, Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է։ 
«Լուծարելով հիմնարկը, պետք է զրոյացնել հիմնարկի բալանսը։ Զրոյացնել՝ նշանակում է հիմնարկը ոչ մեկին պարտք չէ, ոչ մեկը հիմնարկին պարտք չէ։ Սա հաշվապահական պարտադիր պայման է։ Հիմա՝ այդ հիմնարկին հատկացրել են 10 մլն դոլար։ Վարչապետն ասել է, որ այդ փողն իր նպատակին չի ծառայել։ Բայց դա չի նշանակում, որ այդ գումարը չկա։ Այդ գումարը հիմնարկի բալանսում է։ Այսինքն՝ բալանսը կարելի է զրոյացնել, եթե փող տվողը՝ տվյալ դեպքում բյուջեից է տրվել, զրոյացնի բալանսը, այսինքն՝ «սպիսատ անի» այդ փողը։ Նման դեպքերում հիմնարկը կարող են լուծարել, բայց թողնում են ադմինիստրացիա, մինչեւ որ հիմնարկի պարտք ու պահանջն ավարտվեն։ Բայց եթե ԱՆԻՖ-ը լուծարում են, բա ի՞նչ եղավ 10 մլն դոլարը։ Այսինքն՝ ստացվում է, որ 10 մլն-ն ոչ միայն նպատակին չի ծախսվել, այլեւ յուրացվե՞լ է»,- հարցնում է նախկին վարչապետը։
Ըստ էության, կառավարությունն ասում է,՝ ով ինչ գողացել է, լավ է արել, ես լուծարում եմ։ 10 մլն դոլարի յուրացմանը մեղսակից են բոլոր նրանք, ովքեր կանգնած են ԱՆԻՖ-ի ստեղծման ակունքում՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, ում քավորությամբ պայմանագրեր են կնքվել արաբական ընկերությունների հետ, Տիգրան Ավինյանը, ով ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի առաջին ղեկավարն էր, Նիկոլ Փաշինյանը, ով ընդամենը 2 տարի առաջ հայտարարում էր, որ ԱՆԻՖ-ը «նոր ընթացք է ապահովելու մեր տնտեսության համար, նոր տրամաբանություն», եւ հույս էր հայտնել շուտով արդյունքներ տեսնել։ Բայց ո՛չ ավիափոխադրողը հաջողեց, ո՛չ մյուս ծրագրերը։ Հիշատակված արաբական «Մասդար» ընկերությունն էլ չի սկսել արեւային 200 Մվտ հզորության կայանի կառուցումը, որի գումարի 85 տոկոսը կրկին մեր կառավարությունն էր ներդնելու, եւ պարզ է, որ չի էլ սկսելու։ Մեր տեղեկություններով, այս ծրագիրը չեղարկվել է, եւ արաբական ընկերության ներկայացուցիչները, որոնք որոշակի միջոցներ են ծախսել, խիստ նեղացած են ՀՀ իշխանություններից։ Չնայած էներգետիկ ոլորտի համար պատասխանատու ՏԿԵ նախարարությունից պնդում են, թե «Մասդարի» հետ աշխատանքներն ակտիվ շարունակվում են։
Ձախողումներին զուգահեռ, ֆոնդը բուռն մարտեր է մղել դատարաններում` լրատվամիջոցների դեմ։ Իր ձախողակ գոյության այս 5 տարիների ընթացքում նա դատի է տվել բոլոր նրանց, ովքեր հանդգնել են իրեն մի թթու խոսք ասել, քննադատել, կոռուպցիոն ռիսկեր նախանշել։ Պատասխանողների թվում է նաեւ «Հրապարակ» թերթը, որը հանդգնել էր գրել ԱՆԻՖ-ում բաժանվող աստղաբաշխական աշխատավարձերի մասին, կասկածի տակ էր դրել այս ֆոնդի գործունեության արդյունավետությունը, Հրանտ Բագրատյանից էր հարցազրույց վերցրել: Այդ դատերից մի մասը մենք արդեն շահել ենք, մյուսներն ընթացքի մեջ են, բայց ո՞վ է փոխհատուցելու մեր կրած վնասները, եթե այս կառույցը լուծարվում է: Մինչդեռ հայցվորի պահվածքը խիստ ագրեսիվ էր՝ դատարաններից պահանջում էին արգելանքներ դնել «Հրապարակի», Հրանտ Բագրատյանի հաշիվների վրա եւ վերջում էլ մեծ փոխհատուցումներ վճարել իրենց` ճշմարտությունը գրելու համար: Այսօր արդեն պարզ դարձավ, որ մամուլը չի արատավորել, հակառակը` պետական միջոցների վատնումն է փորձել կանխել, ահազանգել է ժամանակին, որին իշխանությունն ուշադրություն չի դարձրել` շարունակելով ԱՆԻՖ կոչվող անտակ հորի մեջ թաղել պետական միջոցները:
Իսկ հիմա ո՞վ է պատասխան տալու վատնված միջոցների համար, արդյոք կա՞ն հարուցված քրեական գործեր, որոնք կբացահայտեն այս մեռելածին ֆոնդի գաղափարի հեղինակին եւ պետական միջոցները վատնելու մեղավորներին: Պարզ չէ:  Անցյալ տարի մի քրեական վարույթ է հարուցվել՝ ՊՎԾ-ի կողմից ԱՆԻՖ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներով, ՔՕ 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առեւտրային կազմակերպությունում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելը, որով դատախազությունը հաղորդում է, որ մեղադրյալներ չկան։ 
ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը երկար ժամանակ արտերկրում է, իսկ երեկ տեղեկացանք, որ նա դատի է տվել իշխանություններին, ավելի ճիշտ՝ ԱՆԻՖ-ի խորհրդին` իրեն աշխատանքից ազատելու համար, եւ պահանջել է վերականգնել աշխատանքում: