Պայքարը շարժիչ ուժն է

Պայքարը շարժիչ ուժն է

Միշտ կողմնակից եմ եղել պայքարին` ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի ժամանակ: Համարել եմ, որ մարդը քանի դեռ ապրում է, պետք է պայքարի իր իրավունքների, բարեկեցիկ երկիր եւ լավ իշխանություն ունենալու համար: Բանական մարդը, ձգտում, երազանքներ ունեցող մարդը չի կարող գոհ լինել իր իշխանությունից եւ իր կյանքից: Դրա համար էլ իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած եւ իրենց մի կտոր հացը լուռումունջ ուտող մարդկանց միշտ համարել եմ թերի, կիսատ մարդիկ: Նույնիսկ անհատական մակարդակում մարդը պարտավոր է պայքարել` համատիրությունը վա՞տ է աշխատում, անձնագրայինում կոպտե՞լ են, դատավորը սխալ վճի՞ռ է կայացրել, խանութում խաբե՞լ են` պետք է պայքարել: Դա է կյանքի, առաջընթացի, զարգացման գլխավոր օրենքը:

Նրանք, ովքեր հնազանդություն ու անօրինականությունների հետ հաշտվել են քարոզում, մարդկության թշնամիներն են` վնասակար էակներ: Մանավանդ՝ Հայաստանում, որտեղ ամեն քայլափոխի սխալների ու թերությունների ես հանդիպում, որտեղ երբեք լավ իշխանություն չի եղել եւ առաջիկայում էլ չի լինելու, պայքարելը պարտադիր է: Դա պարտադիր է նաեւ նրա համար, որ իշխանության մեջ գտնվողները չհղփանան, անպատժելիությունից չլկտիանան, չկարծեն, թե իրենց ամեն ինչ ներելի է. կարող են չաշխատել, բայց պետական բյուջեից մեծ գումարներ ստանալ, երկիրը վատ կառավարել, վատ օրենքներ գրել, սխալ որոշումներ կայացնել, հասարակությանը կեղեքել` հարկեր-տուրքեր ավելացնել, շինծու քրեական գործեր հարուցել` քաղաքական ընդդիմախոսներին բերդ գցել, հող հանձնել եւ ճակատագրական, անդառնալի սխալներ թույլ տալ ու շարունակել իշխել: Կարծես ոչինչ չի եղել` Արցախը, պատերազմը, զոհերը, բոլոր արհավիրքներն ի վերուստ են իջել, իրենք դրանց հետ կապ չունեն: