Քայլարաստների չծնված երազանքը

Քայլարաստների չծնված երազանքը

Այն ժամանակ, երբ դեռ չէր քողազերծվել Նիկոլի «դուխով» լինելը, քպականների շրջանում խոսակցություն էր գնում «Խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» թանգարան բացելու մասին: Ասեմ, որ այն ժամանակ այդ գաղափարն ինձ այնքան էլ դուր չէր գալիս: Գաղափարը կյանքի չկոչվեց, իսկ 44-օրյա պատերազմում «մեծարգո վարչապետի» հրամանատարությամբ մեր խայտառակ պարտությունից հետո այն դարձավ ժամանակավրեպ: Ինչը բնական էր, քանի որ ինչպես կարող էին համատեղվել «դուխով» և «ժողովրդի փրկիչ» Նիկոլն ու պարտության խորհրդանիշ Փաշինյանը: Բայց հենց այդ պատճառով այսօր կողմ եմ, որպեսզի քպականների խոսքը գործի վերածվի: Եվ, վերջապես, բացվի այդ թանգարանը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի հետաքրքիր նմուշներ կարող են հայտնվել այդ կառույցի ցուցափեղկերին: Եվ ինչպիսի տոնայնություն կունենան դրանք:

Եկեք պատկերացնենք միասին: Նախ մեկ-երկու խոսք թանգարանի մասին: Այն կզբաղեցներ ընդամենը մեկ սենյակ: Դրա չորս բոլորը կլինեին պատեր: Կենտրոնում կտեղադրվեին ուսապարկը շալակին քայլող մարդու և նրա Չալո շան խրտվիլակները: Որոնք շրջապատված կլինեին բոմժանման արարածների կամ «ուսապարկերի» (այդ տեսակի հանրության ներկայացուցիչներից մեկի բնորոշմամբ) խրտվիլակներով:
Առաջին պատին կամ շարքում տեղադրված կլինեին 2018 թվականի մարտի 31-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածը ներկայացնող նյութերը: Դրանք կներառեին Գյումրիից սկսված և Երևան հասնելու քայլարշավի առանձին պահերին վերաբերող նյութեր: Մի առանձին ցուցափեղկ կզբաղեցնեին մայրաքաղաքային իրադարձություններն ու դրանց թվում՝ Ռադիոտան դուռը ջարդելու ու ներս խուժելու մեծադիր պատկերը: Եվ այդ իրադարձությունների հանրային փիառն անընդհատ ապահոված՝ ամերիկյան հարկատուների հաշվին սնվող լրատվականի եթերների սքրինները (էկրանի պատկերները): Ի դեպ, արտասահմանյան գործակալների մասին վրացական խիստ չարչրկված օրինագիծը հենց այդ երևույթին է վերաբերում: Կամ, ավելի ճիշտ, ապագայում դրա դեմն առնելուն է կոչված:

Երկրորդ շարքը կզբաղեցնեին  2018 թվականի մայիսի 9-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածը ներկայացնող «դուխով» նյութերը: Օրինակ՝ ՀՀ վարչապետ կարգված անձի կոչով 2018-ի հոկտեմբերի 2-ի գիշերը «ժողովրդավարության բաստիոնի» խորհրդարանի տարածքը մտնելու և շենքը շրջապատելու մասին պատմող տեսանյութը: Կամ 2018-ի դեկտեմբերի Ազգային ժողովի արտահերթ ընտրության կազմակերպման և անցկացման գործընթացում նախկինների «տասովշչիկների» մասնակցությունը ներկայացնող փաստերը: Կամ 2019-ի մայիսին նույն «դուխով» անձի կոչով դեռևս անկախ դատարանները շրջափակելու տեսարանները պատկերող լուսանկարներն ու տեսապատկերները: Առանձին ցուցափեղկ կարող էր հատկացվել նույն թվականի աշնանը տեղի ունեցած տավուշյան հանդիպմանը, որտեղ առաջին անգամ բացահայտվել է (թեկուզ միայն լրագրող և մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանի համար) բազմահազար զոհերի գնով «արցախյան բեռից» ազատվելու գաղափարը: Չպետք է, բնականաբար, մոռացվեր 10 միլիոն ծառ տնկելու գաղափարի չիրականացման հանգամանքը: Ինչպես նաև 2020 թվականի ապրիլի 24-ի վիրտուալ շոուն այն համատեքստում, որ դրանից 3-4 տարի անց պետք է նախաձեռնվեր Ցեղասպանությունը մոռացության մատնելու քարոզչությունը:

Երրորդ շարքը, բնականաբար, նվիրվելու էր 44-օրյա պատերազմում գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ Հայաստանի խայտառակ պարտությունը, ինչը տրամաբանորեն մոռացության պետք է մատներ «դուխով»-ը: Դրա փոխարեն ողջ շարքն իրենից ներկայացնելու էր բռունքը թափահարող և Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնող Իլհամի դիմաց «խեղճուկրակ» Նիկոլի պատկերը: Դրան զուգահեռռ ներկայացվելու էին ոստիկանական պատնեշով շրջափակված Նիկոլի «արկածները» Հայաստանի Հանրապետությունում: Այդ թվում՝ բունկերում թաքնված և ինչ-որ նյութի ազդեցության ներքո գտնվող անձի կողմից վրեժի կոչելը, այնուհետև եռագույն ժապավենով կապված մուրճ թափահարելը, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի նիստում իրեն «ամենազոր» զգալը և այլն, և այլն:

Չորրորդ շարքում ներկայացնելու էին այն ցուցանմուշները, որոնք մեր ժողովրդին հուշելու են, որ վերջինս իրավունք ունի ապրելու և զարգանալու: Եվ դրա հիմքը ինքն իրեն ժողովրդավար ներկայացնող անձնիշխան բռնապետի դեմ անընդհատ պայքարի փորձերն են: Օրինակ՝ բողոքի բազմահազարանոց ցույցերը, «սյունիքյան ողջունի» կադրերը, մետրոյում Նիկոլից ստացած քարոզչական նյութը կտոր-կտոր անելու տեսարանը, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում վարչապետի աթոռից կառչած անձի վրա անձրևանոց նետելը, այդ անձի հետևից անընդհատ դավաճան կանչելը, մեքենաների կողմից ազդանշան տալը և այլն: 

Չորրորդ շարքում առանձին ենթաբաժին պետք է զբաղեցներ 2024 թվականի տավուշյան դեպքերի և դրանցով գեներացված՝ Բագրատ սրբազանի կողմից ղեկավարվող՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պատմությունը: Որով և պետք է ավարտվեր հայ ժողովրդի պատմության՝ «թավշյա հեղափոխության» և «պողպատե մանդատի» սժգույն ժամանակահատվածը: Ի դաս բոլոր հետագա սերունդների, որպեսզի այլևս երբեք չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2018-2024 թվականներին:

Հ. Գ. Կարծում եմ, որ ներկայացվածն իրականության ամբողջական պատկերը չէ: Ամբողջականի դեպքում հոդվածի ծավալը կեռապատկվեր ու կքառապատկվեր: Ինչը, բնականաբար, շատ ավելի ցայտուն կդարձներ իրականության արտապատկերումը: Ու հենց այդ պատճառով էլ «հեղափոխության» թանգարանի գաղափարը կամ քայլարաստների չծնված երազանքը մահացավ: