Իսկ գուցե Աստծո կողմից վայրէջք կատարելու վերջին զգուշացու՞մն  էր․․․

Իսկ գուցե Աստծո կողմից վայրէջք կատարելու վերջին զգուշացու՞մն  էր․․․

Մոլորությունից,  հատկապես մեծ, արհավիրք բերող մոլորությունից առաջ Աստված  զգուշացում է  տալիս մարդուն։ Մի փոքրիկ օրինակ կբերեմ՝ իմ գիտության չափով, թող ներող լինեն Աստծո սպասավորները, եթե իմացության առումով դռները մի քիչ նեղ լինեն։ Աստված  կշտամբում է մի կնոջ՝  «Հեզաբել» անունով, որն իրեն մարգարեուհի է կոչում: Այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է իրեն Հիսուս կոչում։ Վերջինս դրանով չի սահմանափակվում։ Մոլորեցրել է մի ողջ ժողովրդի և նրան կանգնեցրել իր պետության հետ գահավիժման անդնդի եզրին։  Չորրորդ նամակում Տերն այսպես է ներկայանում․ «Այսպես է ասում Աստծո Որդին, որի աչքերը կրակի բոցի պես են, և նրա ոտքերը՝ շիկացած պղնձի նման. գիտեմ քո գործերն ու սերը, քո հավատն ու քո ծառայությունը, քո համբերություն ու քո գործերը, և որ վերջիններն ավելի են, քան առաջինները: Բայց քո դեմ մի քիչ բան ունեմ, որ Հեզաբել կնոջը թույլ ես տալիս, որ իրեն «մարգարեուհի» է կոչում և իմ ծառաներին սովորեցնում ու մոլորեցնում է, որ պոռնկություն անեն և կուռքի զոհվածից ուտեն: Նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց: Ահա ես նրան անկողին կգցեմ, նրա հետ շնացողներին էլ՝ մեծ-մեծ նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն: Նրանց զավակներին մահով կսպանեմ, և բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմ ներաշխարհն ու սրտերը քննողը: Եվ ամեն մեկիդ իր գործերի համեմատ կտամ: Իսկ ես ասում եմ ձեզ և մյուսներին, որ Թիվատիրայում եք և այս վարդապետությունը չունեք, և որ սատանայի խորությունները չճանաչեցիք, ինչպես ասում են. ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ գցի: Բայց այն, ինչ ունեք, պահեցեք, մինչև Ես գամ» (Հայտն.2:18-25):

Բազում են Տիրոջ խորհուրդները, զգուշացումները,  խորհուրդները, կշտամբանքները, ես մեկը բերեցի։ Աստված մարդուն ապաշխարելու, մեղքից հետ կանգնելու հնարավորություն է տալիս։ Եվ այսօր, երբ երկրի գլխին մեծ աղետ բերած մարդկանց Աստծո սպասավորի շուրթերով ապաշխարություն է քարոզվում, շատերը դա չեն հասկանում։ Երբ Աստծո սպասավորի շուրթերով քարոզվում է, որ հետ կանգնեք երկիրը կործանման տանող ճանապարհից, շատերը չեն հավատում, որ նրանք դա կանեն։ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելով, նրա ընթացքին հետևելով, Աստծո խորհուրդներից հեռու մնալով ու չապաշխարելով, այդ մարդիկ հրաժարվում են իրենց փրկությունից։ Այսօր երբ լսեցի Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռի արտակարգ  վայրէջքի մասին, ինչպես ես, այնպես էլ բոլոր մարդիկ, մտածեցին, որ վեց տարի մանիպուլյացիոն հնարքներով  գոյատևող  ղեկավար կոչեցյալը  նոր մանիպուլյացիաներ է անում։ Բնական բան է, սուտ ասողի տունը կրակ է ընկնում, ոչ ոք չի հավատում։ Բայց հարցին կարելի է մոտենալ նաև այս տեսանկյունից։ Իսկ գուցե Աստծո կողմից վայրէջք կատարելու վերջին զգուշացու՞մն էր։ Աստծո  բազում, բազմահազար  խորհուրդներից փախչողին  նույնիսկ ապաշխարելու հնարավորություն է տրվում։