ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն կարող են ռեւերանս անել

ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն կարող են ռեւերանս անել

 «Հրապարակը» շարունակում է զրույցը կանադահայ իրավաբան, գրող Հայդուկ Շամլյանի հետ: 

-  Դուք մեր նախորդ հարցազրույցում ասացիք, որ Սրբազանը զորավոր անձնավորություն է: Նա կարո՞ղ է երկար կոնսոլիդացիա պահել քաղաքական տարբեր բեւեռների, իրար չսիրող ուժերի միջեւ: 

-  Այո, Սրբազանը զորավոր անձնավորություն է: Բայց մտահոգությունս է, որ հոգնության հարց կա: Նրա շուրջը կան մարդիկ, որոնք միամիտ չեն: Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում բեմի ետեւում` Սրբազանի եւ ընդդիմության մյուս ղեկավարների միջեւ: Այն,  ինչը որ տեսնում ենք, հուսադրիչ չէ: Եթե երազենք, որ Փաշինյանը հրաժարվեց, ո՞վ պետք է լինի անցումային կառավարության վարչապետը: Եթե այս կետը չհստակեցնի, նշանակում է, որ ընդդիմության մեջ կան ղեկավարներ, որոնք համաձայն չեն, որ ժամանակավոր իսկ կառավարության ղեկավարը լինի Սրբազանը: Պետք է վստահ լինենք, որ ընդդիմության պարագլուխները, իրենց կարգին, չեն փորձելու Սրբազանի տակը փորել, ոտքին տակ սապուն քսել,  մոզի փտած կեղեւներ նետել` «Կամ ե՛ս, կամ ո՛չ մեկը», քաղաքական դերակատարներու բնորոշ դավանանքով: Ընդդիմադիր դաշտը շատ բազմաշերտ է . Փաշինյանը կարող է իր դրածո ընդդիմադիրներին գործուղել այս շարժման մեջ: Սրբազանի շուրջը պետք է  շատ վստահելի, ուշադիր մարդիկ լինեն: 

- Բայց առանց այդ ուժերի հետ աշխատելու էլ հնարավոր չէ իրականացնել իշխանափոխություն: Նրանք մեծ ռեսուրսների են տիրապետում: 

- Ընդդիմադիր երկու հիմնական ուժերը պետք է նոր դեմքերով հանդես գան:  ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն պետք է ռեւերանս անեն:  Ես խոսում եմ իմ կուսակցության մասին` Դաշնակցությունը իսկական կուսակցություն է եւ անհատների հետ չի շփոթվում,  հետեւաբար դժվար  չէ, որ բոլորովին նոր դաշնակցականներ, որոնց հանրությունը չի տեսել, դուրս գան ասպարեզ եւ կանգնեն այս մարդու կողքին եւ օգնեն: Բոլոր կուսակցություններում էլ կան անհատներ, ովքեր ունեն մաքուր կենսագրություն, կապ չունեն նախկինների հետ, կանգնեն, օգնեն: ՀՀԿ-ն նույնպես կարող է որոշ ռեւերանս անել եւ նոր մաքուր դեմքերով հանդես գալ: Խնդիրը Քոչարյանի հարցն է. ինքը չունի կուսակցություն, չունի մարդկային ռեսուրսներ: Ես իր համակիրն էի, երբ նա բանտում էր: Միշտ գրում էի՝ ի պաշտպանություն նրա: Թեեւ իր ժամանակն անցել է: Ազնավուրն ունի միր երգ` սեղանից պետք է հեռանաս ժամանակին:  Մարդիկ կան, որ պետք է քաջություն ունենան` հեռանալ: Երբ նախկինները ուզում են նորից կառչել իշխանությունից, համայն հայությունը մտածում է, որ ուրիշ մարդ չունենք: Նոր դեմքեր են պետք, կամ, մարդիկ, ովքեր անցել են քավարանով: Օրինակ  Աշոտյանին չի կարելի շփոթել Սերժ Սարգսյանի հետ: Նա իր շուրջը կարող է նոր երիտասարդ դեմքեր համախմբել: Թուրքերը չեն սպասի, որ Հայաստանում նոր ընտրություններ լինեն, իմանալով, որ այս նվերները, որ ստանում են Փաշինյանից, այլեւս չեն լինելու: Մենք արդեն գիտենք, որ մեր միակ դաշնակցից որքան քիչ օգնություն ստացանք 2020-ի պատերազմի ժամանակ: Թուրքերը հաղթանակի գինովության մեջ են: Սա ոչ թե վախեցնելու, այլ տրամբանության խնդիր է: Իրենք էլ այսքան զոհեր տալուց հետո չեն ասելու, թե` լավ, հայերը մեղք են: Մեր դարավոր երազանքը Արեւմտյան Հայաստանը ազատագրելն է: Իրենց դարավոր երազանքը պանթուրանիզմի երազանքն է, որ թուրքական  ցեղերը իրար կապեն: Այդ միջանցքը կենսական է եւ գաղափարական, եւ գործնական իմաստով:  Այս կամ այն պարագայում հարձակվելու են: Այս կամ այլ կերպով փորձելու են ստանալ իրենց ուզածը` ներառյալ միջանցք կոչվածը: Սրանից ավելի վատ չի լինի: Բայց այսպես միակողմանի տալով չի լինի: Գոնե կռվելով տան: Դրա համար Սրբազանը պետք է ճիշտ հաշվարկներ անի, թե ովքեր են լինելու կառավարության կազմում, իր տեղակալները: