Խայտառակ ընդունելություն Կիրանցում

Խայտառակ ընդունելություն Կիրանցում

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն առավոտյան իր զորքով ու նազիր-վեզիրներով մեկնել էր Կիրանց` բնակիչներին համոզելու, որ ուրախ լինեն թշնամու հետ հարեւանության պայմաններում ապրելու համար, որ այն, ինչն ինքն անում է, «շուտվա» որոշված բան էր` Բրեժնեւն էր Կիրանցը տվել ադրբեջանցիներին: Դրան ի պատասխան կիրանցի կանանցից մեկը Փաշինյանին հրավիրել էր ընտանիքով գալ եւ ապրել իր տանը` ադրբեջանցիների դրացիությամբ: Փաշինյանն այստեղ արժանացել է շատ վատ վերաբերմունքի, ինչը թույլ չեն տվել նկարահանել տեղում աշխատող լրագրողներին: Նախ` նա սկզբում մոտեցել է գյուղում հավաքված մարդկանց, մարդիկ երեսները շրջել են ու չեն խոսել հետը: Հետո գնացել է եւ ծաղիկներ դրել զոհված ազատամարտիկների հուշարձանին: Սակայն, կիրանցեցի Սամվել Դավթյանը, ում երեք եղբայրները`Գոռ, Սուրիկ եւ Սպարտակ Դավթյանները նույնպես զոհվածներ են, մոտեցել է եւ հանդիսավորությամբ այդ ծաղիկները վերցրել եւ նետել աղբամանը: Իսկ վերջում խոնավ շորով մաքրել հուշարձանը, որին ձեռք էր տվել Փաշինյանը: Փաշինյանի հետ շատ կոպիտ է խոսել ԵԿՄ Կիրանցի նախագահ Հաղթանակ Նազարեթյանը: Վերջում էլ ասել է` լոլոներ մի կարդա գլխներիս:

Փաշինյանին ուղեկցել են Տավուշի մարզի վարչական շրջանների բոլոր ՔՊ-ական ղեկավարները, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատողները, անվտանգության աշխատողները: Հավանաբար, այնտեղ է եղել նաեւ Հ1-ի նկարահանող խումբը: Ու քանի որ այլ նկարահանող չի եղել` իրականությունն արձանագրելու համար, չի բացառվում, որ հանրայինով երեկոյան ցուցարրվի մի շինծու ռեպորտաժ, թե կիրանցեցիները ինչ ջերմ են ընդունել Փաշինյանին:

Իրինա Վանյան