Պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան

Պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ս. թ. մարտի 20-ին ՖԲ-ում գրել էի. «Ցեղասպան Ադրբեջանի ցեղասպան ծնողը՝ Թուրքիան խախտել և զավթել է երեք պետության՝ Կիպրոսի, Սիրիայի և Իրաքի սահմանազատված ու սահմանագծված «լեգիտիմ» տարածքից տասնյակ հազարավոր կիլոմետրեր՝ առանց երբևէ միջազգային լուրջ ճնշման ենթարկվելու։ ...ՄԻԱՅՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ՈՒՂԻՂ 50 ՏԱՐԻ ԳՐԱՎՎԱԾ Է ՊԱՀՈՒՄ 3355 ԿՄ²»։

Հիշեցնեմ, որ 1974 թվականին, խախտելով Փաշինյանի պաշտած սահմանագծերն ու սահմանասյուները, թուրքական բանակը ներխուժեց Կիպրոս, զավթեց այդ պետության տարածքի շուրջ 40 տոկոսը, հռչակեց այնտեղ խամաճիկային պետություն և կատարեց տեղի հույն բնակչության էթնիկ զտումը՝ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան միասին արեցին Արցախում 2020-2024 թթ.։

Եվ ահա պատահաբար աչքովս ընկավ այսօր (04.05.2024) Բուն TV-ով հեռարձակված «ՀայԴոկ. Անբաժանելի կղզի. Կիպրոսյան հակամարտություն» ֆիլմը, որը, փաստորեն, ոչ այլ ինչ էր, քան Կիպրոս թուրքական ներխուժման գրեթե անթաքույց ջատագովություն։ Ֆիլմն ամբողջությամբ թուրքամետ էր՝ հույները ներկայացված են որպես ագրեսոր, զավթիչ և արյունարբու, իսկ Կիպրոսում 1950-1970-ական թթ. բնակվող և կղզու 20% կազմող թուրքերը՝ որպես ճնշված, հալածված ու խաղաղասեր։ 1974 թ. թուրքական վայրագ ներխուժումը Կիպրոս պատկերված է որպես մի հարկադրված քայլ, որի նպատակն իբր թուրք խաղաղ բնակչության կոտորածը կանխելն էր։ Նույնիսկ հունական ուղղափառ եկեղեցիների հետագա վերածումը թուրքական մզկիթների ներկայացված է որպես դրական երևույթ, թե ահա, տեսեք, դրա շնորհիվ այդ շինությունները կանգուն են մնացել։

Ահա այսպիսին է ֆիլմի սցենարիստների՝ հայ Արա Շիրինյանի և ադրբեջանցի Գյունել Ալիևայի մեզ հրամցվող տեսակետը։ Արա Շիրինյանը նաև ֆիլմի ռեժիսորն է։ Հաստատ չգիտեմ, թե սա արդյոք նույն Արա Շիրինյա՞նն է, ով այսօր Հանրային հեռարձակողի՝ Հ1-ի խորհրդի նախագահն է։

Ֆիլմը նկարահանվել է դեռևս 2009 թ., այսինքն՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտության» և հակահայ «արձանագրությունների» ստորագրման բուռն փուլում։ Ֆիլմը ֆինանսավորել է, օ՜ զարմանք, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Կարծում եմ, պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին, երբ փաշինյանական խունտան Հայաստանը փորձում է դնել Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։

Այս տեմպերով շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով։ Հայաստանն էլ, հավանաբար, կդառնա Թուրքիայից հետո աշխարհում 2-րդ պետությունը, որը, առաջ անցնելով Ադրբեջանից, պաշտոնապես կճանաչի Հյուսիսային Կիպրոսի թուրքական ֆաշիստական կազմավորման անկախությունը...»։