Ովքեր իմ ցուցումները, հրահանգները լսելու ցանկություն ունեն, առաջիկայում կստանան․ Միքայել Աջապահյանը՝ շիրակցիներին

Ովքեր իմ ցուցումները, հրահանգները լսելու ցանկություն ունեն, առաջիկայում կստանան․ Միքայել Աջապահյանը՝ շիրակցիներին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը` կապված երկրում ստեղծված իրավիճակի ու անելիքների հետ, այսօր՝ կիրակնօրյա պատարագին, Յոթ Վերք եկեղեցում, դիմելով շիրակցիներին, ասաց․

«Ոչ մեկից գաղտնի չէ, որ երեկ մեր սիրելի եղբայրը՝ Բագրատ Սրբազանը, սկսեց իր երթը Տավուշից դեպի Երևան։ Այդ երթը հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն հավատքի եւ ընդդեմ ստի ու խաբեության է։ Անշուշտ, ամեն մարդ այդ ամենի ետևում ուզում է տեսնել գուցե անձնական, համազգային կամ համահայկական ակնկալիքներ, կտեսնենք, թե ինչպես իրադարձությունները կզարգանան։ Այս պահին Բագրատ Սրբազանն է վերցրել շարժման առաջնորդությունը ՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեությանը, ընդդիմանալու հրապարակային նվաստացմանը, միայն հացի համար ապրելու նվաստացմանը։ Ասում եմ, որ իմ սիրելի եղբայրն ունի իմ ամբողջական սատարումը, եւ այդ սատարումը գալիք օրերին ինչպիսի դրսևորում կունենա, իմ որոշելիքն է։ Ես երբեք որևիցե մեկի կողմնորոշումով ու թելադրանքով չեմ գործել։ Ինձ կարող է թելադրել Աստված՝ երկնքից, եւ Ամենայն Հայոց Հայրապետը՝ երկրի վրա։ Ես իմ որոշումը կայացնելու եմ ինքս, ինչպես ասացի, Աստծո թելադրանքով եւ Հայրապետի ուղղորդմամբ։ Բայց այն, որ ամբողջությամբ սատարում եմ Բագրատ սրբազանի ընթացքը, իմացեք։

Այսուհետ դուք կարող եք որոշել ձեր մասնակցության չափը կամ հետևել այն հրահանգներին, ցուցումներին, որ ես կարող եմ տալ այսօր կամ վաղը, կամ մյուս օրը։ Ովքեր ցանկություն չունեն ինձ լսելու, կարող են միանգամայն ազատ զգալ, իսկ ովքեր ունեն ցանկություն, նրանք առաջիկայում կստանան իմ ուղղորդումները։ Ինչպես միշտ սխալվել ենք ազգովի՝ բոլոր նախորդ տարիներին, որովհետև Աստծով չենք գործել, այս անգամ այդ սխալը չգործեք, մի մերժեք հոգևորականների ձայն ու խորհուրդները»։