Դատավոր Մասիս Մելքոնյանը դատավոր չէ, այլ կալանքի հաստոց

Դատավոր Մասիս Մելքոնյանը դատավոր չէ, այլ կալանքի հաստոց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը երկու ամսով կալանավորվեց: Արամ Զավենիչի կուսակցության նախկին անդամ դատավորը` Մասիս Մելքոնյանը վճռեց, որ Սուքոյանը խոչընդոտել է իշխանական «Civic.am» կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը, ուստի պետք է անպայման կալանավորվի՝ քրեական գործ հարուցելը բավարար չէ: 

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել՝ Սուքոյանը հարվածել է Դավիթ Լևոնյանին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին զրպարտչական բնույթի հրապարակումներ անելու համար: Արթուր Սուքոյանը մինչ կալանավորվելը տեսաուղերձում պատմել է մանրամասներ  տեղի ունեցած միջադեպից։ Տեսանյութում նա ասում է, որ լրագրողը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկել եկեղեցուն վարկաբեկելու իր «առաքելությամբ», որն իր համար անընդունելի է։ Սուքոյանը մոտեցել է եւ փորձել է դա բացատրել Լևոնյանին․ «Մոտեցա ու ասացի, որ երբ թիրախավորում են եկեղեցին և արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար, որպես հայ ու որպես քրիստոնյա, անընդունելի է։ Նրան ասեցի, որ երբ մարդը պիղծ բաներ է վերագրում եկեղեցուն և հոգևորականներին, դա բարոյազուրկ պրոցես է»,– տեսանյութում ասում է Արթուր Սուքոյանը։

Ըստ Սուքոյանի, ի պատասխան, Դավիթ Լևոնյանը մեղադրանքներ է հնչեցրել իր հասցեին, ինչին էլ ի պատասխան Արթուրը մեկ անգամ հարվածել է լրագրողին։ Ըստ քննչական կոմիտեի, այդ հարվածից Լեւոնյանը վայր է ընկել եւ վնասվել է նրա տեսախցիկը։ 

Փաստաբան Վահե Եփրիկյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին ասում է, որ մասնավոր խոսակցություններին չի կարելի վերագրել մասնագիտական գործունեության խոչընդոտում. «Դուք էլ եք լրագրող: Պատկերացրեք, վաղը ինչ-որ տեղ հանդիպում ենք և վիճաբանության մեջ ենք մտնում, ի՞նչ է ստացվում, որ ես խոչընդոտո՞ւմ եմ Ձեր մասնագիտական գործունեությանըԼ Կալանքի միջնորդություն քննելիս դատարանը պարտավոր է երկու հանգամանք հաշվի առնել, առաջին` առկա՞ է արդյոք կալանքի պայմանը, երկրորդ` կալանքի հիմքը: Այստեղ հարց է առաջանում արդյո՞ք անձի իրավաչափ վարքագիծն ապահովելու միակ տարբերակը անձին քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահելն է: Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունն ուղղակի աբսուրդ է: Դատավոր Մասիս Մելքոնյանն ինքնին դատավոր չէ, այդ մարդը կալանքի հաստոց է, ոչ թե դատավոր: Նա իշխանությունների ցանկություններն է միայն կատարում: Լրագրողի գործունեությանը խոչընդոտելը որքանո՞վ կարող է կապ ունենալ այս դեպքին: Լրագրողի հետ Ազգային ժողովի բակում շփվելը այլ բան է: Պատկերացրեք, Դուք լրագրողական գործունեություն եք ծավալում, ես հանդիպում եմ Ձեզ` լրիվ այլ հարցով ու ինչ-որ բան տեղի ունենա, ի՞նչ է՝ ես խոչընդոտո՞ւմ եմ Ձեր մասնագիտական աշխատանքին: Մասնագիտական գործունեության խոչընդոտումն այն է, որ, օրինակ, լրագրողը ցանկանար մուտք գործել Ազգային ժողովի շենք, իսկ Սուքոյանը նրան արգելեր: Օրինակ, մի քանի օր առաջ Կիրանցում խոչընդոտում էին լրագրող Անի Գևորգյանի գործունեությանը: Տավուշի մարզպետը արգելում էր լրագրողներին նկարահանել տեղի ունեցող պրոցեսները: Այ սրանք են մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը: Պետք է զանազանել անձը երբ է մասնագիտական աշխատանք կատարում և երբ ոչ: Այս պարագայում չկա որևէ հանցակազմ: Կալանքի հիմքերը բացակայում են: Ապօրինի ազդեցություն գործադրելով մարդկանց կալանքի տակ են պահում, դա աբսուրդ է»: