Պարեկը համազգեստի՞ց է ամաչում, թե՞ օրենքն ընտրողաբար կիրառելուց (տեսանյութ)

Պարեկը համազգեստի՞ց է ամաչում, թե՞ օրենքն ընտրողաբար կիրառելուց (տեսանյութ)

Այսօր Ֆրանսիայի հրապարակի` օպերայամերձ հատվածը հատեցի խախտելով երթեւեկության կանոնները` լուսացույցի կարմիր ազդանշանի տակ անցա փողոցը։ Անթույլատրելի է, իհարկե, բայց ո՞ւմ հետ չի պառահել։  Զուգահեռաբար ու րոպեի տարբերությամբ, նույն իրավախախտումը մի խումբ այլ քաղաքացիներ կատարեցին, բայց չգիտես` ինչու տեղում ծառայություն իրականացնող շրջիկ պարեկը միայն ինձ մոտեցավ ու առանց նախազգուշացման, ինչը պարտավոր էր անել, տուգանեց։ Չեմ վիճարկում արձանագրություն կազմելու իրավաչափությունը, իրավախախտման փաստն ընդունեցի` պատրաստակամություն հայտնելով վճարել տուգանք 3 հազար դրամը, բայց չստացա հոդաբաշխ պարզաբանում, թե ինչու օրենքը, որի առաջ բոլորը հավասար են, իմ աչքի առաջ նույն վայրում ու նույն պահին կիրառվեց ընտրողաբար։

Պարեկի կամընտրային մոտեցումն արձանագրեցի տեսախցիկով ու  պահանջեցի նույն խստությամբ պատժել նաև մյուսներին ու զավեշտ` պարեկը (համազգեստի համարը` 02921), որ կոչված էր հսկել երթևեկության կանոնների պահպանումը, քաղաքացիների իրավախախտման փաստը ներկայացնում էր` հղում անելով ոչ թե օրենքին, այլ իմ պահանջին։ Պարեկն իր համազգեստի՞ց,  թե՞ օրենքն ընտրողաբար կիրառելուց էր կաշկանդվում, անհարգալից տոնով մեղադրում, թե ներկայացում եմ սարքում ու կոմպլեքսավորվում` սպառնալով «հանկարծ դեմքս չնկարես ու սոցցանց չդնես», այդպես էլ  չհասկացա, բայց ի գիտություն  ՃՈ-ի ու Երևանի քաղաքապետարանի` Մոնթե Մելքոնյան փողոցում գտնվող «Վերածնունդ» թաղամասում մարդիկ ստիպված ամեն օր երթևեկության կանոն են խախտում`  հատելու համար արագընթաց ու վտանգավոր փողոցը։ Նրանք դա չեն անում շտապելու պատճառով  ինչպես ես` այսօր(սա, իհարկե, արդարացում չէ), բազմաբնակարան շենքերի բնակիչները հատում են փողոցը, քանի որ Երևանի քաղաքսպետարանը նրանց այլ ելք չի թողել` ծախսատար համարելով վերգետնյա անցումի կառուցումը և նպատակահարմար չհամարելով հետիոտնային գծանշումն ու լուսացույց տեղադրելը։

Հ.Գ. Լուսանկարում և կից տեսանյութում պարեկն է, որը սպառնում է` հանկարծ չնկարել։ Անցորդներին չթիրախավորելու համար չեմ հրապարակում այն տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են կարմիր լույսի տակ երկու պարեկի լուռ անտարբերության ներքո  քաղաքացիները նույն պահին ու նույն վայրում հատում փողոցը։