Քաղպայմանագիրը պատրա՞ստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը

Քաղպայմանագիրը պատրա՞ստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը

Հայաստանի վարչապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը: Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա բացատրեց, որ այս հարցը չի կարող քննարկման առարկա լինել։ Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի քաղաքացիները 2021 թվականին ընտրությունների միջոցով ձևավորեցին խորհրդարան, որը նշանակեց կառավարություն, որն ունի ղեկավար։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական, լեգիտիմ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, որոնք, ըստ նրա, տեղի կունենան 2026 թվականին։

«Օրերս կուսակցական ժողով է եղել, ինչը վկայում է այն մասին, որ վարչապետի շփումը քաղաքական թիմի հետ ակտիվ է։ Ինչի՞ շուրջ պետք է մտահոգություն լինի։ Վերջին 3-4 տարիներին, գարնանային տաք ֆոնի վրա, ընդդիմությունը նույն անհատներով ու տարբեր առաջնորդներով փորձում է երկրի ներսում գեներացնել տարբեր գործընթացներ, որոնք հաջողության չեն բերում»,- հավելեց պատգամավորը։