Ավա'ղ, խեղճ Յորիկ

Ավա'ղ, խեղճ Յորիկ

«Լրագրողը» շատ խեղճ ու տխուր տպավորություն թողեց։ Ինչքան շատ էր մոլորվում անգիր արած խոսքերի և մտքերի ոլորաններում, այնքան ավելի էի տխրում։ Իհարկե, նրանից առաջ, նույնատիպ դարակազմիկ մտքերն ավելի սահուն և «համոզիչ» ներկայացրել էր ՔՊ-ի չափազանց աշխուժակ քարտուղարը, որը պարզվում է` նախկին «լրագրող» է: Նա իր ճեպազրույցում համաժամանակյա կատարեց երկու դեր` դատախազի և փաստաբանի, սույնով առաջացնելով կայուն համոզվածություն, որ խեղճ «լրագրողին» վերագրվող կեղծ տվյալների և տեղեկատվությունների հեղինակությունը միասնական «շուստրի» մտքի արգասիք է։

Ագրեսիվ և ցինիկ երեսպաշտությամբ լրագրողներին նետված իրավական լուծումների հնարավորությունների մասին խոսքերը, որը մի քանի ժամ անց, դասը վատ սերտած աշակերտի պես կրկնեց խեղճ «լրագրողը», ցույց տվեցին, թե ովքեր են այդ տեղեկատվության "տերերը"։

Սույն «պետական գործիչը» կապկելով Լյուդովիկոս XlV-ին (Ֆրանսիան ես եմ), պատասխանելով լրագրողների հարցին` ընդդիմախոսի լեզուն ու ականջները կտրելու իր "ղասաբական" հակումների մասին, այն դարձրեց ամբողջ հայ ժողովրդի իղձը, կամքը և գործառույթը։ Ժողովրդական լեզվով ասած` գցեց ժողովրդի գրպանը (ինձ թվում է, որ արժե այս թեմայով սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել, թե ինչքանո՞վ հայ ժողովուրդը համամիտ ու հաշտ է այս դարակազմիկ մտքի հետ):

Ընթերցողի մոտ թյուր կարծիք չառաջանա, թե փորձում եմ արդարացնել լրագրողի վրա ֆիզիկական ներգործության փորձը։ Քավ լիցի։

Բայց սիրելի «լրագրող» (կներեք, չունեմ տեղեկատվություն ձեր մասնագիտական կրթություն ստանալու վայրի` alma mater-ի մասին), մի՞թե կեղծ տվյալների հասցեատիրոջը դատարան դիմելու առաջարկ անելուց առաջ, դուք պարտավոր չեք, ամենայն մանրամասնությամբ ճշտել փաստաթղթային հիմնավորումներով տրամադրվող տեղեկատվությունը առ այն, որ Սրբազանը КГБ -ի լրտես է և միլիոնավոր դոլարներ է ստացել այդ կազմակերպությունից (հետաքրքիր է` քեշո՞վ է ստացել, դեսպանատան միջոցո՞վ, գիշերվա քողի տա՞կ, սև սքեմ հագա՞ծ, սև ճամպրուկներո՞վ): Իսկ հետո էլ սև մեքենաներով տեղափոխելով Տավուշ (թե՞ Էջմիածին )։ Կամ գուցե միջազգային բանկերի խորամանկ ցանցերի՞ միջոցով։

Հետո կարելի էր ասել, որ այդ գումարները տրամադրվել են` բացի Կիրանցի «ապստամբներից», նաեւ Տավուշի լեռներում ծվարած մարդակերներին, համասեռամոլներին, տրանսգենդերներին...
Իսկ ինչո՞ւ ոչ։ Դատարանի տեղը հո գիտե՞ն։ Թող դիմեն դատարան։

Հարգելի «լրագրող», դուք այդ մեծ, կեղտոտ խաղի մեջ, մի փոքր լումա էլ չեք։ Հոգու վրա պետք չի մեղք վերցնել։

Աշխուժակի և «լրագրողի» օրինապաշտությունն ու ամեն գնով իրավական հարթության մարմաջը, հատկապես շփոթված խոսքերն առ այն, որ հարվածից հետո ինքը հասկացավ, որ պետք չէ հարվածով հարվածին պատասխանել, որպեսզի դատարանում ունենալ ավելի ուժեղ դիրք (ուղղակի հետեւից հասցրեց հայհոյել), մի հին հումոր հիշեցրեց։
Տղամարդը պատահական մեկին հրավիրում է իր տուն։ Կինը սեղան է դնում  խմիչք, ուտելիք։ Մի լավ խմելուց հետո, հյուրը որոշում է, որ հրաժեշտ տալուց առաջ պետք է ամբողջացնի հաճույքների շրջանը։ Մի խոսքով բռնում է տիկնոջ թևից և ստիպելով քարշ տալիս կողքի սենյակ։ Մինչ այդ` կավիճով գծում է շրջան, ամուսնուն կանգնեցնում դրա մեջտեղում և կարգադրում, որ եթե համարձակվի գիծը խախտել` խստորեն պատժվելու է։ Մի որոշ ժամանակ հետո, դուրս է գալիս ննջասենյակից, ևս մի բաժակ օղի կլլում ու հեռանում։ Մի քիչ հետո` արցունքները սրբելով, երեւում է տանտիկինն ու սկսում ամոթանք տալ ամուսնուն, թե դու ի՞նչ տղամարդ ես, որ նույնիսկ փորձ չարեցիր իմ պատիվը պաշտպանել։
Ամուսինը շփոթվում է, հետո, թե այ կնիկ, դու ինչի՞ց ես խաբար, էդ անտեր գիծը երկու անգամ խախտել եմ։

Դավիթ, Դավիթ.... Էստեղ են ասել` շեն անուն, ավեր քաղաք!

Աշոտ Նազարյան