Ուզում եմ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռետեսությանը, ուզում եմ այս անգամ ինքը ինձ հաղթի

Ուզում եմ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռետեսությանը, ուզում եմ այս անգամ ինքը ինձ հաղթի

Այս պահին տավուշցիները Կիրանցից շարժվում են դեպի Երևան՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին հարցրինք, թե ի՞նչ կմաղթի Բագրատ սրբազանին ու տավուշցիներին։ Միքայել սրբազանն ասաց, որ հաջողություն է մաղթում․ «Ինչ նպատակ որ դրել են իրենց առաջ, թող այդ նպատակը իրականանա»,- պաատասխանեց Միքայել սրբազանը։

Նրանից կարծիք հարցրինք՝ արդարացվա՞ծ է շարժումը Տավուշից Երևան բերելը, Միքայել սրբազանը պատասխանեց․

«Հարցը Երևանում է լուծվելու, դա Տավուշում լուծվելիք հարց չէ, դա Տավուշի մարզպետարանի լուծելիք հարցը չէ, այդ հարցի լուծումը Տավուշի մարզպետարանի իրավասության ներքո չէ, Երևանում է, ուրեմն եթե տավուշցիները պահանջում են ու Երևանը չի լսում, ուրեմն իրենք պիտի գան Երևան։ Դա է տրամաբանությունը»,- պատասխանեց Շիրակի թեմի առաջնորդը։

Միքայել սրբազանին հիշեցրինք իր խոսքերը, որ ինքը հոռետես մարդ է, իսկ Բագրատ սրբազանը, ի տարբերություն իրեն, լավատես է, ապա հարցրինք՝ ի՞նչ է կարծում՝ այս անգամ Բագրատ սրբազանի լավատեսությունը ճի՞շտ դուրս կգա, թե՞ իր հոռետեսությունը․

«Ես մաղթում եմ, որ իր լավատեսությունը հաղթի իմ հոռետեսությանը։ Ես այստեղ ուզում եմ պարտություն գրանցել, մե՜ծ ցանկություն ունեմ պարտություն գրանցելու»,- պատասխանեց սրբազանը։