Այնպիսի տոտալիտար ու արնախում համակարգեր են հանձնվել ժողովրդի պահանջի դեպքում, Նիկոլ Փաշինյանը հեռանալու է

Այնպիսի տոտալիտար ու արնախում համակարգեր են հանձնվել ժողովրդի պահանջի դեպքում, Նիկոլ Փաշինյանը հեռանալու է

«Հրապարակի» զրուցակիցն է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

-Վերջին երկու օրերին հատկապես համացանցում քննարկումներ են գնում, որ շարժման տեմպը թուլանում է: Գուցե ինչ-որ պրոցեսներ են գնում, որոնց մասին չեք բարձրաձայնում:

-Բացարձակապես նման բան չկա, ուղղակի մենք սովոր ենք շարժման թափի մասին դատել միայն մարդկանց քանակով, օրինակ Հրապարակում հավաքված։ Սա ևս չափիչ է շատ կարևոր, բայց սա սրա մասին չի։ Այս պահին ամեն օր շարժմանը միանում են տարբեր շերտերի ներկայացուցիչներ, տարբեր համայնքներից՝ սկսած ինստիտուտներից, վերջացրած մինչև տարբեր-տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Այս պրոցեսն անընդհատ ու ինտենսիվ գնում է, և հակառակը, հիմա մենք այս ամեն ինչը նաև միասնական համակարգելու խնդիր ունենք՝ ապահովելով սրա ներառականությունը։ Եվ սրանով է պայմանավորված, որ շարժումը ոչ միայն չի մարում, այլ հակառակը, ինչպես արդեն նշեցի՝ օր օրի ավելի է մեծանում, ավելի ընդգրկուն է դառնում, ուղղակի այս ամեն ինչը պետք է ճիշտ կարողանալ համակարգել, որ բոլորս մի ուղղությամբ միաժամանակ գնանք՝ սրա մասին է խոսքը։ Ամբողջությամբ հակառակ պրոցեսն է տեղի ունենում, իսկ մոտ օրերին, որ կլինի հանրահավաք, այս բոլոր հարցերի պատասխանները նաև մարդկանց քանակով ու մնացածով, կարծում եմ շատ հարցերի պատասխաններ միանգամից կտա։

-Երբ Բագրատ Սրբազանը հայտարարեց իմպիչմենտի մասին, նաև այս մասով քննարկումները երկու բանակի բաժանվեցին` կողմ և դեմ: Ի վերջո, դա Հրապարակում հավաքված մարդկա՞նց պահանջն էր, թե՞ դրա հիմքում քաղաքական հաշվարկ կա։

-Տեսեք, ուրեմն ամենակարևորը հանրային լայն զանգվածի ճնշումն է՝ սա է հիմնական գործիքակազմը, իսկ մնացածը կարելի է ասել տեխնիկական խնդիր է պայմանական մասով։ Ինչ գործընթաց էլ անենք, միևնույն է, դրա հիմքում պիտի լինի հանրային լայն կոնսոլիդացիան և լայն պահանջը հասարակության կողմից։ Իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց է՝ անվստահություն հայտնելը կլինի,թե մյուսը կլինի, թե մյուսը։ Բոլորի պահանջը համատարած՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է պետականության անկումը կասեցնելն է և այդ նորի ձևավորումն է՝ բոլորի պահանջը համատարած սա է։ Եվ սրա համար միակ գործիքակազմը, միակ հենարանը լինելու է ժողովուրդը՝ միակ, այսինքն լայն շերտերի կոնսոլիդացիան։ Իսկ դա կլինի, պայմանական ասած, անվստահության տեսքով, կլինի` մի փոքր այլ տեսքով սահմանադրության, սահմանադրականության շրջանակներում բնականաբար, սա տեխնիկական խնդիր է։ Կարևորն այն է, որ այս հստակ օրակարգերի շուրջ մեծ աջակցությունը կա։ Մեզ մնում է այս ամեն ինչը կապիտալիզացնել՝ ուրիշ ոչ մի բան, հետևաբար իմաստ անգամ չկա այս անվստահության օրակարգի վրա կենտրոնանալը՝ դա գործիքներից մեկն է ընդամենը։

-Քննարկումներից պարզ է դառնում, որ մարդկանց մի մեծ զանգված պատրաստ է կտրուկ գործողությունների և չտեսնելով այդ կտրուկ գործողությունները, կարծես թե հուսալքվում են, հոգնում են և օրինակ են բերում երեկ Կիրանցում տեղի ունեցածը, ասում են բողոքի ցույցերը գնում են, բայց Փաշինյանն իր սև գործն անում է։

-Պետք է նախ հասկանանք կտրուկ ասելով ինչ նկատի ունենք։ Մենք շատ ենք սիրում ամեն ինչ շատ արագ ու միանգամից, հենց այս պահին լինի, իշխանության փոփոխությունն այդքան հեշտ, այդքան արագ արվող գործընթաց չի։ Մենք երբեք չենք գնացել բռնի ճանապարհով, ոչ էլ հակասահամանադրական, չենք էլ գնալու։ Նախ այդ կտրուկը պետք է հասկանանք որն է, ինչ նկատի ունեն։ Իմ խորին համոզմամբ, երբ որ ասում են կտրուկ, իրենք ավելի շատ նկատի ունեն որոշակիություն, հստակություն և կոնկրետ արդյունքներ, որը անպայման լինելու է առաջիկա հավաքին՝ և որոշակիություն է լինելու, և հստակություն և բոլոր հարցերի պատասխանը՝ սա հստակ է։

-Այսինքն, ճանապարհային քարտեզ։

-Անպայման, սա լինելու է հենց առաջին մոտակա հանրահավաքի ժամանակ հարթակից հայտարարվելու է և բոլոր հստակությունները մտցվելու են։ Եվ ըստ դրա արդեն՝ այդ քայլերի մեջ, և որոշակիություն է լինելու, և վճռականություն է լինելու, և չափելիությունն է ավելի պարզ լինելու։

-Վարչապետի թեկնածու է այս պահին դիտարկվում Բագրատ սրբազանը, նրա երկքաղաքացիությունը չի՞ խանգարի, թե երկրի փրկության համար այդ կետը որոշվել է անտեսել:

-Ես անկեղծ եմ, այդ մասով Ձեզ սպառիչ պատասխան տալ չեմ կարող, որովհետև ես սահմանադրական իրավունքի մասնագետ չեմ։ Ես կարող եմ ասել, որ այս պահին միակ ընդունելի և այլընտրանք ուղղակի չունեցող թեկնածուն, որը բնական կերպով է դարձել առաջնորդ՝ դա Բագրատ սրբազանն է։ Իսկ թե սահմանադրական առումով որքանով է դա խնդրահարույց կամ խնդրահարույց չի, ես դրան չեմ կարող պատասխանել, քանի որ սահմանադրական իրավունքի մասնագետ չեմ։ 

-Դուք ասում եք, որ պետք է հասնել Փաշինյանի հեռացմանը իրավական ճանապարհով, բայց բոլորս էլ գիտենք, որ իր պարագայում միշտ կարմիր գծեր են հատվում։ Ի վերջո, ինչպե՞ս է հեռանալու Փաշինյանը, ում համար խնդիր չէ նոր կարմիր գծեր անցնելը։

-Դուք հավատացած եղեք, հանրային այն պահանջի արդյունքում ուզում է լինի Նիկոլ Փաշինյանը, ուզում է լինի աշխարհի ամենավերջին բռնապետը, որին պատմությունը շատ անգամներ մեզ հրամցրել է, իր ժողովրդի լայն զանգվածների պահանջի դեպքում բոլորը անզոր են՝ սա անպայման իմացեք։ Այնպիսի տոտալիտար վարչակարգեր են հանձնվել ժողովրդի պահանջի առաջ, որ չեք էլ պատկերացնում, այնպիսի տոտալիտար, արնախում, որ չեք էլ պատկերացնի։ Դրա համար մենք անընդհատ ասում ենք՝ մեր կողմից երևիցե չի լինելու որևէ սադրանք, բռնություն։ Դուք մի արեք, մի սադրեք, մի գնացեք սրացման՝ այս ամեն ինչը նաև ձեզ համար է, այս հաշտության կարիքը առաջին հերթին դուք եք ունենալու, որորվհետև այս ամեն ինչը, միևնույնն է, ինչ-որ ժամանակ հետո ավարտվելու է։ Սա առաջին հերթին ձեզ համար է, այս գործընթացը կասեցնել չի լինելու։ Մենք վրեժ չունենք, թշնամանք չունենք ձեր նկատմամբ, ուղղակի դուք թողեք, հեռացեք, բոլոր երաշխիքներով հանդերձ, բոլոր հնարավոր մեթոդներով, բայց թողեք և հեռացեք՝ մի տարեք սրման։ Անվտանգության մասով խնդիր չունեք անգամ մտածելու, որ դրանից վախենալով ձեր անվտանգության համար տանեք խնդիրը վերջնական սրման՝ փորձելով երկարացնել ձեր պաշտոնավարումը, մի արեք, թշնամանք չկա, սա հաշտության մասին է։ Իմաստ չկա․ այս հաշտությունն առաջին հերթին իրենց է պետք։