Մանրամասներ Բագրատ Սրբազանի կենսագրությունից

Մայիսի 12-ի հանրահավաքը գերազանցեց բոլոր սպասելիքները` իր բովանդակային ու որակական առումներով: Բագրատ Սրբազանը իրար խառնեց ոչ միայն ալիեւափաշինյանական ծրագրերը, այլեւ` տարածաշրջանային խաղաքարտերը: Իշխանական քարոզչությունը արդեն տեւական ժամանակ Սրբազանին մեղադրում է իր հոգեւոր կյանքը թողած` աշխարհիկ գործերին խառնվելու համար: Թեեւ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ անելանելի իրավիճակներին Հայաստանը ելք է գտել Եկեղեցու, հոգեւոր դասի նախաձեռնությամբ: Բագրատ Սրբազանը ապացուցեց, որ բացի իսկական հոգեւորական լինեուց, նաեւ լավ քաղաքագետ է, պատմաբան, դիվանագետ եւ ունի ապագա Հայաստանի իր տեսլականը: Իհարկե, հոգեւորականները հիմնականում կիրթ մարդիկ են, սակայն այս բոլոր որակները ոչ բոլորն են համադրում իրենց մեջ: Ինչու՞մն է Բագրատ Սրբազանի գաղտնիքը, որ կարողացավ թմբիրից հանել հուսահատության ու անտարբերության մեջ գտնվող ազգին: Այդ գաղտնիքի ծայրը ցույց տվեց ինքը` Սրբազանը, իր ելույթում ասելով, որ եղել է ԱԻՄ-ական:
Երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, շատերը անակնկալի եկան: Հատկապես նրանք, ովքեր հակված են հավատալու, թե Բագրատ Սրբազանը «Կրեմլի ագենտ» է: Ինչպե՞ս կարող էր Հայրիկյանը, ով ողջ կյանքում պայքարել է անկախության եւ «ԿԳԲ-ի ագենտուրայի» դեմ, միանալ «Կրեմլի ագենտի» շարժմանը: Պարզվում է, որ նրանք վաղեմի գաղափարական ընկերներ են:
Երբեմնի ԱԻՄ-ական, Արամազդ Զաքարյանը, ով որոշակի ժամանակ եղել է նաեւ կուսակցության նախագահը, հետաքրքիր մանրամասներ պատմեց Բարգատ Սրբազանի պատանեկության ու երիտասարդության տարիներից: «1988թ-ին, երբ սկսվել էր ազգային ազատագրական պայքարը, չգիտես ինչու, որոշ մարդիկ դա համարում էին Ղարաբաղյան պայքար: Բայց, դա ազգային ազատագրական պայքար էր: 1988-ի միլիոնանոց հանրահավաքում բոլորը գոռում էին` «Լենին, պարտիա Գորբաչով», մենք անկյունում մի 30 հոգի գոռում էինք` «Անկախություն»: Բոլորը շուռ էին գալիս` էս ով եք արա, և սկսում էին քաշքշել: Մենք բացատրում էինք, որ մենք պետք է անկախ պետություն դառանք, որ մեր հարցերը ներկայացնենք միջազգային ասպարեզում: Հայրիկյանն այդ ժամանակ արդեն Հայաստանից վտարված էր: Եթե հիշում եք` 1988թ-ի մարտին Հայրիկյանին ձերբակալեցին, հետո վտարեցին Հայաստանից: ԱԻՄ-ը այդ ժամանակ ղեկավարում էր Մովսես Գորգիսյանը: Մենք ընդհատակյա գործունեություն էինք ծավալում: Քաղաքի տարբեր տեղերում ունեինք տարբեր շտաբներ, մեր ընկերների տներն էին դրանք, այդ թվում նաեւ Բագրատ Սրբազանի հորեղբոր տղայի` վաղամեռիկ մեր ընկեր, նույնպես հոգեւորական Տեր Մարտիրոսի տունը: Մենք հավաքվում էինք իրենց տանը, բաժանվում էինք խմբերի` տարբեր աշխատանքներ կատարելու, թռուցիկներ եւ «Անկախություն» թերթը բաժանելու համար: Մեր լավագույն ընկերներից էր նաեւ Վահեն` Բագրատ Սրբազանի եղբայրը, ով ակտիվ գործունեություն էր ծավալում, իսկ հիմա ԱՄՆ-ում է: Օրերից մի օր նա իր հետ բերեց իր կրտսեր եղբորը` Վազգենին: Սրբազանի աշխարհիկ անունը Վազգեն է: Սրբազանն այդ ժամանակ 16-17 տարեկան տղա էր: Վահեն ասաց, որ իր կրտես եղբոր դասարանում լավ ակտիվ խումբ է ձեւավորվել իր շուրջ: «Այն, ինչը ես ասում եմ, մեր գրքերը տանում եմ, եղբայրս նույնպես ակտիվ ուսումնասիրում է եւ իր շուրջը հավաքել է ակտիվ տղաների: Փոքր են, բայց մեզ գաղափարակից են, իրենց էլ մտցնենք այս աշխատանքների մեջ, թռուցիկներ բաժանեն»-ասաց Վահեն: Ես ասացի, որ խնդիր չկա, երտասարդ սերունդը պետք է մասնակից լինի այս գաղափարախոսությանը: Ու այսպես, Սրբազանը դարձավ մեր գաղափարակիցը, մեր պայքարի կրտսեր ընկերը:
Հարցին թե ինչպես Վազգենը դարձավ հոգեւորական, Արամազդ Զաքարյանը պատմեց.«Մի օր մենք որոշեցինք, որ անկախության գաղափարախոսության թռուցիկներ պետք է տանեինք եւ բաժանեինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ճեմարանում: Ես ասացի, որ ավելի պատրաստված մարդիկ պետք է գնան, որ եթե հոգեւոր սպասավորների հետ վիճաբանություն լինի, չտապալեն: Չէ՞ որ այդ տարիներին անգամ մեր հոգեւոր սպասավորներն էին խուսափում անկախության մասին խոսել: Որոշեցինք, որ Վահեն պետք է տանի թռուցիկները, որ եթե անգամ չուզենան վերցնել, դնի Ճեմարանի սրահում, ով կցանկանա` կվերցնի: Այդ ժամանակ երտասարդ Վազգենը` Բագրատ Սրբազանն, ասաց.«Թույլ կտա՞ք ես էլ գնամ եղբորս հետ»: Ես ասացի, որ խումբն արդեն պատրաստ է, Վահեն` իր եղբոր հետ:...Տարիներ անց, որքան հիշում եմ 1992 -ին, լավ չեմ հիշում, ինքը ընդունվեց Ճեմարան: Հետո ինքը պատմեց, որ իր` հոգեւորական դառնալու շարժառիթը դարձավ այն, որ ինքը այդ թռուցիկները տարավ ճեմարան: «Հենց ներս մտա, ինձ ինչ-որ մի գերբնական ուժ ասաց, որ իմ տեղն այստեղ է, ես պետք է գնամ Ճեմարան»,- պատմում էր Սրբազանը: Դրանից հետո` 1992-94 թթ-ին Բագրատ Սրբազանը գալիս էր մասնակցում մեր հանրահավաքներին արդեն հոգեւորականի հագուստով: Կարծեմ` սարկավագ էր: Իր աղոթքով էինք սկսում մեր հանրարահավքները: Ինքը իր էությամբ անկախական է: Եվ դրան գումարվել է իր բարձր կրթությունը, մարդկային բարձր արժեքները, բարոյական բոլոր չափանիշները: Հայրենասիրություն, անկախություն եւ մարդկային բարձր հոգեւոր արժեքներ` միասին արդեն հզոր ուժ է»:
Կարծիքներ